Բաքվում պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Բահրուզ Սամեդովը
– Բաքվում ձերբակալել են քաղաքագետ, Ալիևի քննադատ Բահրուզ Սամեդովին։
-«Այդ երկրում չի մնա մեկը, ով կարող է ճշմարտությունն ասել». Վիգեն Չեթերյան
– COP 29-ի նախօրեին Ալիևը «մաքրում» է երկիրը քաղաքացիական հասարակության փշրունքներից
Ադրբեջանում արդեն մեկ տարի բռնաճնշումների նոր ալիք է։ Լրագրողներին, ընդդիմադիրներին, բնիկ ժողովուրդների ակտիվիստներին և այլ քննադատներին իշխանությունները բանտ են ուղարկում շինծու մեղադրանքներով, օրինակ՝ թմրանյութեր պահելու, պետական դավաճանության կամ արտարժույթի մաքսանենգության համար։ Փորձագետների կարծիքով՝ այժմ Ադրբեջանում բռնաճնշումներ են տեղի ունենում, որոնք աննախադեպ են Իլհամ Ալիևի կառավարման ողջ ընթացքում:
Օգոստոսի 21-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է 28-ամյա քաղաքագետ, ադրբեջանցի հայտնի գիտնական Բահրուզ Սամեդովը: Սամեդովն ապրում է Պրահայում և աշխատում է Կարլի համալսարանում դոկտորական ատենախոսության վրա։ Ձերբակալման պահին նա գտնվում էր Բաքվում արձակուրդում՝ այցելելով ընտանիքին և ընկերներին։ Սամեդովը, որը Հայաստանի հետ խաղաղության կողմնակից է, ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով, իբր հայտնաբերվել է հայերի հետ նրա նամակագրությունը, և իբր նա նրանց պատվերով հոդվածներ է գրել։ Ըստ «Թուրան»-ի քաղաքագետ Բահրուզ Սամեդովի ճակատագիրը ձերբակալությունից երկու օր անց անհայտ է մնում։ Բահրուզի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, հայտնել է, որ իրավապահ մարմինները պաշտոնապես տեղյակ չեն պահել հարազատներին ձերբակալության պատճառների մասին:
Բահրուզը զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուսումնասիրությամբ և նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի անզիջում քննադատներից մեկն է: Քաղաքագետն իր վերջին հոդվածներից մեկում մասնավորապես գրել է. այն մասին, որ «արևմտյան ինստիտուտներն արդեն վաղուց քննադատում են Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումը մարդու իրավունքների խախտման համար, հատկապես՝ արմատական կերպով ոչ լիբերալ եւ ավտորիտար աշխարհի կողմը թեքվելու համար, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումից հետո, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, իսկ հայ բնակչությունը, բախվելով գոյատեւման սպառնալիքին, դուրս եկավ այնտեղից։
Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքացիական հասարակության մի քանի անդամներ և անկախ լրագրողներ, որոնց մեղադրել են «լրտեսության և օտարերկրյա շահերի համար աշխատելու» մեջ:
Բահրուզն այն սակավաթիվ ադրբեջանցի հասարակական գործիչներից էր, որը բացահայտ դեմ էր արտահայտվել պատերազմին և Արցախից հայ բնակչության բռնի տեղահանմանը, չէր վախենում քննադատել հայատյացությունը, որի վրա Ալիևը կառուցում է իր գաղափարախոսությունն Ադրբեջանում: Նա նաև հոդվածներ է գրել Ադրբեջանում ավտորիտարիզմի և այլատյացության մասին։ Քաղաքագետը պարբերաբար սպառնալիքներ էր ստանում Ալիևի կողմնակիցներից, որոնք նրան դավաճան ու հայ էին անվանում, Սակայն, չնայած վտանգին, նա պարբերաբար մեկնում էր Ադրբեջան:
Սամեդովը հայտնի է նաև արևմտյան ԶԼՄ-ներում և վերլուծական պարբերականներում Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական հոդվածների և մեկնաբանությունների հրապարակումներով: Նա OC Media հրատարակության հեղինակն է և հայտնի է իր պացիֆիստական հայացքներով:
Սամեդովի ձերբակալությունը տեղի է ունեցել էթնիկ թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի ձերբակալությունից մոտ 1 ամիս հետո: Վերջինիս ևս ձերբակալել էին պետական դավաճանության մեղադրանքով:
Այս լուրին արձագանքել են բազմաթիվ հայտնի գիտնականներ, լրագրողներ և ակտիվիստներ։ Chatham House-ի աշխատակից Լոուրենս Բրոերսը X-ում նշել է, որ «Ադրբեջանի ամենավառ երիտասարդ գիտնականներից մեկը՝ Բահրուզ Սամեդովը, ձերբակալվել է Բաքվում անցկացվելիք COP29-ից երեք ամիս առաջ։ Բահրուզը կարևոր ձայն էր խաղաղության մասին լրատվամիջոցների բանավեճերում և մեկնաբանություններում: Հուսով եմ, որ նա ազատ կարձակվի որքան հնարավոր է շուտ»:
«Ադրբեջանական պետությունը լռեցնում է իր ամենավառ ներկայացուցիչներին», – գրել է լիբանանահայ գիտնական, լրագրող և գրող Վիգեն Չեթերյանը. «Ադրբեջանում չի մնա մեկը, ով կարող է ճշմարտությունն ասել իր անցյալի մասին և հաղորդել նրա ներկայի մասին. կմնան միայն պետական սուտը կրկնող մարդիկ»:
Իրավապաշտպանները նշում են, որ վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում Իլհամ Ալիևի իշխանության օրոք ամենամասշտաբային բռնաճնշումները: Նրանց տվյալներով՝ Ադրբեջանում այսօր ավելի քան 300 քաղբանտարկյալ կա։ Բանտերում են հայտնվել տասնյակ լրագրողներ, որոնց սկսել են ձերբակալել անցյալ տարեվերջին՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։ Մի քանի անգամ երկարացրել են նրանց կալանքի ժամկետները: Ռեժիմի քննադատների շրջանում հույս կար, որ, հնարավոր է, նրանց ազատ կարձակեն կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախաշեմին, սակայն այս ամիս ավելի են խստացրել որոշ լրագրողների մեղադրանքները և նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Բանտ են ուղարկում նաև քաղաքական ակտիվիստներին, իրավապաշտպաններին և գիտնականներին։ Ապրիլին առողջական վիճակի պատճառով տնային կալանքի տակ էին թողել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հայտնի տնտեսագետ եւ գիտաշխատող Գուբադ Իբադօղլուին։ Մեկ ամիս անց ձերբակալվել է մեկ այլ գիտնական՝ Ֆազիլ Գասիմովը, իսկ հունիսին՝ ազգագրագետ Իգբալ Աբիլովը, ով զբաղվում էր Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ուսումնասիրությամբ։ Վերջինիս, ինչպես և Բահրուզին, մեղադրել են պետական դավաճանության մեջ։
Այս աշնանը Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի նախօրեին Ալիևը «մաքրում» է Ադրբեջանը քաղաքացիական հասարակության փշրունքներից, որպեսզի ոչ ոք չկարողանա հակառակվել հյուրերին հրամցվող այն պնդմանը, թե Ադրբեջանը նորմալ երկիր է: Ավտորիտար ռեժիմը, որն իր եկամուտների մեծ մասը ստանում է նավթի կեղտոտ արդյունահանումից, իրականացնում է էթնիկ զտումներ ու բռնաճնշումներ, և ՄԱԿ-ի շնորհիվ պատրաստվում է ձեռք բերել բնապահպան-պետության համբավ:
Զաբելա Ավագյան