Միրզոյանը ներկայացրել է՝ «ինչ հնարավորություն է ստեղծվել վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո» | Region

Միրզոյանը ներկայացրել է՝ «ինչ հնարավորություն է ստեղծվել վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո»

Նոյեմբեր 11,2025 21:18
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։

 Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ընդգծելով այդ գործընկերությունը որակապես նոր հարթություն տեղափոխող՝ առաջիկայում ստորագրվելիք նոր օրակարգի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում մի շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, այդ թվում՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին, որոնք արտահայտվեցին նաև այս տարի ընդունված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքում։ 

Արարատ Միրզոյանը և Մարի Բյեռը մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերի և դրանց հաղթահարման հարցում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը ՀՀ դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ 

Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի դիվերսիֆիկայի ուղղություններով։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026 թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում փոխգործակցության հարցերի։ 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել է ՀՀ կառավարարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա անբաժանելի մաս կազմող՝ «TRIPP ուղի» նախագծին, որի կյանքի կոչումը լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրին։

Նորություններ