ՔՊ-ական պատգամավորի հետ բախված տղային 1-4 տարվա ազատազրկում է սպառնում
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով Սամվել Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք: Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ վարույթն ի սկզբանե նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի 1-ին մասով, հետո լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում: Երևանի քննչական վարչության շենքի մոտ տղայի մայրը կորցրեց գիտակցությունը:
«ՔՊ-ն իր պաշտոնական էջով տարածեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որը հանձնարարություն էր իրավապահ մարմիններին, դրանով նա ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել այս գործընթացի համար: Մենք հասկանում ենք, որ բանտային կալանքի միջնորդության հավանականությունը շատ մեծ է», -հայտնեց Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանները հայտնեցին նաև, որ պատրաստել են նաև Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով հանցագործության մասին հաղորդում: Խոշտանգումը տեղի էր ունեցել տղայի ձերբակալությունից հետո: Ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դիմակավորված անձինք Սամվելին ծեծել են, ըստ փաստաբանների, նրան դուրս են հանել մեքենայից, ծնկի բերել ու հարվածել: Ծեծն ուղեկցվել է ստորացուցիչ հայհոյանքներով ու արժանապատվությունը վիրավորող խոսքերով ու քայլերով: