«Հակոբյան Եղիշն ասաց՝ փեչն էինք վառում, ձեռքիցս ընկավ, պաժառ ընկավ, էս ո՞նց եղավ, էս ի՞նչ արեցի»․Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկան ցուցմունք տվեց դատարանում | Region

«Հակոբյան Եղիշն ասաց՝ փեչն էինք վառում, ձեռքիցս ընկավ, պաժառ ընկավ, էս ո՞նց եղավ, էս ի՞նչ արեցի»․Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկան ցուցմունք տվեց դատարանում

Սեպտեմբեր 05,2025 19:08

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի դատական հերթական նիստն էր։ Գործով վկա Արմեն Լազարյանը դատաքննության ժամանակ ասաց, որ 2021-ի հուլիսին նշանակվել է Վարդենիսի զորամասի օպերատիվ բաժնի ավագ սպա, 2022-ի մարտին նշանակվել է տվյալ զորամասի օպերատիվ բաժանմունքի պետ, շտաբի պետի տեղակալ։ Այժմ 301 տարածքային բրիգադի շտաբի պետի պաշտոնում ստաժավորման մեջ է։

Նա պատմեց, որ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին տեղեկացել է հրամանատար Արմեն Գևորգյանից։ Նշեց, որ հակառակորդի սեպտեմբերյան գործողությունները սկսվելու ժամանակ զորամասն ի վիճակի չի եղել տեղաբաշխվելու, որոշում է կայացվել շտաբը տեղակայել Վարդենիսի տարածքում՝ Ծովակում։ Վստահեցրեց՝ հրաման է եղել զգոնության, մշտապես ուժեղացված ծառայություն պետք է իրականացնեին։

«Ռադիոկապով ուշ գիշերին կապը լսեցի հրամանատարի, որ տեղակալներին է կանչում, այդ պահին արձագանք չստացավ։ Ես կապը վերցրի, իրեն կապ տվեցի, հրամանատարն ասաց՝ որտե՞ղ ես, ասացի՝ շտաբում եմ, ասաց՝ հագնվիր, պատրաստվիր, գալիս եմ հետևիցդ։ Պատրաստվեցի, իջա ներքև, հրամանատարը մենակ եկավ, ասաց, որ Ազատ գյուղում հրդեհ է բռնկվել, բայց ոչ ինքը, ոչ ես չգիտեինք՝ ինչ մասշտաբի խնդիր է»,-ասաց վկան։ Նա, հրամանատարի ցուցումով կապ է տվել թիկունքի պետին․«Ծանր էր, բոլորը մի կապով էին խոսում։ Որոշեցի զանգահարել 1-ին գումարտակի հրամանատարին՝ փոխգնդապետ Հակոբյանին․ իր դիտակետն Ազատ գյուղին մոտ էր։ Խնդրեցի, որ ինչ շտապ օգնության մեքենաներ, կրակմարիչներ ունի, մոտենա Ազատ գյուղի զորամասի անձնակազմ՝ մտածելով, որ ինչ-որ չափով դա կօգնի։ Երբ մոտեցանք բնակավայրին, հեռվից՝ մոտ 500 մետր հեռավորության վրա, երևում էր հրդեհը։ Երբ մոտեցանք դեպքի վայր, շատ մարդ կար, առաջինը Տիգրան Ղազարյանին եմ տեսել՝ ծառայության պետին, վաշտի հրամանատարին՝ Գոռ Մարգարյանին»։

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի խնդրանքով Լազարյանը դեպքից մանրամասներ պատմեց․«Անճանաչելի էր Հակոբյան Եղիշը՝ այրված, կարմիր, լացում էր՝ էս ի՞նչ արեցի, էս ի՞նչ եղավ, անկառավարելի վիճակում էր։ Հրամանատարը փորձում էր հանգստացնել, խնդիր դրեց, որ ուղեկցեն հոսպիտալ։ Եղիշն ասաց՝ փեչն էինք վառում, ձեռքիցս ընկավ, պաժառ ընկավ, էս խի՞ եղավ, էս ո՞նց եղավ, էս ի՞նչ արեցի»։

Արդյոք պայթյունի հետևանք կամ հետքեր կայի՞ն կացարանում, այս հարցին ի պատասխան վկան ասաց․«Մտածում եմ, որ հնարավոր չէր, որ բենզինը տենց միանգամից տարածվեր, քանի որ մեր գնալ, հասնելը 20 րոպե է տևել, ու այդ ժամանակ այն մակարդակով էր այրվում, նենց տպավորություն էր, որ մոտ երկու ժամ դա այրվում էր։ Էդքան բենզինից միանգամից տենց չէր բռնկվի։ Շենքի պատուհաններից կրակը դուրս էր գալիս։ Մտածում եմ՝ մի բան եղել է այնտեղ, դրանից էլ էդ հրդեհը ծավալվել է»։

Հանրային մեղադրողը հարց ուղղեց նրան՝ գործով մեղադրյալ մայոր Մառլեն Սարգսյանը տեղեկացված եղե՞լ է, որ նա հակահրդեհային պաշտպանության և անվտանգության պատասխանատու անձն է, վկան պատասխանեց, որ ինքը չի կարող հաստատել՝ թիկունքի պետը տեղեկացրե՞լ է իրեն, թե՝ ոչ․«Բայց զորամիավորումը մինչը դեպքը երկու հրաման է ստացել կապված հակահրդեհայինի հետ։ Պարզ գրված էր, թե ինչ գործ պիտի արվեր։ Հրամանը մակագրված է եղել թիկունքի պետի վրա, փոխգնդապետ Աղեկյանը մակագրել է կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանի վրա, որ այդ գրված պահանջները կատարվեն, իսկ մայոր Սարգսյանը հետագայում նշել է՝ ծանոթացել է գրությանը։ Մինչև դեպքն է եղել՝ դեկտեմբերին»։

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրութուն տարածեց, ըստ որի՝ նույն օրը գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Հիշեցնենք նաև, որ այս դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը՝ «․․․սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել»։ Փաշինյանի այս հայտարարությունը քննադատության արժանացավ, նրան մեղադրում էին, որ նա խախտել է անմեղության կանխավարկածը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

 

 

 

 

 

 

Նորություններ