«Երբ ՀՀ Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այդ ժամանակ էլ կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը»․Ալիև

«Երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այդ ժամանակ էլ կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է։ Խաղաղության պայմանագիրը պաշտոնապես չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը, հավելելով․«Որքան մենք հասկանում ենք, նրանք կկատարեն այդ փոփոխությունը»։
Նա նշել է նաև, որ «Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ այս փաստաթղթի նախաստորագրման փաստը, արդեն իսկ նշանակում է պատերազմի ավարտ։ Սա Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար բացում է բոլորովին նոր հնարավորություններ»։
Ալիևը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ճանապարհի մասին խոսելիս Սյունիքով անցնող ճանապարհը շարունակել է անվանել «Զանգեզուրի միջանցք»։ Նա վստահություն է հայտնել, որ այդ նախագիծը կիրագործվի, քանի որ կրում է ԱՄՆ նախագահի անունը։
Նա նշել է, որ կարող է միայն հոսալ ու կռահել, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին․« Բայց, կրկնում եմ, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ Հայաստանի ներքին քաղաքականությանն այնքան էլ լավ ծանոթ չեմ»։