«Մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանի ազնիվ խոսքին». Աննա Գրիգորյանը՝ վարչապետի առաջարկի մասին
«Երկու օր է՝ իշխանությունը փորձում է մի նարատիվ առաջ տանել, որ խաղաղության համար խոչընդոտը իբրև թե Հայաստանի ընդդիմությունն է։ Ես նախօրեին էլ ասացի, հիմա վերահաստատում եմ, որ խաղաղության խոչընդոտը Հայաստանում չէ, Հայաստանից դուրս է, և Ադրբեջանն ու ադրբեջանական քաղաքականությունն է, որ խոչընդոտվում է խաղաղությունը։ Հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ։ Հակառակ պարագայում Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանը պատրաստակամություն կհայտներ ստորագրելու»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Երեկ Փաշինյանը ընդդիմությանն առաջարկ է արել նոր Սահմանադրության վերաբերյալ․«Եթե ժողովուրդը կմերժի նոր Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը այո կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու։ Սա մի առաջարկ է, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, որովհետև եթե ընդդիմությունը հրաժարվի ինձ հեռացնելու այս տարբերակներից, մենք ենք իրենց հեռացնելու»։
Փաշինյանը քանի օր է՝ պնդում է՝ ընդդիմությունն է խոչընդոտը խաղաղության, քանի որ հրաժարվում է նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնել։
Գրիգորյանը պնդել է ավելի վաղ արած իրենց դիրքորոշումը՝ «Հայաստան» խմբակցությունը Ալիևի սահմանադրությանը կողմ չի քվեարկելու։
Անդրադառնալով Փաշինյանի առաջարկին, Գրիգորյանն ասել է․«Ես հիմա հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին գեղեցիկ խաղ է առաջարկել՝ իր պատկերացմամբ, որ իբր ինքը հեռանում է, այսինքն փորձելով ինչ-որ կերպ նաև մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որպեսզի այդ հարցերը բարձրաձայնեն, թե՝ ինչու չգնանք հանրաքվեի, որպեսզի իշխանությունը՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Նախ ինքը ասում է՝ ես դրա համար իմ ամբողջ վստահելիությունը, քաղաքական կապիտալը դնում եմ սեղանի վրա։ Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մի մարդ ամեն օր գա ձեզ մի բան ասի ու հաջորդ օրն ասի՝ իրավիճակ է փոխվել, էս իրավիճակում ես այդպես չեմ կարծում, եթե մի մարդ ամեն օր ստի, խրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք, այսինքն որտե՞ղ է այդ երաշխիքը, եթե այդ ամբողջ պատկերացրած իր գործարքի առանցքը այն է, որ ինքը՝ «ազնիվ խոսք հեռանալու եմ», թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին։ Այսինքն իր այդ առաջարկը իսկապես չի կարող որևէ կերպ վստահելիություն ունենալ ընդդիմության մոտ»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ալիևյան սահմանադրությանը ավելանում է նաև Փաշինյանի հեռանալու առաջարկը, ասում ենք՝ այդտեղ էլ ընդհանրապես վստահելիություն չունես․«Նախորդ հարց ու պատասխանի ժամանակ հարց ես տալիս, ասում ես՝ նախկինում նման դիրքորոշում եք ունեցել, նախկինում նման բան եք ասել, ասում է՝ դե հա, նախկինում լիքը բան եմ ասել, իրավիճակ է փոխվել։ Բա որ հիմա էլ մի տարի հետո ասի՝ բայց գիտեք իրավիճակ է փոխվել, ես հիմա ստիպված եմ շարունակել լինել վարչապետի պաշտոնում և այլն։ Մենք որևէ կերպ չենք վստահում Նիկոլ Փաշինյանի ազնիվ խոսքին»։
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է․ «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեին, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե կողմ է քվեարկում, հաջորդ ընտրություններին՝ հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվում վարչապետի թեկնածու»։
Արդյոք այս տարբերակն ընդդիմությունը քննարկում է, Գրիգորյանն այս հարցին պատասխանել է՝ իշխանության հետ իսկապես գործարքի գնալն անիմաստ է, որովհետև ոչ տեսականորեն, ոչ գործնականորեն Նիկոլ Փաշինյանը չի կարող այնպիսի մի բան առաջարկել, որից ինքը կտուժի, որից իր քաղաքական թիմը կտուժի։ «Ո՞նց եք պատկերացնում՝ ինքն ամեն գնով իշխանություն պահած մարդը պիտի գա մի բան առաջարկի, որով ինքը կամ իր քաղաքական թիմը տուժելու է։ Աբսուրդ է, կրկնում եմ՝ եթե ամեն օր մարդը ձեզ սուտ ասի, դուք հաջորդ իր առաջարկին ո՞նց կվերաբերվեք։ Ի՞նչ է ասվում, որ հիմա՝ եկեք տանենք ժողովրդի դատին ներկայացնենք այս նոր սահմանադրությունը։ Մենք ասում ենք, որ այդ դատը կայացվել է հունիսի յոթին, և սահմանադրական մեծամասնություն չի ստացել ՔՊ-ն։ Հիմա մեծ հաշվով առաջարկը հետևյալն է նրանց կողմից, որ ոչ թե ներկայացվի ժողովրդի դատին, որովհետև ժողովրդի արձագանքը իրենք ստացել են արդեն հունիսի 7-ին և կարծես թե չեն վիճարկել դա սահմանադրական դատարանում։ Իրենք առաջարկում են, որ այդ օրակարգը գնա և օրինակ ներկայացվի Վահագն Հովակիմյանի դատին, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարն է, և որի գործողությունները մենք տեսանք վերջին ընտրությունների ժամանակահատվածում՝ մանդատագող են այդ մարդիկ, այսինքն ուզում են ասել, որ մենք ունենալով նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ ունենք նույն դատախազը, որ ունենք նույն հակակոռուպցիոն կազմը, որ ունենք էս ամբողջ փաթեթով իրենք պատկերացնում են, որ կարող է ընդդիմությունը որևէ կերպ տրամաբանական համարել էս գործընթացը, բնականաբար՝ ոչ»։
Գրիգորյանին հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ «եթե ՀՀ-ում բռնապետություն լիներ, թաթիկներիցդ կբռնեին, քվեարկել կտայինք»։ Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ եթե այսպես ասած կոնսենսուս չլինի ձեր միջև վերջնական տարբերակով, Փաշինյանը հենց այդպես էլ կվարվի, Գրիգորյանը պատասխանեց․« Ես հասկանում եմ, որ ինքը ձգտում է բռնապետության։ Ասում է՝ կստիպենք այսպես, կստիպենք այնպես, բա այս ստիպելու գործընթացը նաև այն, ինչ որ հիմա տեղի է ունենում քաղաքական ուժի ղեկավարների, նրանց ընտանիքների և համակիրների շրջանում, ի՞նչ է։ Այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդը գտնվում է ԱԱԾ-ում, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը գտնվում է ԱԱԾ-ում։ Ուրիշ ի՞նչ անի ինքը։ Բնականաբար բոլորի վրա քրեական գործերը…»։
Գրիգորյանը կրկնեց՝ չեն ընդունում Փաշինյանի առաջարկը․«Ասում է՝ կգնամ, մենք էլ ասում ենք՝ դու վստահելիություն չունես մեզ մոտ, մենք քեզ որևէ կերպ չենք հավատում, որ դու հնարավոր է քո խոստումը որևէ կերպ պահես»։
Պատգամավորի կարծիքով՝ նոր Սահմանադրության ընդունումը պետք է աննախադեպ հանրային կոնսենսուսի մթնոլորտում լինի․«Ինչքան այսօր է հայ հասարակությունը բևեռացված, երբեք չի եղել, և սահմանադրության ընդունումը՝ կարևորագույն նման փաստաթղթի ընդունումը, չի կարող նման պառակտվածության տրամաբանության ներքո լինել»։
