«Եթե մարտեր, ապա գոնե կանոններով։ Էն դաժան ծեծկռտուքը տեղի չի ունեցել, հուսով եմ՝ տեղի չի ունենա»․Ռուբինյան | Region

«Եթե մարտեր, ապա գոնե կանոններով։ Էն դաժան ծեծկռտուքը տեղի չի ունեցել, հուսով եմ՝ տեղի չի ունենա»․Ռուբինյան

Հոկտեմբեր 06,2026 16:51

«Եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, հայկական կողմին ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի։ Մենք չունենք նպատակաուղղված ներխուժման խնդիր Ադրբեջանի կողմից։ Երբ սարերում ամբողջ տարածքով մեն-մենակ մի հոգի է անցնում, դա շատ դժվար է վերահսկել, ինչը չես ասի մի քանի հոգու, վաշտի կամ գնդի դեպքում։ Դա այնքանով վախենալու չէ, որ չի կարող նպատակաուղղված մենակով օպերացիա կատարել։ Անվստանգության առումով անհանգստության կարիք չկա և պատճառ էլ չկա»,- այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Շաքի գյուղ ներթափանցած  ադրբեջանցի զինծառայողի դեպքին։

Ռուբինյանի խոսքով՝ քանի դեռ խաղաղության պայմանագիր կնքված չէ, 2,5  տարվա ընթացքում գեթ մեկ հայ զինվոր հակառակորդի կրակոցից չի զոհվել։

Նա նշեց, որ այն սահմանը, որով հատել է ադրբեջանցի զինծառայողը, սահմանազատված չէ, ապա հավելեց․«Հայաստանի և Ադրբեջանի սահմանն ամենամեծ սահմանն է, որ Հայաստանն ունի, և դա այն սահմանն է, որը սահմանազատված է մասնակիորեն։ Այն նաև խրամատավորված սահման է, մի մասում սահմանապահներն են, մյուս մասում՝ զինված ուժերը, և այսպես շարունակ։ 1991 թվականից սկսած (ես չեմ խոսում դիվերսիոն դեպքերի մասին) մշտապես եղել են դեպքեր, երբ երկու կողմի զինվորներն այս կամ այն պատճառով անցել են մյուս կողմը, և հիմնականում նման դեպքերում, հատկապես վերջին շրջանում, երբ խաղաղություն է հաստատված, կողմերը միմյանց վերադարձրել են զինծառայողներին։ Բացառություն են այն դեպքերը, երբ այդ զինծառայողները չեն ուզել վերադառնալ կամ գործ ունենք հանցագործության հետ։ Այս դեպքում նույնպես պետք է պարզվի, թե ինչ պայմաններում է նա հատել Հայաստանի սահմանը՝ արդյոք դասալի՞ք է, թե՞ մոլորվել է։ Ենթադրում եմ՝ դասալիք է»։

ԱԺ նախագահն իր խոսքում նշեց, որ սահմանը հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է հանցագործություն՝ ներխուժել է մարդկանց տուն, կրակել բնակիչների վրա, և դրա համար նրան առաջադրված է մեղադրանք, որը պետք է իր հունով գնա։

«Մեր ընդդիմադիրները մի տեսակ շատ ուրախ են, որ այս միջադեպը տեղի է ունեցել, և իրենց ձեռքում հայտնվել է կռվան՝ ասելու՝ տեսա՞ք, սա՞ էիք բերում որպես խաղաղություն։ Բայց ես ուզում եմ կրկնել, որ տվյալ սուբյեկտը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանից իր ծառայության վայրը ապօրինի կերպով լքած, ապօրինի կերպով Հայաստանի սահմանը հատած և հետո հանցագործություն կատարած անձը»,– ասաց Ռուբինյանը։

Անդրադարձավ այսօր խորհրդարանում պատգամավորների միջև տեղի ունեցած վեճին ու քաշքշոցին, Ռուբինյանն ասաց, որ կողմնապահություն չի անում․«Եթե ես կողմնապահություն անեի, ես ձեզ վստահեցնում եմ, որ իրենց համար այս միջադեպը շատ վատ ավարտ կունենար։ Ընդհանուր առմամբ, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց, ցավոք, պետք է ասեմ, որ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում։ Հիմնականում այդ կուսակցության Հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են աչքի ընկնում բարոյական բավականին ցածր մակարդակով, և դա երևում է նիստերի դահլիճում իրենց պահվածքից։ Չեմ կարող ասել՝ այդ գործողությունները հենց կուսակցության կողմի՞ց են նպատակաուղղված, թե՞ խմբակցությունն է բավարար չափով թույլ՝ թույլ չտալու տեղի ունեցածը, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն խոսքին, թե մենք կարևոր օրակարգային թեմաներից ենք շեղել, խորհուրդ կտամ նորից նայել նիստի սկիզբը և հասկանալ, թե այդ ի՞նչ կարևոր օրակարգային թեմաներից ենք շեղել»։

Հարցին՝  ԱԺ-ում այսօրվա միջադեպը և ձեր այս խոստովանությունը արդյո՞ք խոսում է այն մասին, որ բարեվարքությունը, որի մասին սկզբում հայտարարում էիք և փորձում էիք պահպանել, դա չեղարկված է և արդեն մարտեր առանց կանոնների ռեժիմի  անցնում է ԱԺ-ում, Ռուբինյանը պատասխանեց․«Սա չի նշանակում, որ չեղարկվել է բարեկրթության մթնոլորտը պահելու հրամայականը: Ասեմ ավելին, էլ ավելի է ընդգծվել, որովհետև այդ մթնոլորտը շատ տհաճ է, երբ որ անընդհատ լարում է լինում: Ոչ, մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք։ Եթե մարտեր, ապա գոնե կանոններով։ Նաև չեմ կարծում, որ պետք է չափազանցնել այսօրվա միջադեպի մասշտաբը, որովհետև ամեն դեպքում հրմշտոց էր, որը շատ վատ էր, բայց էն մեր դասական, այն մեր «սիրած» այն ծեծկրտունքը դեռ չէր էլի: Ներողություն եմ խնդրում, եթե այդ առումով ձեզ հիասթափեցրել ենք, բայց դեռ այն դաժան ծեծկռտուքը տեղի չի ունեցել, հուսով եմ՝ տեղի չի ունենա»:

Լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմությունը բոյկոտելու է եկեղեցու ճգնաժամի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքները, նրանք այդ հանձնաժողովը հակասահմանադրական են համարում, ԱԺ նախագահն արձագանքեց՝ ընդդիմության իրավունքն է այդ աշխատանքները բոյկոտել․«Մենք այլ սպասելիք չունեինք էլ։ Ակնհայտ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետաքրքրված չեն իրենց գործընկերների, իրենց հանցակիցների ամբողջական գործողությունների և խայտառակ հանցագործությունների ներկապնակը հանրության առաջ բացահայտելու հարցում։ Կտրիճ Ներսիսյանն իրենց հանցակիցն է քաղաքական իմաստով, նրա եղբայրը, ով ապացուցված ԿԳԲ-ի գործակալ է եղել, նրանց քաղաքական կոմպանյոնն է ու գործընկերը, և այն բոլոր հոգևորականները, որոնք բազմաթիվ եկեղեցական խախտումներ են կատարել և խախտել են իրենց ուխտն Աստծո առաջ, նրանք նույնպես իրենց գործընկերներն են։ Նորմալ է, որ մեր գործընկերները հետաքրքրված չեն, և իրենց բոյկոտն էլ չի խանգարելու, որ այդ աշխատանքները տարվեն»։

Նշենք, որ այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն  էլ անդրադառնալով Շաքիի դեպքին, ասել է, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցումից հետո սպառնալիք կա, որ նոր դեպքեր կլինեն։

Նա  ասել է, որ իշխանությունները ցանկանում են կոծկել անվտանգային համակարգում առկա խնդիրները․ «Եկեղեցու հարցն օրակարգ բերելը նպատակ ունի շեղել հիմնական օրակարգից, այսինքն՝ Շաքի գյուղի միջադեպից։ Բայց մենք առաջ ենք տանելու հիմնական օրակարգը, մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»։

Նշենք նաև, որ Շաքիի դեպքից հետո ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Բացի այս, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծել Շաքիում տեղի ունեցած դեպքի ու զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ուսումնասիրելու համար։ Այս նախաձեռնությանը միացել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։

Տիրուն Մարգարյան

Նորություններ