ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Ամերիկայի Միացյալ Նահահանգները, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծման մասին՝ առաջ մղելու TRIPP նախագիծը:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։
«Այս ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը։
Տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ՝ կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Տեխնիկական պլանավորման այս խմբերի ձևավորումը կարևոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման և իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։
Կողմերը վերահաստատել են ԹՐԻՓՓ-ի բոլոր բաղադրիչների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում գործարկումն ապահովելու իրենց համապատասխան հանձնառությունները»,-ասվում է հայտարարության մեջ։
TRIPP-ը հայ – ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ է․այն Սյունիքի մարզով Նախիջևանը կապելու է Ադրբեջանի հետ: TRIPP նախագիծը ներառում է ավտոճանապարհ, երկաթուղի, նավթատար, գազատար խողովակաշարեր, էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի գծեր: Հայաստանի տարածքում, ինչպես պնդում է ՀՀ իշխանությունը, ենթակառուցվածքները գործելու են բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության և օրենսդրության ներքո։
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։
