ՀՀ ղեկավարների պահվածքն է նպաստել նրան, որ Ադրբեջանից նման հայտարարություններ են հնչում․ Ստեփան Դանիելյան | Region

ՀՀ ղեկավարների պահվածքն է նպաստել նրան, որ Ադրբեջանից նման հայտարարություններ են հնչում․ Ստեփան Դանիելյան

Նոյեմբեր 05,2025 16:20

«Իլհամ Ալիևի հայտարարությունն ակնհայտորեն մեկ նպատակ է հետապնդում․ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստան գոյություն չունի, և Հայաստանն Արևմտյան Ադրբեջանն է։ Ադրբեջանական կողմը նախատեսում է հետագայում օկուպացնել Հայաստանը, քանի որ վերջինիս գոյությունը խանգարում է թուրքական աշխարհի ստեղծմանը»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն, որպես օրինակ նշելով՝ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։

Անդրադառնալով տեղանունների թեմային, քաղաքագետը նշեց․ «Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ Շահ Աբասի ժամանակ հայերը տարվել են Պարսկաստան, կամ ինչ որ մի փուլում հայերին տեղահանել են, փոխարենը բերել են թուրքական ժողովուրդների։ Այդ ընթացքում նրանք տեղանուններ են փոխել։ Նույն կերպ մենք էլ կարող ենք նրանց ասել, որ Ադրբեջանի տարածքը երբեք Ադրբեջան չի եղել։ Այն եղել է Իրանի տարածքում, իսկ պատմական անունը եղել է «Արամ»։ Ադրբեջանական քաղաքների անունների մի մասը հայկական են, մի մասը ուդիներինն է, ավարներինը, լեզգիներինը։ Սա է իրականությունը, և պատմությանը քիչ թե շատ տեղյակ մարդուն դա հայտնի է»։

Ըստ Դանիելյանի, գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ-ում այս պահին կա մի իշխանություն, որը ոչ մի կերպ չի հակադարձում նման պնդումներին, և հենց ՀՀ ներկայիս ղեկավարների պահվածքն է նպաստել նրան, որ Ադրբեջանից նման հայտարարություններ են հնչում։

«Սկսած 2020 թվականից նրանք ամեն ինչ հանձնել են, հրաժարվել են Արցախից, ըստ էության հրաժարվել են նաև Սյունիքի սուվերենությունից, այժմ էլ Ադրբեջանի պահանջով հարձակվում են եկեղեցու վրա։ Հայաստանում կա մի իշխանություն, որը մտածում է վերընտրվելու մասին, և այդ հարցում զգում է Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության կարիքը»,-ավելացրեց քաղաքագետը։

Ըստ նրա, նման հայտարարություններից հետագայում խուսափելու միակ ելքը երկրում իշխանության փոփոխությունն է, քանի որ այս իրավիճակը ձեռնտու է այսօրվա իշխանություններին։

«Իհարկե, պետք է հակաքայլեր արվեն․ պետք է մշակել նոր աշխարհաքաղաքական ռազմավարություն, ձեռք բերել նոր դաշնակիցներ։ Բայց կոնկրետ հիմա որևէ սպասելիք պետք չէ ունենալ։ Նրանց ցանկացած հաջորդ քայլն ավելի է խորացնում կախվածությունն Ադրբեջանից և Թուրքիայից»,-եզրափակեց քաղաքագետը։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ