«Հիմա ընդդիմությունը ձևական չի լինի։ ԱԺ-ում կտեսնենք ոչ միայն լեզվակռիվ, այլև սովորական օրենսդրական աշխատանք, դրանում վատ բան չկա»․Գրիգորյան | Region

«Հիմա ընդդիմությունը ձևական չի լինի։ ԱԺ-ում կտեսնենք ոչ միայն լեզվակռիվ, այլև սովորական օրենսդրական աշխատանք, դրանում վատ բան չկա»․Գրիգորյան

Հունիս 11,2026 13:00

Նախընտրական շրջանում արձանագրվել են խախտումներ, եղել են ընտրակաշառքի վերաբերյալ բավարար չափով հավաստի տեղեկություններ, ստացվել են Ճնշումների դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել, արձանագրվել են աշխատանքային իրավունքների խախտումներ ինչպես մասնավոր հատվածի կողմից, այնպես էլ՝ պետական։ Սակայն ընտրակաշառքի հարցը շատ ավելի լուրջ է, քան տարբեր հաստատությունների աշխատակիցների մասնակցությունը նախընտրական հանրահավաքներին։ Ընդ որում, մենք չունեինք ապացույցներ այն մասին, որ նրանց մասնակցությունը եղել է պարտադրված կամ հանգեցրել է որևէ բացասական հետևանքի։ RegionsTV-ի հետ զրույցում այս մասին ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։

Նա նշեց՝ քվեարկության օրը եղել են որոշ խախտումներ, բայց ընդհանուր առմամբ խնդիրներ չեն եղել։

«Ընտրությունների արդյունքները չեն կեղծվել, մենք դիտարկում ենք իրականացրել և նման բան չենք տեսել։ Եղել են տեխնիկական խնդիրներ՝ կապված տարածքային ընտրական ցուցակների աղյուսակի հետ, եղել են նաև տեխնիկական խնդիրներ, երբ առանձին թվերի գումարը չի համապատասխանում միմյանց։ Բոլորի համար ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք տեխնիկական խնդրի հետ։ Ձայների վերահաշվարկի իրականացմանը դեռ 2-3 օր կա։ Այդ վերահաշվարկի արդյունքներով կհստակեցվեն բոլոր այն դեպքերը, որոնցում փաստաթղթերը լրացնելիս կամ տվյալները մուտքագրելիս սխալներ են թույլ տրվել»,-ասաց Գրիգորյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է, որ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 17.097։ Ընդդիմությունն այս հանգամանքը կասկածելի է համարում։ Գրիգորյանը պարզաբանում է՝ պատճառը շատ պարզ է. ապրիլի 7-ին կատարվել է օրենսդրական փոփոխություն, որով վերականգնվել է այն դրույթը, ըստ որի՝ եթե ծրարում որևէ ավելորդ բան կա, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում։

«Այս դրույթը միշտ էլ եղել է, բայց հիմա դրան ավելացվել է մի կետ. եթե ծրարում երկու քվեաթերթիկ կա, և դրանցից մեկի վրա փակցված է դրոշմանիշը, ապա այն պետք է փակցված լինի նաև երկրորդի վրա։ Ամեն դեպքում, եթե ծրարում կա քվեաթերթիկ, որի վրա չկա կնիքը, այն նույնպես համարվում է անվավեր։ Ինչո՞ւ է սա անհրաժեշտ։ Նախկինում, եթե ընտրողը սխալմամբ ծրարի մեջ երկու քվեաթերթիկ էր գցում (պատահում է, երբ քվեաթերթիկները կպչում են իրար, իսկ ընտրողը դա չի նկատում), ծրարի վրա կնիք էր դրվում, և վավեր էր ճանաչվում այն քվեաթերթիկը, որի վրա հայտնվում էր այդ կնիքը։ Ըստ էության, դա հանգեցնում էր պատահական ընտրության, քանի որ կնիքը կարող էր հայտնվել ոչ այն թեկնածուի քվեաթերթիկի վրա, որին նախապատվություն էր տվել ընտրողը։ Այսինքն՝ կարող էր ստեղծվել մի իրավիճակ, երբ, օրինակ, «Քաղաքացիական պայմանագրի» կամ ընդդիմության քվեաթերթիկին պատահականորեն կպչում էր մեկ այլ քվեաթերթիկ։ Երկու քվեաթերթիկն էլ հայտնվում էին ծրարում, իսկ կնիքը դրվում էր դրանցից մեկի վրա, և հենց դա էլ ճանաչվում էր վավեր։ Սակայն նման դեպքում արտահայտվում էր ոչ թե ընտրողի կամքը, այլ պատահական ընտրության արդյունքը։ Վավեր էր համարվում այն քվեաթերթիկը, որի վրա կնիքն էր։ Ուստի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեցին, և այժմ նման քվեաթերթիկները համարվում են անվավեր»,-բացատրեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հաշվարկի ժամանակ երկու քվեաթերթիկով նման ծրարները բավականին շատ են եղել․« Բայց անձամբ ես չեմ կարծում, որ դա իրոք խախտում է ընտրողի իրավունքը, որովհետև, իմ կարծիքով, նա հնարավոր է՝ նույնիսկ չի էլ նկատել երկրորդ քվեաթերթիկը։ Իրականում մենք կսպասենք այս վերահաշվարկներին, որպեսզի կարողանանք հետագայում խոսել դրա մասին»,- ընդգծեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այս ընտրություններում լրջագույն մտահոգությունը ընտրակաշառքի բավականին մեծ թվով դեպքերի իրավապահների բացահայտումներն էին,  ընտրակաշաքի դեպքերը կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 49,8%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28% և «Հայաստան» դաշինքը՝ 9,93%։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նախնական տվյալներով, չի կարողացել հաղթահարել 4%-ի արգելքը, ԲՀԿ-ն ստացել 3.996% ձայն։  Կուսակցության դիմումի համաձայն՝ այժմ վերահաշվարկ է կատարվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, սակայն չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իշխանությունը, սակայն չի կարողացել ստանալ ընտրողների ձայների 50%-ից ավելին։ Մանդատների բաշխումը Ազգային ժողովում կլինի հետևյալ կերպ՝ եթե քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» չստանա իրեն անհրաժեշտ ձայների քանակը ու չանցնի խորհրդարան, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ՝ 61-ի փոխարեն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ՝ 28-ի փոխարեն, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ՝ 11-ի փոխարեն։ Հատկանշական է, որ 61 մանդատի դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէր ունենա սահմանադրական մեծամասնություն պահանջող որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայների 3/5-ը, իսկ 64 մանդատի դեպքում այդ մեծամասնությունը կապահովվի։

Հունիսի 29-ին ԿԸՀ-ն որոշում կկայացնի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ըստ օրենսդրության, պետք է կայանա օգոստոսի 2-ին։

Ինչ վերաբերում է խորհրդարան անցած ուժերի միջև ձայների վերաբաշխմանը, Վարդինե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանում ձայներն ու մանդատները կարգավորվում են ընտրական օրենքով. մանդատների բաշխումն իրականացվում է այն կուսակցությունների միջև, որոնք ստացել են ձայների 4%-ից ավելին։

«Տվյալ դեպքում կարիք չկա խոսելու այն մասին՝ անցե՞լ է «Բարգավաճ Հայաստանը», թե՞ ոչ, որովհետև քանի դեռ հաշվարկները չեն ավարտվել, մենք հստակ չգիտենք «Բարգավաճ Հայաստանի» պակասող ձայների քանակը։ Այս պահին պետք չէ մտածել, որ անցել են երեք կամ չորս ուժեր, պետք է սպասել ընդամենը երկու օր և հասկանալ, թե ինչպիսին կլինեն արդյունքները։ Բայց ամեն դեպքում մանդատների բաշխմանը կմասնակցեն կամ երեք, կամ չորս ուժեր։ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկացած դեպքում կստանա մանդատների 50%-ից ավելին»,- ասաց Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ անկախ նրանից, թե վերահաշվարկի արդյունքում քանի տոկոս կստանա «Բարգավաճ Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ունենալ կամ 61 մանդատ, կամ 64 մանդատ։

«61 մանդատի դեպքում դա բավարար չէ սահմանադրական մեծամասնության համար, 64 մանդատը բավարար է։ Նա չի կարողանա միանձնյա փոփոխել սահմանադրական օրենքները։ Դա շատ լավ է, և դրանում վատ բան չկա։ Մեծամասնություն ունեցող կուսակցությունը պետք է կարողանա համագործակցել Ազգային ժողովի ընդդիմության հետ, այլ ոչ թե որոշումներն ընդունի միանձնյա։ Չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարծում եմ, որ նրանք լիովին կարող են հանգիստ համագործակցել և տարբեր հարցերի շուրջ համատեղ քվեարկել։ Սխալ է կարծել, թե Ազգային ժողովի ընդդիմությունը բոյկոտելու է ամեն ինչ»,- ասաց Գրիգորյանը։

Փորձագետը հիշեցրեց՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» կամ նախկինում «Իմ քայլը» խմբակցությունը մինչ այժմ միշտ ունեցել են պատգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-ից ավելին, ապա, ըստ էության, ընդդիմությունը եղել է ձևական. «Հիմա արդեն գործնականում ընդդիմությունը ձևական չի լինի, մենք կտեսնենք ոչ միայն լեզվակռիվ, այլև սովորական օրենսդրական աշխատանք, դրանում վատ բան չկա»։

Հիշեցնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ Վարդինե Գրիգորյանը պարզաբանեց. «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար պահանջվում է ձայների 3/5-ը։ Ընթացիկ տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն ստացել է մանդատների մեծամասնությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ինքնուրույն չունենալ ձայների երեք հինգերորդը, սակայն դա չի նշանակում, որ նա չի կարողանա հանրաքվեի դնել Սահմանադրության հարցը, քանի որ, ինչպես ենթադրում եմ, Ազգային ժողովի քաղաքական ուժերը պետք է կարողանան երկխոսել, պայմանավորվել և համագործակցել»։

Սահմանադրության պահանջները՝

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ սահմանադրական օրենքների ընդունման համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։ Դա վերաբերում է այնպիսի օրենքների ընդունմանը և դրանցում փոփոխություններ կատարելուն, ինչպիսիք են՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, «Հանրաքվեի մասին» օրենքը, «Կուսակցությունների մասին» օրենքը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը։

Եթե իշխող ուժը չունենա պատգամավորների ձայների 3/5-ը, ապա չի կարող ինքնուրույն նշանակել կամ պաշտոնից ազատել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ինչպես նաև նշանակել կամ պաշտոնից ազատել Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին (օմբուդսմենին), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, Հաշվեքննիչ պալատի անդամներին և Կենտրոնական բանկի նախագահին։

Առանց խորհրդարանի պատգամավորների ձայների առնվազն 2/3-ի աջակցության՝ իշխող ուժը չի կարող հանրաքվեի դնել Սահմանադրության հիմնարար հոդվածների փոփոխությունները, ներառյալ նրա նախաբանին վերաբերող դրույթները։

Զաբելա Ավագյան

Նորություններ