Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում․ծնողները զայրացան, հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրին | Region

Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում․ծնողները զայրացան, հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրին

Հոկտեմբեր 03,2025 17:06

Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում այսօր Ազատի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների գործով դատական հերթական նիստն էր։ Ինժեներասակրավորների վաշտի հոգեբան սպա Վահագն Ներսիսյանն այսօր դատարանում հարցաքննվեց: Նա ասաց, որ համատեղ ծառայությունից ճանաչում է Եղիշին, պարոն Աղեկյանին, Մառլենին, Գոռին, Տիգրանին, զոհված զինծառայողներից գրեթե բոլորին, նշեց, որ նրանց հետ ծառայողական, ընկերական հարաբերություներ են եղել։  Պատասխանելով իրեն տրված հարցերին, Վահագն Ներսիսյանը պատմեց, թե երբ ու ինչպես է տեղեկացել դեպքի մասին, նշեց, որ դեպքի պահին եղել է տանը, ու իմանալուն պես զորամասի հրամանատարի հետ խոսելոց հետո ուղևորվել է հոսպիտալ:

Դահլիճում իրավիճակը թեժացավ, երբ դատախազը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են հանդիսացել զորամասի ինժեներասակրավորային վաշտը կրակմարիչներով ապահովելու պատասխանատուները, ո՞վ է եղել  հակահրդեհային անվտանգության և փրկարար աշխատանքների պետը ու  ի՞նչ պարտականություն է ունեցել: Այդ ժամանակ դահլիճից արձագանքեցին.«Ծիծաղելի հարցեր եք տալիս»:

Դատավորը փորձեց հանգստացնել իրավիճակը, բայց այն ավելի լարվեց, երբ տուժողներից մեկի իրավահաջորդը նշեց, թե նմանատիպ անիմաստ հարցերով դատարանը փորձում է ժամանակ ձգել․«Եթե վռազում եք, էսպիսի հարցերն ինչի՞ եք տալիս, հարցը տալիս եք տալու համար։ Ծեծված հարցեր ես տալիս, էդ մարդը վապշե կապ չունի էդ պաժառի հետ»։

Ներկայացնելով զինծառայողների հոգեբանական վիճակը, սպա-հոգեբանը հայտարարեց, որ իր ունեցած տեղեկություններով վերջիններս հոգեբանական խնդիրներ չեն ունեցել, զոհված զինծառայողները և անձնակազմը եղել են հոգեպես կայուն և մարտունակ ստորաբաժանում:

Հոգեբանի խոսքի ժամանակ ծնողներից մեկը դահլիճից զայրացած արձագանքեց՝ հիշեցնելով իրենց ունեցած զրույցը, վստահեցրեց, թե այն ժամանակ իրեն հայտնած տեղեկությունը հոգեբանը չի ներկայացրել նախաքննական ցուցմունքում.«Բառացիորեն հիշեցնեմ քո ասածը: Հոգեհանգստի ժամանակ Գարուշի մասին խոսելիս դու ասացիր՝ Գարուշն ինձ ասել է՝ բուշլատը գցել եմ դեմքիս, դռնից թռել եմ դուրս: Ոչ թե կարծիք ես հայտնել, այլ, որ ռեալ Գարուշը էդպես է ասել: Ես քեզ հարցրի՝ որտեղ որ պետք լինի՝ դա կասե՞ս։ Դու ասացիր՝ հա։ Մի ուրիշ բառ էլ ասացիր՝ չասողը էսինչի տղա է: Հիշո՞ւմ ես դա: Ինչո՞ւ դա նախաքննական ցուցմունքի ժամանակ չես ասել, հիմա էլ ասում ես, թե դա քո կարծիքն է եղել»։

Հոգեբանը հերքեց՝ վստահեցնելով, որ ինքը ինչ-որ բան ասելիս  հայհոյանք չի օգտագործում, և հայհոյանքը դեմ է իր վարքագծին։ Նա չհաստատեց, որ դեպքից հետո զոհված զինվորների ծնողներին ասել է, թե Գարուշ Սարգսյանը իրեն պատմել է՝ դռնով է դուրս եկել ու փրկվել:
Դատական նիստին ներկա մյուս ծնողները ևս զայրացան, նրանք հայհոյանքներ և վիրավորական խոսքեր հնչեցրին:

Հաջորդ վկայի՝ Սյուզաննա Զաքարյանի հարցաքննությունը վերջինիս խնդրանքով չտեսանկարահանվեց՝  հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի ընկերուհին, ու քննարկվելու էին որոշակի անձնական հանգամանքներ: Ցուցմունքը հետագայում լսելի կդառնա ձայնագրման միջոցով:

Մյուս վկան՝ ՀՀ ՆԳՆ-ի Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարար սերժանտ Լևոն Հովհաննիսյանն էլ իր ցուցմունքում նշեց․«Մինչ մեր ժամանումը դեպքի վայրում արդեն աշխատանքներ էին տարվում: Փրկարարներից մեկի հետ հատուկ միջոցներով հետախուզություն ենք կատարել: Մտել ենք ծխապատ տարածք հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Վառարանի մոտ հայտնաբերել ենք մեկ տուժած: Այնուհետև փորձել ենք մտնել այն սենյակ, որտեղ տուժածներն են, խոչընդոտների պատճառով չենք կարողացել: Փորձել ենք մտնել զինանոց, ևս չենք կարողացել, թեև աչքով տեսանելի է, որ տուժածներ չկան: Դուրս ենք եկել, զեկուցել ենք հրամանատարին: Որոշվել է դուրս բերել տուժածներին: Արդեն հետևի կողմի, պատը քանդված  հատվածից սկսել ենք տուժածներին դուրս բերելու աշխատանքները»։

Նա նշեց, որ տուժողներից որևէ մեկին մինչև դեպքը չի ճանաչել, և որևէ մեկի հետ անձնական բնույթի շփում չի ունեցել: Նա մանրամասն ներկայացրեց տուժածներին դուրս բերելու գործընթացը։

Գործով մյուս դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին:

«Չեմ կասկածում, որ առկա է այս  քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների, նրանց արժանահավատության, վերաբերելիության նկատմամբ ճգնաժամ»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա տարօրինակ համարեց, և կրկին անդրադարձավ այն փաստին, թե ի՞նչպես կարող են նույն վայրում գտնվող 2 անձինք բոլորովին տարբեր բնույթի այրվածքներ ստանալ, կրկնեց իր այն համոզմունքը, որ դեպքին առնչվող բազմաթիվ փաստեր թաքցվել, կամ ոչնչացվել են, ինչն էլ հենց հանրության շրջանում առաջացած տարակարծութունների գլխավոր պատճառն է:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի  ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհը բռնկվել է 2023 թվականի  հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում: Դեպքի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ