Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին միջնորդել է հարցաքննել Փաշինյանին, ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին

Բաքվի ռազմական դատարանում ընթացող շինծու դատավարության ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով «հարցաքննել իր դեմ հարուցված քրեական գործով մի շարք անձանց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ինչպես նաև միջնորդել է դատարանում հարցաքննել այն անձանց, ովքեր նախկինում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարներ էին»։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատախազությունը մերժել է միջնորդությունը, նշելով, որ նշված անձինք կապ չունեն դատարանում քննվող մեղադրանքների հետ։
Ռուբեն Վարդանյանը մեկ այլ միջնորդությամբ էլ հայտնել է, որ ինքը համաձայն չէ ռազմական դատարանում իր գործնելու որոշման հետ, քանի որ ինքը զինվորական չէ, ինչպես նաև նշել է, որ համաձայն չէ այն մեղադրանքի հետ, թե սահմանն ապօրինի է հատել, ուստի միջնորդել է հարցաքննել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատարներին։
Հաղորդվում է, որ բոլոր միջնորդությունները մերժվել են։
Նշենք, որ Ադրբեջանում դատվող մեր հայրենակիցների դատավարության մասին տեղեկությունները փոխանցվում են միայն ադրբեջանական լրատվամիջոցներով, այս դատական նիստերն ընթանում են առանց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու միջազգային լրատվամիջոցների ներկայության։
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ մարդկության դեմ հանցագործություն, ահաբեկչություն, զանգվածային սպանություններ։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարության գործերից առանձին։
Ադրբեջանի բանտերում, ինչպես ավելի վաղ հայտնել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը, 23 հայ է ապօրինի պահվում, նրանց դեպքում պաշտոնապես հաստատում կա, սակայն շուրջ 80 գերեվարված հայերի մասին ադրբեջանական կողմը չի ընդունում։
Սեպտեմբերի 3-ին Բաքվում փակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի գրասենյակը։ ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց մասին որոշ տեղեկություններ իմանալու միակ օղակն էին։ Այժմ նրանց ճակատագրերը, առողջական վիճակի մասին տեղեկություններն անհասանելի են։