«Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»․ Ռուբեն Ռուբինյան | Region

«Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»․ Ռուբեն Ռուբինյան

Հոկտեմբեր 21,2025 13:55

«Հակակոռուպցիոն կոմիտեի պնդմամբ և ըստ իմ քաղաքական գնահատականի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանը վրդովվեց, երբ լրագրողներն ասացին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն  նման պնդում չի անում, ապա նշեց, որ լրագրողները զբաղվում են կաշառակերության պաշտպանությամբ․«Երբ իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում, նշանակում է, որ իրենց կարծիքով տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Երբևէ չեմ տեսել, որ դուք, երբ ընդդիմադիրը ասում է, թե այս իշխանությունը բռնության է դիմում, դավաճան է, կամ հողատու է, հակադարձեք, թե ինչո՞ւ եք խախտում նրանց անմեղության կանխավարկածը։ Եթե հարցնեիք, վստահաբար նրանք կասեին, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս»։

Ռուբեն Ռուբինյանին խոսքով՝ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը ուղերձ է բոլորին, որ կաշառակերությունը լավ բան չէ և պատժվելու է, բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։

Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը ընդդիմադիր զանգվածի մոտ դիմադրության պատճառ դառնա, Ռուբինյանը պատասխանեց, որ վստահ է՝ ՀՀ-ում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։

Անդրադառնալով միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի հիմնած «Մեր ձևով» շարժման հանրահավաքներին, Ռուբինյանը հավաստիացրեց, որ դրանք իշխանության շրջանում որևէ անհանգստություն չեն առաջացնում։

Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Սամվել Կարապետյանը կալանավորվեց միայն «մեր ձևով» բառերի համար, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․«Դա լրատվամիջոցների գնահատականն է։ Տվյալ անձին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը բռնի զավթելու մեղադրանքով։ Իրավապահ մարմիններն ու դատարանը համարել են, որ նրա խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրական է»։

Երեկ Ռուբինյանը սոցիալական ցանցում գրառում էր արել՝ թիրախավորելով «Հրապարակ» օրաթերթն ու դրա խմբագրին։

«Պարսավանքի արժանի են նաև այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկային: Հատկապես արժե հիշատակել Հրապարակ կոչվող լրատվական աղբանոցը և վերջինիս անդաստիարակ գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին»,-գրել էր Ռուբինյանը»:

Այս առնչությամբ էլ ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա ոչ թե լրատվամիջոցի թիրախովորում է, այլ պարզապես առողջ քննադատություն․«Լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է, երբ լրագրողին ծեծել են տալիս, երբ լրագրողի վրա «գործ են կարում», կամ մտնում են խմբագրություն, համակարգիչները առգրավվում են։ Իմ ասածը վիրավորանք չէ։ Դա քննադատություն է, սովորեք քննադատությանը»։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորբեց երկու ամիս ժամկետով։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։ Այս գործով 8 անձ է ձերբակալվել։

Ղուկասյանի փաստաբանը պնդում է՝ «սա պատվիրված, շինծու քրեական գործ է»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ