Առողջության համապարփակ ապահովագրությունն ամեն ինչ չէ, որ ծածկելու է․նախարար | Region

Առողջության համապարփակ ապահովագրությունն ամեն ինչ չէ, որ ծածկելու է․նախարար

Հոկտեմբեր 01,2025 14:58

2026 թվականից ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Առողջապահության նախարարն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է, թե առաջին փուլում ովքեր են ներառվելու համակարգում։

Իսկ թե ո՞վ է վճարելու ապահովագրավճարը՝ գործատո՞ւն, թե՞ աշխատողը, այս առնչությամբ նախարարն ասաց՝ վաճարումը կարող է կատարվել փոխադարձ համաձայնությամբ։ Այսինքն, եթե գործատուն ցանկանա, ապա կարող է իր աշխատողի համար կատարել ամսական այդ վճարումները։

«Այսօր էլ շատ գործատուներ իրենց աշխատողների բժշկական ապահովագրությունը վճարում են և այստեղ էլ օրենքը դա թույլ է տալիս, դա կվճարի գործատուն, թե կվճարի աշխատողը, դա իրենց համաձայնությամբ է։ Ես վստահ եմ, որ գործատուներին շատ ավելի ձեռնտու է իրենց աշխատողների առողջ լինելը, ճիշտ ժամանակին այդ հոգսերը հոգալը՝որպես նաև խթանող երաշխիքներ։ Իսկ պետությունն էլ նրանց շահութահարկի որոշակի նվազեցում է անում, դա ծախսագրում է։ Վստահ եմ՝ շատ լավ գործատուները արձագանքելու են և շատ պարագաներում վերցնելու են իրենց վրա այդ բեռը»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով հանրությանն ամենաշատը հետաքրքրող հարցին՝  ո՞ր հիվանդություններն են ընդգրկվելու ապահովագրության մեջ, Ավանեսյանը  պատասխանեց՝ ախտորոշումների և մարդու առողջության վիճակի վերաբերյալ ալգորիթմներ են լինելու։ Ապա թոքաբորբի օրինակով ներկայացրեց․«Անձը ունի սիմպտոմներ, ջերմություն և այլն։ Առաջինը նա դիմում է իր ընտանեկան բժշկին՝ նրա պոլիկլինիկա։  Գնահատելով ախտորոշումը, վիճակը, սիմպտոմները, բուժումը կընթանա կամ ամբուլատոր օղակում, ըստ մեր ալգորիթմների, կամ եթե ունենք ծանրացում, եթե ունենք հոսպիտալացման հստակ ցուցումներ, ապա կգնա արդեն հիվանդանոցային բուժօգնության, որը ևս ապահովագրությունը կփակի»։

Նրա խոսքով՝ հիվանդանոցային բուժօգնության մեջ ներառված է դեղորայքային ամենօրյա ծախսի շրջանակ, օրինակ՝ օրական 50 հազար դրամից ավել դեղորայքային կարիքը, որ հաճախ բացառիկ դեպքերում է լինում, կփակի ապահովագրությունը․« Հավելյալ ծառայությունները, որոնք չեն մտնի ապահովագրության մեջ, կփակի անձը կամ մասնավոր ապահովագրությունը։ Շատ կարևոր է, որ մարդիկ չմտածեն, թե ապահովագրությունն ամեն ինչ փակում է, որևէ երկիր նման համակարգ չունի»։

Նորություններ