«Ես Արցախը հիշում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք ծնկած»․Արեգա Հովսեփյան
«Այսօր համազգային սգո է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր, Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, ամբողջ հայության հպարտությունը և վերջին տասնամյակների առնվազն, եթե ոչ հարյուրամյակի գլխավոր ձեռքբերումն ու հաղթանակը: Ես Արցախը հիշում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք ծնկած: Եվ արցախցիներին ընկալում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք ծնկած»,-այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ այսօր հիշում ենք մեր հերոսների վերջին պատվո մարտը, ովքեր որ մինչև վերջին փամփուշտը կանգնել են պաշտպանելու հայրենիքը, որովհետև թիկունքում արդեն իրենց ընտանիքներն էին արդեն նահանջի տեղ չկար․«Մենք եկել ենք այստեղ նրանց հիշելու, ասելու, որ մենք նրանց պարտական ենք և մենք իրենց հիշողությունը միշտ վառ ենք պահելու»:
Պատգամավորը նշեց, որ այսօր արցախցիները սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն․«Այդ խնդիրներն այնքան շատ են, որ արցախցիներն արդեն չգիտեն, թե որ դուռը ծեծեն: Սա նաև ես համարում եմ պետական հատուկ քաղաքականություն, որպեսզի արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը։ Չկա Արցախ, չկան արցախցիները, Հայաստանում չկա արցախյան էջը, ես այսպես եմ մեկնաբանում»։
Նա վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը արցախցիների աջակցութան ծրագրեր է մշակել, ԱԺ հանձնաժողովում առանձին քննարկվելու է արցախցիների սոցիալական հարցերը, ուստի այս խմբակցությունն էլ առաջարկություններով հանդես կգա։
Անդրադառնալով Ադղրբեջանի նախագահի օգնական Հաջիևի՝ Գանձասարում գործողություններին, պատգամավորը պղծություն համարեց դա ու նշեց, որ հայկական ժառանգության հանդեպ Ադրբեջանի գործողությունները պետք է խիստ գնահատականի արժանանան Երևանի կողմից․«Մենք ենք մեր մշակույթի, մեր պատմության և մեր ինքնության տերը․․․Այնուամենայնիվ, մենք ունենք բազմաթիվ հարցեր, օրինակ այն մարդկանց ու այն ներկայացուցիչներին, ովքեր որ եվրոպական արժեքներից են խոսում, բայց գնալով Արցախ լեգիտիմացնում են բռնի ուժով ստեղծված ստատուս քվոն և իրենք իրենց հակասում են, հակասում իրենց եվրոպական արժեքներին»։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի հայաթափման 3-րդ տարին է։ Երեք տարի առաջ՝ 2026-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց ամիսներ շարունակ շրջափակված Արցախի նկատմամբ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով 105 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին ու ապաստանեցին Հայաստանում:
Ադրբեջանը նաև գերեվարել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին ու Ռուբեն Վարդանյանին: Մի քանի տարի տևած Բաքվի շինծու, կեղծ դատաքննություններից հետո նրանք բոլորն այս տարվա սկզբին դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝ ռազմական ծանր հանցագործությունների մեղադրանքով:
2023-ի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 200-ից ավելի մարդ է զոհվել, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 մարդ համարվում է անհետ կորած։
