Ինչ փոփոխություններ են նախատեսվում երեխայի ծննդի նպաստների տրամադրման գործընթացում
Երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի չորս նպաստ՝ նախկին երեքի փոխարեն։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային և այլ վճարումների բաժնի վարչության պետ Անահիտ Գալստյանն՝ անդրադառնալով երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։
Նրա ներկայացմամբ՝ առաջինը մայրության նպաստն է, տրվում է հղի կնոջը, ընդ որում՝ թե աշխատող, թե չաշխատող մայրիկներին, մյուս երեքը տրամադրվում է արդեն երեխայի ծնվելուց հետո՝ երեխայի ծնված միանվագ նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ Չորրորդ նպաստը, որը կներմուծվի օրենքի ընդունումից հետո, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի պետական նպաստն է։
Անահիտ Գալստյանի խոսքով՝ մինչ այժմ ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կապված երեխայի կարգաթվից՝ առաջին և երկրորդ երեխաների համար տրվում էր միանվագ 300 հազարական դրամ, որը մինչ այժմ տրվում է, իսկ երրորդ և ավելի երեխայի դեպքում 1 միլիոն դրամ, իսկ հինգ և ավելի երեխայի դեպքում՝ 1,5 միլիոն դրամ։ Սա միանվագ նպաստի գործող համակարգն է։
«Նախատեսվում է ծննդյան միանվագ նպաստի չափը համահարթեցնել, դարձնել 500 հազար դրամ՝ առաջին, երկրորդ, երրորդ և հաջորդող երեխաների դեպքում, անկախ երեխաների կարգաթվից, բոլորին նույն գումարը տրամադրել։ Իսկ կարգաթվի հետ կապված, բացառապես կվճարվի երրորդ և հաջորդող երեխայի կապակցությամբ տրվող պետական նպաստը»,-ասաց Անահիտ Գալստյանը։
Նա ասաց, որ 2022 թվականի հունվար ամսից հետո ծնված երեխաների կապակցությամբ՝ ընտանիքներին տրամադրվում է 50 հազարական դրամ՝ յուրաքանչյուր ամիս, մինչև երեխայի 6 տարեկան լրանալը։ Որպեսզի, այս եկամուտները տրամադրվեն, պայմանն այն է, որ երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ։ Օրինակ՝ եթե ընտանիքում եռյակ ծնվի, յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքը կստանա 50․000 դրամ մինչև երեխաների 6 տարին լրանալը։ Երեխայի ծնողները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։
Անահիտ Գևորգյանը նշեց, որ պետական բյուջեից տրվող այն դրամական աջակցությունները, որոնք տրվում են պարբերական սոցիալական վճարների հաշվով, դրանք այն գումարներն են, որոնք բացվում են միասնական սոցիալական ծառայության տրամադրված տվյալների հիման վրա և վճարվում են այդ հատուկ բանկային հաշիվներով։ Այդ հաշվով կատարված բոլոր անկանխիկ վճարումների նկատմամբ հաշվառվում է հետվճար։
«Այսօր 12% -ով առավելագույնը 6 հազար դրամ, հունվարի 1-ից հետվճարային դրույքը կկազմի 20% առավելագույն չափը 10 հազար դրամ։ Տվյալ դեպքում եթե մեր ընտանիքը, որոշի որ 50 հազար դրամը բացառապես անկանխիկ եղանակով է ծախսելու, ապա նրա վրա կհաշվվի 20% հետվճար և գործնականում ընտանիք ֆինանսական աջակցման չափը կդառնա 60 հազար դրամ»,-պարզաբանեց Գալստյանը։
Օրենքը ուժի մեջ կմտնի 2026թվականի սեպտեմբերի 1-ին և մինչ այդ ծնված երեխաների ընտանիքները կստանան գործող ծրագրով։
Տիրուն Մարգարյան
