«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի». 4 միջպետական գանգատ՝ միջազգային դատարանում | Region

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի». 4 միջպետական գանգատ՝ միջազգային դատարանում

Ապրիլ 17,2024 14:05

– Միջազգային դատարանում Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի.  

– Լեմկինի ինստիտուտի արձագանքը Բաքվի պնդումներին.

 

Ապրիլի 15-19-ը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում տեղի կունենան «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով հանրային լսումներ: Դատարանում քննվում են Հայաստանի հայցի վերաբերյալ Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ փաստարկները: Ադրբեջանի հայցի վերաբերյալ Հայաստանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները նախատեսված են ապրիլի 22-26-ը: Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի։ Առաջինը վերաբերում է 44- օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին, երկրորդը՝ գերեվարված հայերի ապօրինի դատավարություններին, երրորդը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների զինված ներկայությանը և դրանից բխող մարդու իրավունքների խախտումներին, չորրորդը՝ Արցախում տեղի ունեցած խախտումներին, այդ թվում՝ արցախահայության բռնի տեղահանմանը։

Ապրիլի 15-ին Ադրբեջանը խնդրել է ՄԱԿ-ի Գերագույն դատարանին մերժել Հայաստանի կողմից հարուցված գործը, ըստ որի Ադրբեջանը մեղադրվում է էթնիկ զտումների մեջ: Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դատարանին հայտնել է, որ Հայաստանի երրորդ բողոքը անհիմն մեղադրանքներ է պարունակում ռազմական հակամարտության ժամանակ հայ զինվորների, զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, և որ Ադրբեջանը կտրականապես չի ընդունում դա: Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գրեթե բոլոր ձերբակալվածներին և ռազմագերիներին, լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվողներից միայն մի քանիսն են կալանավորված կամ գտնվում են հետաքննության տակ: Հայաստանի ներկայացուցիչ Կիրակոսյանը հերքել է Ադրբեջանի պնդումները։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը միջազգային դատարանում: Հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը նշում է. «մինչ Ադրբեջանը «եզրափակիչ զտում» էր իրականացնում Ստեփանակերտում՝ շարունակելով ջնջել Հայկական ժառանգության և ինքնության հետքերը Արցախում,  միջազգային դատարանում հայտարարում է, թե իբր առաջարկել է հեշտացնել հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր փախստականների և տեղահանվածների վերադարձը իրենց տներ:

Ապրիլի 16-ին Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների համար: «Բազմամյա սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտել է տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը»,- լսումների երկրորդ օրը հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է. «2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետությունն իրականացնում է հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող քաղաքականություն։  Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ռասայական խտրականության քաղաքականություն է սերմանել։  Ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն, պետական պաշտոնյաները կոչ են անում բնաջնջել հայերին: Դա պետության կողմից հովանավորվող ռասիզմ է: Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ հերքել է հայատյացությունն այն միջավայրում, որտեղ կացնով մարդասպանները պարգևներ են ստանում և փառաբանվում որպես ազգային հերոսներ՝ խաղաղ պայմաններում հայերի սպանությունների համար»:

Հայկական կողմի շահերը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին իր խոսքում խոսել է Ադրբեջանում խրախուսվող հայատյացության քաղաքականության մասին: Մասնավորապես, նա ցույց է տվել լուսանկարներ այսպես կոչված «ռազմավարների պուրակ-թանգարանից», ինչպես նաև ներկայացրել է պետական մակարդակով հայատյացության խրախուսման փաստեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները տրամադրելու խոստմանը՝ պրոֆեսորը նշել է, որ նման անորոշ հավաստիացումները բավարար չեն էթնիկ հայերին վերադարձնելու համար՝ հաշվի առնելով ադրբեջանցիների ատելությունը նրանց հանդեպ: «Ադրբեջանը պետք է դուրս բերի իր բոլոր զինվորականներին ու իրավապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերից, որոնք գրավվել են սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ: Բաքուն չպետք է խոչընդոտի ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերն և հայ բնակչության հետ շփումները։  Ադրբեջանը պետք է զերծ մնա պատժիչ գործողություններից Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների և ռազմական հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները, մշակութային եւ կրոնական ժառանգությունը», – եզրափակել է Մերֆին։

Նշենք, որ Հայաստանը Ադրբեջանի հետ դատաքննություն է սկսել ՄԱԿ-ի Հաագայի դատարանում 2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով: Դատարանի կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի հայտարարությունը պարունակում է, մասնավորապես, Ադրբեջանից պահանջ՝ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և անազատության մեջ պահվող մյուս ձերբակալվածներին, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո տեղի ունեցած զինված բախումների ժամանակ, զերծ մնալ էթնիկ հայերի կամ այլ ազգության մարդկանց նկատմամբ ատելություն հրահրելուց, ապահովել հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության հասանելիության և օգտագործման իրավունքը՝ դադարեցնելով տվյալ օբյեկտների վանդալիզմի, ոչնչացման ու փոփոխման դեպքերը, և պատժելով դրանց հեղինակներին: Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորներն ու խաղաղ քաղաքացիները ենթարկվում են ծաղրի և նվաստացուցիչ վերաբերմունքի: Բաքվում քրեական դատավարություններ են ընթանում հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրանքներ են ներկայացվում շինծու քրեական գործերով:

Իր հերթին, Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի վերաբերում էր հակահետևակային ականներին, որոնք իբր Հայաստանի կողմից տեղադրվել են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո: Հաագայի ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը 2021թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ է կայացրել։  Դատարանը Ադրբեջանից պահանջել է բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020 թվականի հակամարտության հետևանքով ձերբակալված բոլոր այն անձանց, ովքեր մնում են կալանքի տակ և ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խրախուսումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա։

Հաագայի դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները՝ միաժամանակ մերժելով Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը:

Միջազգային դատարանն ընդունել է, որ Հակարի անցակետի տեղադրումը 2020 թվականի եռակողմ հայտարարության լուրջ խախտում է և արվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով։ Դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

2023 թվականի սեպտեմբերի 28-ին Միջազգային դատարան են ներկայացվել նոր պահանջներ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման հետ կապված Հայաստանի կողմից միջանկյալ միջոցների վերաբերյալ։ Դատական գործում Ադրբեջանը մեղադրվում է հայերի նկատմամբ ռասիզմը խրախուսելու, հայերի նկատմամբ ատելություն սերմանելու և հայկական մշակութային օբյեկտները ոչնչացնելու մեջ: Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին դատարանը Հայաստանի գործով արտակարգ միջոցներ ձեռնարկեց՝ Ադրբեջանին հրահանգելով սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերին թույլ տալ վերադառնալ: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում բոլոր հայերի անվտանգությունը, նաև պահպանել տարածաշրջանում մարդկանց գրանցման բոլոր տվյալները և մասնավոր սեփականության փաստաթղթերը:

 

   Զաբելա Ավագյան

Նորություններ