Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ․Արմավիրի մարզպետ | Region

Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ․Արմավիրի մարզպետ

Սեպտեմբեր 25,2025 14:05

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը վստահ է՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ: Այս մասին մարզպետը հայտարարեց այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Հարցին՝ ինչո՞ւ է վստահ, որ քաղաքական պատվեր չէ, դեռևս հանցագործը բացահայտված չէ, հանգամանքները չեն պարզվել, մարզպետը պատասխանեց՝ քաղաքական չէ․«Կպարզվի, մեղավորները պատասխան կտան»։

Մարզպետի խոսքով՝  շատ երկրներում են նման բաներ տեղի են ունենում, Հայաստանը բացառություն չէ։

Արդյոք իրեն  պատասխանատու զգո՞ւմ է, նա ասաց. «Այո, իհարկե»։

Հրաժարական կտա, թե՝ ոչ, հարցին մարզպետը չպատասխանեց։

ՆԳՆ-ն երեկ հաղորդել էր, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր։ Իրավապահների  նախնական տեղեկություններով՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է տեղում կանգնած երեք անձանց ու կրակահերթ արձակել: Կրակոցների հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, ով այդ  պահին չի եղել ծառայության մեջ: Սպանված ոստիկանը Գրիգորյանի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել։  Իսկ վիրավորը Արծրուն Գալստյանն է: Նա վիրահատվել է, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

 

Նորություններ