«Ադրբեջանը չի պարտավորվել վերադարձնել հայ ռազմագերիներին։ Ավելի լավ լուծումներ, քան գտնվել են ԱՄՆ-ի օգնությամբ, դժվար էր պատկերացնել։ ԱՄՆ Ադրբեջանում հսկայական շահ ունի»․կարծիքներ վաշինգտոնյան հռչակագրի մասին | Region

«Ադրբեջանը չի պարտավորվել վերադարձնել հայ ռազմագերիներին։ Ավելի լավ լուծումներ, քան գտնվել են ԱՄՆ-ի օգնությամբ, դժվար էր պատկերացնել։ ԱՄՆ Ադրբեջանում հսկայական շահ ունի»․կարծիքներ վաշինգտոնյան հռչակագրի մասին

Օգոստոս 09,2025 15:00

Վաշինգտոնում երեկ ստորագրված եռակողմ հռչակագրի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում չեն դադարում քննարկումները։ Փորձագետներն ու քաղաքագետները, տարբեր մասնագետներ կարծիքներ են գրում։

Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է՝  այս պահի դրությամբ, վերջին հաշվով կարծես թե ունենք հետևյալը՝

Ա) Ադրբեջանը չի պարտավորվել դուրս գալ այն տարածքներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը համարում է իրենը` ըստ Նիկոլ Փաշինյանի 29,743 քկմ լենինյան սահմանների։

Բ) Ադրբեջանը չի պարտավորվել վերադարձնել հայ ռազմագերիներին։

Գ) Ադրբեջանը չի պարտավորվել փոխադարձ կարգով բացել կոմունիկացիաներ և ճանապարհ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը օրինակ Երասխ֊Նախիջևան հատվածով՝ ըստ էության պահպանելով բլոկադայի ռեժիմն ու տրամաբանությունը։

Դ) Ադրբեջանը չստորագրեց վերջնական խաղաղության պայմանագիր ՀՀ հետ և պաշտոնապես չհրաժարվեց առկա և հետագա պահանջներից, դրա փոխարեն եռակողմ տեքստի մեջ մտցնելով «ռևանշի» անթուլատրելիության Հայաստանի պարտավորվածությունը` արդեն իսկ ԱՄՆ նախագահի ստորագրմամբ։

Ե) Ադրբեջանը հասավ նրան, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիա կիրառելու արդյունքում առաջացած ու 34 տարի գոյություն ունեցող ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։

Զ) Ադրբեջանը իր ստորագրությունը դնելով Հայաստան-ԱՄՆ TRIPP-ի կոնսորցիումի ստեղծման փաստաթղթի տակ, որով Հայաստանը պարտավորվեց «անխափան ճանապարհ» տրամադրել Ադրբեջանին` դարձավ դրա լեգիտիմ փայատեր։ Այլ կերպ ասած` ձեռք բերեց իրավունք ՀՀ տարածքի ներսում միջանցքային տրամաբանությամբ ճանապարհի ռեգուլացիայի ձևավորման վերաբերյալ, էլ ավելի նեղացնելով Հայաստանի արտաքին քաղաքական մանևրականությունը։

Է) Ադրբեջանը նոր ավելի բովանդակալից ու բազմաշերտ Ադրբեջան-ԱՄՆ նոր բնույթի ռազմավարական գործընկերության հիմք դրեց։

Ը) Սկիզբ դրեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարմանը` լեգիտիմացնելով այս նպատակը Հայաստանի ստորագրմամբ ու պարտավորվածությամբ։

Այլ հարց է, թե այս ամենը իրական գետնի/֊հողի վրա ինչպե՞ս կարող է աշխատել։ Կարո՞ղ է արդյոք, թե սա հիմք է դառնալու էլ ավելի մեծ խնդիրների։

Բացի այդ, պարզ չի, թե ինչ կարող է լինել պրինակ Թրամփի էլ նախագահ չլինելուց հետո։

Ի վերջո, այս վաշինգթոնյան եռակողմ հանդիպման հետևանքով միջազգային հարաբերությունների պատմության մեջ ու արտաքին քաղաքականության որպես մասթեր֊կլասի հետազոտական քեյս մտնելու է մեկ մարդու` Իլհամ Գեյդարիչ Ալիևի կերպարն ու իր գլխավորած պետության գործորդական հմտությունների ուսումնասիրությունը։

Իրականում` հենց նրա և ոչ մնացած երկուսի աստղային ժամն է, եթե օգոստոսյան այս հանդիպումը դատենք-գնահատենք աշխարհաքաղաքական միջնաժամկետ ու երկարաժամկետ հետևանքների պրիզմայով։

 Վահրամ Աթանեսյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն էլ նույն թեմայով գրել է․«Լավ, մարդ ինչքա՞ն պիտի «խորագիտակ քաղաքագետ» լինի, որ ասի, թե Վաշինգտոնում երեկ Ադրբեջանը չի պարտավորվել դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից: Իսկ Հայաստանը պարտավորվե՞լ է դուրս գալ դե-յուրե Ադրբեջանին պատկանող տարածքներից: Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանները ճանաչում են Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ այն սահմաններում, որ ունեցել են ԽՍՀՄ կազմից իրավաբանորեն դուրս գալու պահի դրությամբ: Ահա այդ սահմաններն էլ պետք է վերականգնվեն, վերահաստատվեն սահմանագծման եւ սահմանազատման մասին երկկորղմ պայմանագրով: Իսկ դա կարող է տեւել տարիներ: Վրաստանը եւ Ադրբեջանը, չնայած միջպետական փայլուն հարաբերություններին, առայսօր սահմանանշման եւ սահմանազատման գործընթացը դեռ ավարտին չեն հասցրել»։

Աթանեսյանը մեկ այլ  գրառմամբ էլ նշել է․«1990 -ականների վերջերից Ադրբեջանում Միացյալ Նահանգները կատարել են 18 միլիարդ դոլարի ներդրումներ: Նույն տարիներին Հայաստանում ԱՄՆ-ը ներդրումներ կատարե՞լ է: Ոչ: Որովհետեւ Հայաստանը նստած էր «Սյուփյուռքը տարեկան 500 միլիոն դոլար ներդուրումներ կկատարի» դաշնակցա-ուռահայրենասիրական քարոզչության «ասեղի» վրա: Իհարկե, ԱՄՆ համար Ադրբեջանն ավելի առաջնային է: Որովհետեւ այնտեղ հսկայական շահ ունի: Իսկ Հայաստանը քառորդ դար ինքնախաբվել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի եւ մի քանի կոնգրեսականի հնարած «հայանպաստ գործունեությամբ»: Գործնական քաղաքականությունն, այո, շատերի համար է ցավոտ: Չէ՞ որ զրկվում են տարեկան տասնյակ, հարյուր միլիանովոր դոլար «վասն հայրենյաց» հանգանակելու եւ մի քանի աննշան միջոցառումներ կազմակերպելու անվան տակ մեծ փողեր գրպանելու հնարավորությունից»:

Վահրամ Աթանեսյանն անդրադարձել է նաև Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևին, որը ԱՄն նախագահի որոշմամբ , ինչպես երեկ հայտարարվեց, վերացվեց, այսինքն, ռազմական համագործակցության ոլորտում Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումները վերացվեցին։

«Լավ, ասենք թե չգիտեք, բայց դժվա՞ր է համացանցում որոնել եւ մեկ-երկու րոպեում պարզել, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման բովանդակությունը հետեւյալն է. «ԱՄՆ-ը օոգնություն չի ցուցաբերի Ադրբեջանին, քանի դեռ նախագահը չի որոշի եւ Կոնգրեսին չի զեկուցի, որ Ադրբեջանի կառավարությունը հրապարակային քայլեր է ձեռնարկում, որպեսզի դադարեցնի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բոլոր տեսակի շրջափակումները եւ հարձակողական ուժի կիրառումը»: Ընդ որում, այդ ուղղումը ղարաբաղյան առաջին պատերազմից երկու տարի հետո փաստացի չի գործել, երբ ամերիկյան նավթային ընկերությունները սկսել են Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ներդրումներ անել, իսկ 2001 թվականին Կոնգրեսը նախագահ Բուշին արտոտնել է շրջանցել արգելքը եւ Ադրբեջանի կառավարության հետ ուղղակի կապեր ստեղծել: Այդ փուլից սկսած ԱՄՆ-ը միջին հաշվով տարեկան մոտ 100 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին: Մոտ երկու տասնմայակ ԱՄՆ-ը դեպի Աֆղանստան բոլոր տեսակի, այդ թվում ռազմական փոխադրումներ իրականացրել է նաեւ Ադրբեջանի օդանավակայաններից: Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: 907-րդ ուղղումը կրկին ամբողջ ծավալով գործի դնելու սպառնալիք լիազորությունների վերջին ամիսներին հնչեցրել է Ջո Բայդենը, բայց իրավական որոշում չի կայացրել: Ինչ վերաբերում է սպառազինությունների վաճառքին, ապա ԱՄՆ-ը իր արդիական զինատեսակները նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների չի վաճառում»,-գրել է Աթանեսյանը:

Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն էլ սոցիալական ցանցում վերլուծելով իրավիճակը,  գրել է․«Առնվազն 2019-ի կեսերից մինչեւ 2025-ի սկիզբ ՀՀ իշխանությունները բազմաթիվ կոպիտ սխալներ են կատարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այդ սխալները թույլ չտվեցին, որպեսզի ունենանք հակամարտության կարգավարման ավելի լավ տարբերակ, քան երեկ Վաշինգտոնում ստորագրածը։

Սակայն երեկվա վիճակով մեզ համար ավելի լավ լուծումներ, քան գտնվել են ԱՄՆ-ի օգնությամբ, դժվար էր պատկերացնել։

Այն քաղաքական ուժերը/գործիչները, որոնք չեն գիտակցում վերջին պնդման ճշմարտացիությունը, արժանի տեղ չեն կարող ունենալ արդիական նախընտրական գործընթացում։

Ստորագրած փաստաթղթերը պարունակում են լուծումներ, բայց ոչ երաշխիքներ, որ ամեն ինչ հարթ ու հանգիստ է շարունակվելու։ Պետության համար բարենպաստ ընթացքը ենթադրում է հետեւողական, արհեստավարժ եւ ծանր աշխատանք տարբեր ոլորտներում։

ՀՀ խորհդարանական ընտրություններին ընդառաջ շանսեր կարող են ունենալ այն քաղաքական միավորները, որոնք ոչ թե շարունակելու են վարկաբեկել վաշինգտոնյան գործարքը, այլ կառաջարկեն վերջինիս իրականացման լավագույն ճանապարհները եւ պատրաստ կլինեն իրենց վրա կվերցնել համապատասխան կոնկրետ հանձնառություններ» ։

 

Նորություններ