«Վարչական ռեսուրս կիրառելու լինեինք, մենք էդ ընտրություններին կկիրառեինք»․Ավինյան | Region

«Վարչական ռեսուրս կիրառելու լինեինք, մենք էդ ընտրություններին կկիրառեինք»․Ավինյան

Հոկտեմբեր 23,2025 14:18

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մայրաքաղաքի Նորքի Նորքի վարչական շրջանում առանց շինթույլտվության կառուցվող շուկային, որի մասին բարձրաձայնել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Ակտիվիստը, հիշեցնենք, կասկածներ է հայտնել այս շուկայի շինարարության մասին, նա հայտարարել էր․«Տիգրան Ավինյան, եթե դու 560 հազար դոլարի կաշառք չես վերցրել, ուրեմն հերքի, որ ես սխալ եմ։ Նիկոլ Փաշինյան, այս ամենը այլ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, առհելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով։ Բացի այդ՝ համայնքից մոտ 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հող են գողանում, և այդ ամենի վրա Երևանի քաղաքապետարանը աչք է փակում»։

Տիգրան Ավինյանն այս առնչությամբ այսօր ասաց․«Երևանի քաղաքապետարանը յոթ անգամ ծանուցել է կառուցապատողին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման հայտը։ Վստահորեն, գործելու ենք համապատասխանաբար։ Հիմա շինարարություն չի իրականացվում, այլ հարց է, որ սեփական տարածքում է լինում, որովհետև տեղեր կան, որ մենք չենք կարող մուտք գործել»։

Անդրադառնալով Հետքի վերջերս հրապարակած հետաքննությանը, ըստ որի՝ լրագրողը էկոնոմիկայի նախարարի «սխալմունքի» արդյունքում հայտնվել էր Ֆեյսբուքում ՔՊ-ի փակ խմբում, Ավինյանն այդ խմբում քննարկումների մասին որևէ խնդիր չի տեսնում։

Հիշեցնենք, որ այդ փակ խմբում 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններից առաջ վարչապետ Փաշինյանը կուսակիցներին կոչ էր ապահովել ՔՊ-ի հանրահավաքի բազմամարդությունն ու նշել․«Յուրաքանչյուրիդ խնդրում եմներգրավվեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել»։ Սակայն գրառման մեկնաբանություններում մի շարք մարզային պաշտոնյաներ գրել են, որ պատրաստվում են հանրահավաքին բերել տասնյակ մարդկանց տարբեր համայնքներից՝ Գավառից, Նոյեմբերյանից և Կոտայքից։

Տիգրան Ավինյանն անդրադառնալով իր հանրահավաքին «մարդ բերելուն» , ասաց․«Ես բացառում եմ, որ իմ ենթակաները վարչապետի կոչը կամ որևէ մեկը․․․վարչական ռեսուրս կիրառելու լինեինք, մենք էդ ընտրություններին ժամանակ կկիրառեինք»։

Նորություններ