«Ադրբեջանն ավելին է ուզելու ամեն իր պահանջի կատարումից հետո» | Region

«Ադրբեջանն ավելին է ուզելու ամեն իր պահանջի կատարումից հետո»

Փետրվար 20,2024 11:22

Արցախահայության ձայնն աշխարհին հասցնելու համար Հայաստանի ու Սփյուռքի գործիչները միավորվել են, ստեղծվել է հանձնախումբ, որը զբաղվելու է միջազգային հարթակներում արցախահայության իրավունքների ու խնդիրների բարձրաձայնմամբ:

Հանձնախմբի ղեկավարն է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Խմբի անդամ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են աշխարհին ցույց տալու, որ Ադրբեջանի իրական նպատակն էր Արցախի հայաթափումը: Նա միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունն է հիշեցնում Լաչինի միջանցքի շրջափակման օրերին. Օկամպոն պնդել էր՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է 120 հազար հայերի ցեղասպանությունը:

«Մեր նպատակը հիմնականորեն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանությունն է միջազգային զանազան հարթակներում»,-հայտարարեց Կարապետյանը:

Նրա համոզմամբ՝ վերադարձի իրավունքը պետք է ապահովվի միջազգային հստակ երաշխիքներով: Հանձնախումբն արդեն դրական առաջարկներ ստացել է տարբեր կողմերից, դեմ չեն համագործակցել նաև Հայաստանի իշխանության հետ:

«Խաբկանք է կարծել, որ Արցախի ժողովրդի անունը չտալով՝ հնարավոր պիտի լինի Ադրբեջանին համոզել, որ ստորագրի խաղաղության համաձայնագիր»,- ընդգծեց սփյուռքահայ գործիչը: Կարապետյանը վստահ է՝ Ադրբեջանն ավելին է ուզելու ամեն իր պահանջի կատարումից հետո:

Նորություններ