Բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը. Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունը | Region

Բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը. Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունը

Փետրվար 24,2024 13:59

«Սիներջ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, գործարար համայնք,

Այս ուղերձը հղում եմ իբրև երախտիքի խոսք՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում իմ ընտանիքի ու իմ թիմի կողքին են կանգնել:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՏՏ և ամբողջ գործարար համայնքի իմ հարգարժան գործընկերներին միասնականության համար: Երախտիքս ուղղում եմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր, անկախ հայացքներից ու մոտեցումներից, դուրս եկան իրենց հարմարավետության գոտուց և խոսեցին հանուն արդարության:

Այս վերաբերմունքն ու միասնականությունը, անխոս, ինձ ավելի են պարտավորեցնում` շարունակելու ծառայել մեր երկրին և նպաստել ՏՏ ու գիտական ոլորտի զարգացմանը: Ինչպես շատերդ գիտեք՝ Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ ընկերությունը հիմնել եմ դեռևս 1997 թվականին՝ ԱՄՆ-ում, իսկ արդեն 1999 թվականին բացել եմ ընկերության մասնաճյուղը Հայաստանում՝ մեր հայրենիքի համար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ քչերն էին համարձակվում ներդրում կատարել՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Բազմաթիվ են պատմություններն ու օրինակներն աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող մարդկանց մասին, որոնք Սիներջիից ոգեշնչված և մեր գրանցած հաջողությունների օրինակով՝ իրենց ընկերությունները բացեցին Հայաստանում՝ դրանով իսկ մեծ թափ հաղորդելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների՝ որպես գերակա ճյուղի զարգացմանը։

Այսօր ես և ոլորտի մյուս առաջամարտիկները մեծ պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների առաջ՝ ոգևորելու նրանց, հավատ ներշնչելու և ճանապարհ ցույց տալու: Այդ ճանապարհը հուշում է, որ պետք է շարունակել արարել ու հաջողել Հայաստանում` անկախ անարդարություններից, որոնք ժամանակավոր են ու կպարզվեն վստահաբար: Այդ տեսանկյունից մեծ հարվարծ էր առանց իրողությունների խորքային վերլուծության ոչ իրավաչափ քրեական հետապնդումն իմ հանդեպ, այն էլ՝ խստագույն խափանման միջոցով. ասես Աշոտ Հովհաննիսյանն այն անձն է, ով երբևէ կարող է թաքնվել որևէ քննությունից կամ խոչընդոտել նախաքննական պրոցեսներին: Իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը վկայությունն են այն հանգամանքի, որ ես միշտ ներկայացել եմ բաց ճակատով: Հավատում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլորին ակներև կլինի իմ անմեղությունը և նաև այն, որ նախարարության աշխատակիցները չեն ունեցել որևէ անձնական շահ, այլ, իմ համոզմամբ, առաջնորդվել են հենց պետական շահով: Այսքանով կսահմանափակվեմ, թերևս:

Միաժամանակ, ուզում եմ կարևորից խոսել. Սիներջիի անձնակազմի հետ շարունակում ենք մեր լայնածավալ նախագծերը և նոր գաղափարների շուրջ աշխատանքները։ Կհանդիպենք գործարար միջոցառումներին, հասարակական քննարկումներին, Երևանի համերգասրահներում և այլուր. պիտի շարունակեմ աշխատել ու նպաստել մեր ոլորտի զարգացմանը: Շնորհակալություն, որ միասնական ենք: Ձեր` տ.գ.թ.. Աշոտ Հովհաննիսյան»։

Նորություններ