Արդյո՞ք Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչների գործը կհասնի ՄԻԵԴ | Region

Արդյո՞ք Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչների գործը կհասնի ՄԻԵԴ

Նոյեմբեր 20,2026 18:00

Լոռու մարզի Մեծ Այրում և ճոճկան գյուղերի 70 բնակիչ 2021թ․-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ)։

Կոմբինատի «Նահատակ» պոչամբարը  (մակերեսը՝ 13,7 հա) գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջև, և ըստ հայցվորների, բնակիչները տևական ժամանակ ենթարկվում են պոչամբարի վնասակար ազդեցությանը, կանգնած են ծանր հիվանդություններ ձեռք բերելու վտանգի առաջ։ Նշում են նաև, որ պոչամբարը և հանքավայրի գոտին զգալի վնասներ են հասցրել իրենց այգիներին ու բանջարանոցներին։

Հայցվորներից մեկը՝ Ճոճկանի բնակիչ Սամվել Սիրադեղյանը, Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ 2018-2021 թթ.-ին չեխական «Առնիկա» կազմակերպությունը հայ գործընկերների հետ ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների հետազոտություն է իրականացրել։

Ըստ «Առնիկա»-ի հետազոտության՝ Ախթալա քաղաքի և հարակից բնակավայրերի հողերում՝ Շամլուղի բաց հանքի և «Նահատակ» պոչամբարի մոտ, արձանագրվել է պղնձի, ցինկի, կապարի, քրոմի, մկնդեղի բարձր մակարդակ: Ճոճկան գյուղի հողատարածքներում, որոնք ոռոգվել են Դեբեդի ջրով, նույնպես ծանր մետաղների բարձր մակարդակ է եղել:

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզում 2 քրեական գործ կա հարուցված՝ 2021 և 2025 թվականներին, երբ պոչամբարներից կամ դեպի պոչամբար գնացող ուղիներից արտահոսքեր են տեղի ունեցել։

Ըստ Սամվել Սիրադեղյանի՝ դատական գործընթացում առայժմ որևէ առաջընթաց չկա, և ՀՀ-ում արդյունքի չհասնելու դեպքում հայցվորները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ