Փամբակ համայնքի ավագանին տվեց իր համաձայնությունը Քարաբերդում ոսկու հանքավայրի պաշարների երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար

Փամբակ համայնքի ավագանին այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ համաձայնություն տվեց «Զով-գուժ» ՍՊԸ-ին՝ Քարաբերդի տարածքում ոսկու արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն։
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 12 անդամ, դեմ՝ 2։
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանը քվեարկությունից հետո հայտարարեց․«ԵՍ խիստ կասկած եմ հայտնում, որ բնակիչները, որոնք մինչև հիմա դեմ են եղել, հիմա էլ կողմ գրություն կա։ Այստեղ հրավիրված է գիտությունների դոկտոր, որպեսզի ներկայացնի Քարաբերդի հետ կապված որոշակի տվայլներ։Եթե ավագանու անդամները այդ տեղեկատվությունը չեն ստանում, հետո նոր քվեարկում, էլ ինչի համար է պետք ․․․սա ևս մեկ անգամ խոսում է հակաժողովրդավարական մոտեցումների մասին»։
Հիշեցնենք, որ Քարաբերդում ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման և երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային վերջին լսումները ձախողվել էին։ Քաղհասարակության ներկայացուցիչներն ահազանգել էին, որ համայնքի ղեկավարը «ձևական լսումներ է կազամակերպել»։ Նրանք պնդում են, որ համայնքի բնակիչներն իրականում դեմ են իրենց բնակությւան վայրի հարակից տարածքում ևս մեկ հանքի շահագործմանը։
Օլեգ Դուլգարյանն օրերս հայտարարություն էր տարածել, որով զգուշացնում էր․«Հարգելի ավագանու անդամներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Փամբակ համայնքի ավագանու կողմից սեպտեմբերի 11-ի նիստին համաձայնություն տրամադրելու դեպքում որոշումը մի խումբ կազմակերպությունների կողմից վիճարկվելու է դատական կարգով, քանի որ դրա հիմքում անօրինական ձևով կասեցված հանրային լսումների արձանագրությունն է»։
Նա նաև իր գրառմամբ պնդել էր․«Փամբակ համայնքում շարունակվում են գործադրվել ջանքեր Քարաբերդը ամբողջական հանքավայր դարձնելու ուղղությամբ՝ տեղական ժողովրդավարության անտեսմամբ, ինչպես ասված էր քաղաքացիական հասարակության հայտարարության մեջ։ 2025 թվականի օգոստոսի 13-ին Քարաբերդում վերջին չորս տարիների ընթացքում արդեն տասներկուերորդ հանրային լսումները անօրինական ձևով կասեցվել են։ Դրան հաջորդել է այն, որ այդ ոչ լեգիտիմ հանրային լսումների արձանագրության հիման վրա, 19․08․2025-ին՝ արտահերթ ավագանու նիստի ժամանակ, Քարաբերդում ոսկու հանքավայրի պաշարների երկրաբանական ուսումնասիրություններին համաձայնություն տալու հարցը ներառվել էր ավագանու արտահերթ նիստի օրակարգում։
Սակայն ավագանին չտվեց իր համաձայնությունը, և որոշումը չընդունվեց, քանի որ միայն նիստին ներկա ավագանու անդամների կեսն էր կողմ քվեարկել։ Ըստ էության՝ այդքանը պետք է բավարար լիներ համայնքի ղեկավարության համար, սակայն ոչ։
Հարցը կրկին բերվել է 11․09․2025-ին կայանալիք ավագանու հերթական նիստի օրակարգ»։