Արամ Մկրտչյան․«Եթե մենք ուզում են լուծել մեր խնդիրները, ապա պետք է Եվրախորհրդարանից պահանջենք իրավական լուծումներ, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններ»
Եվրախորհրդարանը շատ լավ որոշում է կայացրել, և «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության» բանաձևը համապատասխանում է Եվրոպական խորհրդարանից ունեցած մեր սպասելիքներին։ Այս կարծիքին է Բեռլինում Գերմանա-հայկական հարաբերությունների վերակազմակերպման կենտրոնի տնօրեն Արամ Մկրտչյանը։ Սակայն, միևնույն ժամանակ, նա նշում է, որ հարցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում կտեսնենք, թե որ կողմերն են աջակցում այդ որոշմանը, և որոնք՝ ոչ։
«Բաց աղբյուրներում տեղեկատվություն չկա այն մասին, որ որևէ երկիր դեմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, և քվեարկությունն անցկացվել է պատգամավորների, այլ ոչ թե ԵՄ անդամ երկրների միջև։ Ես ապրում եմ Գերմանիայում և կցանկանայի հասկանալ Գերմանիայի վերաբերմունքն այս բանաձևին, բայց այդ մասին տեղեկատվություն չկա։ Մենք գիտենք Ֆրանսիայի և Եվրոպայի հյուսիսային երկրների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Եվրամիությունում կա պառակտում։ Եվրամիության առանցքային երկրները՝ Իտալիան, Իսպանիան և Գերմանիան, որոշակի հեռավորություն են պահպանում»,- ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության» բանաձևը, որը վերահաստատում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության հաստատման գործընթացին և եվրոպական ինտեգրմանն ուղղված բարեփոխումներին։ Բանաձևն աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը։ Բանաձևը նաև ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրանում դրական է գնահատվում ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Բանաձևում առանձնահատուկ շեշտվում է 2026 թվականի մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացման կարևորությունը՝ որպես Հայաստանի հետ համերաշխության քաղաքական ազդակ։
ԵԽ-ն բանաձևով վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային համապատասխան երաշխիքների ներքո։ Այն նաև դատապարտում է Ադրբեջանում հայ ռազմագերիների, ձերբակալվածների և պատանդների անարդար պահումը, պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, կոչ է անում լիարժեք հարգել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։
Արամ Մկրտչյանը նշեց, որ այս բանաձևը չի ընդունվել Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորների կողմից․երբ կան դեմ և ձեռնպահ քվեարկողներ՝ շուրջ 100 պատգամավոր, դա խոսում է այն մասին, որ նրանք այլ կողմնորոշում ունեն․«Եվ Արևմուտքում ապրող հայերը պետք է հստակ ազդակ հաղորդեն Հայաստանում ապրողներին, որ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Դուք պետք է հասկանաք, որ կա մի խումբ, որը, թեև փոքրամասնություն է, սակայն ավելի ազդեցիկ է։ Նախկինում մեծամասնության կողմից ընդունվել էին ՄԱԿ-ի չորս բանաձևեր Արցախի վերաբերյալ, բայց ի վերջո հաղթեց փոքրամասնությունը, որը դեմ էր Լեռնային Ղարաբաղի հայերին»։

Արամ Մկրտչյան
RegionsTV-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասաց.«Մենք չպետք է այդքան ոգևորվենք Եվրախորհրդարանի բանաձևով. պետք է հասկանանք, որ մեզ հետ աշխատում են որոշակի կառույցներ, քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են որոշակի երևույթների մասին։ Բանաձևի ընդունումից հետո Եվրոպական խորհրդարանը այլևս ոչ մի կարևոր իրավական փաստաթուղթ չի ընդունի, քանի որ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից ի վեր՝ առնվազն 2015 թվականից, մենք չենք տեսել, թե ինչ միջոցներ և անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկել ԵՄ-ն անցած 10 տարիների ընթացքում։ Այսինքն՝ սա զրոյական վերաբերմունք է հայկական հարցին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցին։ Հանգուցալուծում չի լինի այն պարզ պատճառով, որ Եվրոպան այլ առաջնահերթություններ ունի»։
Ըստ Մկրտչյանի՝ Եվրախորհրդարանը ցանկանում է օգտագործել Հայաստանը Ռուսաստանի վրա ազդեցության լծակներ ստանալու և Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, տարածաշրջանում ներկայություն ապահովելու հնարավորություն տալու համար՝ զրկելով այդ հնարավորությունից ՆԱՏՕ-ի այլ խաղացողներիn։ Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, որ այն առանցքը, որի վրա այս ամենը կառուցվում է, Գերմանիան, Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանն են, երկրորդ առանցքը Ֆրանսիան, Հայաստանը, Իրանը և Ռուսաստանն են։ Այս երկու առանցքներն, ըստ Մկրտչյանի, հատվում են Ռուսաստանում, և մենք պետք է եզրակացություններ անենք ու աշխատենք նպատակին հասնելու ուղղությամբ։ Ավելին, մենք պետք է հասկանանք այն խոշոր քաղաքական խաղացողների էությունը, որոնք քաղաքական աշխատանք են տանում Հայաստանի հետ և մեր տարածաշրջանում։
«Նախ՝ հայերը պարտություն կրեցին Եվրամիությունից։ Հայաստանն այս հակամարտության կողմ է։ Մենք բոլորս քաջ հիշում ենք, թե ինչպես էր Ֆրանսիայի հումանիտար օգնությունը կանգնած սահմանին և չէր կարողանում մտնել Արցախ՝ բնակչությանն օգնելու համար։ Երկրորդ՝ նրանք չկարողացան ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը մնան իրենց հողի վրա, նրանց համար չապահովվեց արժանապատիվ կյանք իրենց իսկ տարածքներում, և արդյունքում նրանք ստիպված եղան լքել իրենց հարազատ տները։ Հայերը պետք է համագործակցեն աջակցող կողմերի հետ։ ԵՄ-ն մեզ չի աջակցի, և համագործակցությունը կսահմանափակվի առաջիկա ընտրություններով։ Ենթադրում եմ, որ ԵՄ-ն անում է հնարավոր ամեն ինչ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու համար»,-նշեց հասարակական գործիչը։
Արամ Մկրտչյանը հավելեց, որ «հայերը պետք է հաշվի առնեն, որ փոխգործակցության հիմնական ձևերն են՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, հումանիտար և իրավական։ Եվրոպան Հայաստանի հետ աշխատում է հումանիտար և քաղաքական ուղղություններով։ Սակայն գլխավոր ձևը իրավականն է։ Գերմանացիներն ասում են՝ երբ իրավունքները հստակեցված և ամրագրված են, այդ ժամանակ օրենքները կաշխատեն անմիջականորեն այդ իրավունքների կամ նորմատիվ պահանջների կատարման համար։ Եթե մենք ցանկանում ենք լուծել մեր խնդիրները, պետք է քաղաքական հարթությունից անցնենք իրավական ձևի և Եվրախորհրդարանից պահանջենք իրավական լուծումներ, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններ։ Մենք ԵՄ-ի հետ ունենք միայն քաղաքական համագործակցության և հայտարարությունների ձև, իսկ ադրբեջանցիները՝ քաղաքական հայտարարություններ, տնտեսական և ռազմական համագործակցություն։ Նրանց մոտ երեք ուղղություններով է, իսկ մեզ մոտ՝ դրանք չկան։ Մեզ միայն խոստանում են։ Ֆրանսիան խոստացել էր որոշակի աջակցություն ռազմական ենթակառուցվածքների հարցում, սակայն Ադրբեջանը հենց պատերազմի ժամանակ ֆրանսիական ընկերությունից ստացել է արբանյակներ և զինված ուժերի մասին շատ հստակ տեղեկատվություն»։
Մկրտչյանը նշելց, որ եթե Արևմուտքի համար առաջնահերթ է Հայաստանին աջակցելը, ապա նրանք պետք է ոչ թե հայտարարություններ անեն, այլ քայլեր ձեռնարկեն, որոնցից առաջինը տնտեսականն է։ Նա մտահոգություն է հայտնեց, որ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում չի վաճառվում՝ ընդգծելով տնտեսական համագործակցության կարևորությունը։
Մկրտչյանը կարծիքով՝ բոլոր հարցերը Հայաստանը բարձրացնում և լուծում է անմիջականորեն քաղաքական բաղադրիչի, այլ ոչ թե իրավականի միջոցով։ Եթե Հայաստանն անցնի իրավական հարթություն, ըստ նրա, այդ ժամանակ իրավիճակը շատ արագ և օպերատիվ կերպով կփոխվի։ Ըստ նրա՝ պետք է հեռանալ քաղաքական մարտերից և խոսակցություններից․« Մենք ունենք իրավունքներ, բայց պարզելու համար, թե որտեղ և ով կարող է պաշտպանել մեր իրավունքները, մենք պետք է համագործակցենք այդ կողմերի հետ։ Օրինակ՝ բանաձևի դեպքում մենք պետք է աշխատենք հյուսիսային հիմնական երկրների, Սկանդինավիայի և Ֆրանսիայի հետ. պետք է գտնել Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև շփման կետեր, որպեսզի կարողանանք հզորացնել մեր ազդեցությունը։ Ուղղակի ասած՝ սա լոբբիստական աշխատանքի կատարում է»։
Եվրոպական խորհրդարանը ճանաչում է արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը։ Սակայն վերադարձի դեպքում ոչ մի միջազգային երաշխիք չի կարող ապահովել արցախահայերի անվտանգ, բարեկեցիկ և արդյունավետ կյանքն իրենց հայրենիքում։ Ադրբեջանն իր հերթին համարում է, որ ռազմագերիներին ազատ արձակելու կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են։ Նրանց կարծիքով՝ բոլոր հայ ռազմագերիները վերադարձվել են, իսկ մնացած անձինք մեղադրյալներ են կամ արդեն դատապարտվածներ ծանր հանցակազմերով, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ահաբեկչությունը, ագրեսիան և խոշտանգումները։
Ըստ Արամ Մկրտչյանի՝ եվրոպական առաջնորդները պետք է գիտակցեն, թե ինչպես պատահեց, որ այն առաջնորդները, ովքեր բանակցային գործընթացի կողմնակից էին, այժմ գտնվում են Բաքվի բանտում։ «Ադրբեջանի ղեկավարները դատապարտում են առաջնորդներին, որոնք եվրոպական երկրների հետ բանակցային գործընթացի կողմնակից էին։ Ստացվում է, որ նրանք հանցագործնե՞ր են, իսկ Եվրամիության առաջնորդները նրանց հետ բանակցություննե՞ր էին վարում։ Հայկական քաղաքական ուժերը կամ շրջանակները պետք է բարձրացնեն այս խնդիրը։ Չէ՞ որ նրանց վիզաներ էին տրամադրում, նրանք ունեին ելքի հնարավորություն, հրավերներ էին ստանում և դիմավորում էին քաղաքական առաջնորդներին։ Այժմ Եվրախորհրդարանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ գործողություններ ձեռնարկելու իր ցանկության մասին։ Ալիևը հասկանում է, որ իրենից այս հարցով պահանջող չկա։ Հայկական կողմը պետք է բարձրացնի այս հարցը եվրոպական երկրների ղեկավարների հետ Երևանում կայանալիք գագաթնաժողովում»։ Մկրտչյանը նաև կոչ արեց հայ քաղաքական շրջանակներին մայիսի 4-5-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և Բաքվի բանտերում գտնվող ռազմագերիների պաշտպանության անհրաժեշտության հարցը։
Ի պատասխան բանաձևի ընդունման՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ՝ Եվրախորհրդարանի գործողություններն անվանելով կանխակալ և կործանարար։ Ադրբեջանը համարում է, որ Եվրախորհրդարանն անտեսում է միջազգային իրավունքը և համագործակցությունն օգտագործում է որպես երկրի վրա ճնշման գործիք։ Բաքվում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը մայիսի 1-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և ստացել բողոքի նոտա։
Մկրտչյանը նշեց, որ Եվրախորհրդարանի բանաձևից հետո Ադրբեջանը դադարեցրել է համագործակցությունը ԵՄ ինստիտուտների հետ։ «Եվրոպան երկար ժամանակ անտեսում էր Ադրբեջանի գործողությունները՝ հույս ունենալով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա, բայց հիմա Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի ցանկանում շարունակել երկխոսությունը։ Սա, մի կողմից, ցույց է տալիս գլոբալ ճգնաժամը, երբ ժողովրդավարական եվրոպական ինստիտուտներն ամեն կերպ փակում էին իրենց աչքերը Ադրբեջանի գործողությունների վրա և կարծում էին, թե հնարավոր կլինի ինչ-որ բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրներն ու հարցերը։ Նրանք չկարողացան դա անել։ Հիմա Ադրբեջանը նրանց ցույց է տալիս դուռը և չի ցանկանում շփվել, որովհետև Նիկոլ Փաշինյանը Պրահայում, Եվրամիությունում, հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Եվ այնտեղ այդ հայտարարությունն ընդունեցին որպես գործողությունների նշաձող։ Ուստի կարծում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է լիովին չաշխատել Եվրամիության հետ, որովհետև իր ունեցած էներգառեսուրսները պատրաստ է վաճառել Թուրքիայի միջոցով, ինչը կարող է Եվրամիության համար լրացուցիչ ծախսեր առաջացնել»,-ընդգծեց Մկրտչյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում Եվրախորհրդարանի բանաձևերին և բացարձակապես չի անհանգստանում հետևանքների համար։ «Ադրբեջանն իր ծրագիրն ունի։ Նաև պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը Չմիացած երկրների շարժման կենտրոնական երկիրն է, որի խմբում կա 120 պետություն, գումարած ևս 17 դիտորդ պետություն, որոնք իրենց համարում են համաշխարհային խոշոր տերություններին չմիացած կամ նրանց դեմ հանդես եկող։ Ադրբեջանը պարզապես թքած ունի Եվրոպայի վրա։ Եվրոպան ցանկանում է երկխոսություն վարել, Ադրբեջանը երկխոսության կողմնակից չէ, այլ ուժի և բռունցքի կողմնակից է»,-ասաց Մկրտչյանը։
Զաբելա Ավագյան
