Պատմություն Գյումրիում ինձ հյուրընկալած ընտանիքի մասին | Region

Պատմություն Գյումրիում ինձ հյուրընկալած ընտանիքի մասին

Սեպտեմբեր 02,2024 21:01

«Դեպի Հայք» կազմակերպությունը աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս կամավորական պրակտիկա անցնել Հայաստանում։ Որտե՞ղ և ինչպե՞ս են ապրում կամավորները, որոնք եկել են իրենց նախնիների երկիր:

Նրանք հիմնականում ապրում են հյուրընկալող ընտանիքում՝ կազմակերպիչների կողմից խնամքով ընտրված: Թեև հյուրընկալող ընտանիքի հետ ապրելը ծրագրի պարտադիր մաս չէ, «Դեպի Հայք»-ի կազմակերպիչները կամավորներին հորդորում են ընտրել կեցության այդ տարբերակը:

Իմ կարծիքով, դա ծրագրի շատ կարևոր կողմն է, և որպես «Դեպի Հայք»-ի ներկայիս մասնակից՝ բոլոր ապագա կամավորներին խորհուրդ եմ տալիս իրենց ժամանակն անցկացնել Հայաստանում՝ որպես հյուրընկալ ընտանիքի մի մասնիկ: Հայկական ընտանիքում ապրելը կամավորներին հնարավորություն է տալիս հասնելու «Դեպի Հայք»-ի հիմնական նպատակներից մի քանիսին` ինտեգրում հայ հասարակությանը, խորը ծանոթություն հայկական մշակույթին, կենցաղին և արժեքներին, ինչպես նաև հայոց լեզուն գործնականում սովորելու հնարավորություն:

Այս հոդվածում ընթերցողին կպատմեմ այն ​​ընտանիքի մասին, որի հետ ես այժմ ապրում եմ Գյումրի քաղաքի «Անի» թաղամասում։

Ընդամենը 3 շաբաթ հյուրընկալող ընտանիքիս հետ ապրելուց հետո կարող եմ վստահորեն ասել, որ ես արդեն ինձ զգում եմ ինչպես տանը: Կարծես տարիներ շարունակ այստեղ եմ ապրել:

Սա բարի, հյուրընկալ ընտանիք է, որը խնամում է ինձ, ինչպես իրենց երրորդ որդուն։ Ես ինձ շատ բախտավոր եմ համարում, որ նրանց հետ եմ։ Ամենևին չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա օրինակելի հայկական ընտանիք է։ Գյումրիում հայտնված ապագա կամավորներն ընդհանրապես չեն անհանգստանա, եթե իմանան, որ ապրելու են Լիանայի ու Ռոստոմի հետ։

Այս հրաշալի ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ ծնողները՝ Լիանան և Ռոստոմը, երեխաները՝ Անետան, Ռոբերտը և Վահեն։

Բարձրահասակ, հպարտ հայրը որմնադիր է աշխատում, մինչդեռ Լիանան նուրբ մայր է, տնային տնտեսուհի է։ Առանց կասկածի, զույգը կատարել է կյանքի ամենակարևոր և դժվար գործերից մեկը՝ հաջողությամբ դաստիարակել երեխաներին։ Երեքն էլ ուղղակի հրաշալի երիտասարդ են, նրանց հետ ապրելը հաճույք է։

Ավագ քույրը՝ Անետան, սովորում է Գյումրու պետական ​​բժշկական քոլեջում, ուզում է բուժքույր ու դեղագործ դառնալ։ Նա հաճույքով է սովորում, և ես չեմ կասկածում, որ հաջողության կհասնի։ Անետան սրտակից աղջիկ է, նա միշտ հետևում է, որ ինձ համար ամեն ինչ կարգին լինի։

Ռոբերտը կատարում է իր քաղաքացիական պարտքը, ծառայում է Հայաստանի Հանրապետության բանակի շարքերում։ Նրան մեկ տարուց մի փոքր պակաս է մնացել ծառայելու։ Ռոբերտը վերջերս արձակուրդում էր, և ես հնարավորություն ունեցա հանդիպել նրան։ Նա լավ ֆուտբոլիստ է և ծառայությունից հետո կսովորի Շիրակի պետական ​​համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետում։ Բարեկիրթ ու հանգիստ տղա է, նրան հաջողություն եմ մաղթում բոլոր գործերում։

Ընտանիքի կրտսեր որդին՝ Վահեն, հրաշալի երաժիշտ է։ Վահեն սովորում է Գյումրու երաժշտական ​​քոլեջում, իսկ հաջորդ տարի նախատեսում է ընդունվել կոնսերվատորիա։ Իմ գալու առաջին օրը նա ինձ համար դուդուկ նվագեց, և նրա շնորհիվ ես երբեք չեմ մոռանա իմ առաջին ծանոթությունը այս հրաշալի ընտանիքի հետ։

Մինչ մեր հանդիպումը, ես, բնականաբար, մի փոքր նյարդայնացած էի, քանի որ չգիտեի, թե ինչ է ինձ սպասում: Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Միացյալ Թագավորությունում, մի երկրում, որը շատ տարբերվում է Հայաստանից, ես գրեթե ոչինչ չգիտեի հայկական մշակույթի մասին… իսկ այժմ ապրում եմ Գյումրիում հայ ընտանիքի հետ:

Հենց առաջին րոպեից ես հասկացա, որ լավ ժամանակ կանցկացնեմ նրանց հետ։ Ծանոթանալուց հետո բոլորը (բացի Ռոբերտից, ով այդ ժամանակ բանակում էր) ինձ անմիջապես դիմավորեցին ժպիտով, իսկ ես անմիջապես դադարեցի նյարդայնանալ։ Լիանան ինձ ցույց տվեց իմ նոր ննջասենյակը՝ գեղեցիկ ու հարմարավետ սենյակ՝ զարդարված հայկական հոյակապ գորգով և առաստաղից կախված ապակե ջահով։ Ինձ թվում էր, թե ես Գյումրիի ամենալավ ննջարանում եմ։

Ես թողեցի իմ իրերը ննջասենյակում, և ընտանիքս ինձ կանչեց խոհանոց՝ ճաշելու: Լիանան ինձ մի շատ համեղ մսային ուտեստ հյուրասիրեց, իսկ Ռոստոմը՝ օղի: Նա մեր ծանոթության և Գյումրի այցելության համար կենացներ բարձրացրեց։ Ես լիովին խաղաղվեցի:

Ռոստոմն ինձ անընդհատ ասում էր, որ սա այժմ իմ տունն է, և նա ուզում է, որ ես ինձ զգամ ինչպես մեր տանը։ Ես ուղղակի ցնցված էի նման հյուրընկալությունից, որին ընդհանրապես սովոր չէի Անգլիայում։

Ժամանելուց հետո նախատեսում էի մեկ ամիս մնալ Գյումրիում, իսկ հետո մինչև դեկտեմբեր տեղափոխվել Երևան։ Ես դա ասացի Լիանային: Նա ժպտաց և պատասխանեց, որ սկզբում բոլորն են այդպես ասում, իսկ հետո միշտ երկար են մնում։ Եվ պարզվեց, որ նա ճիշտ է: Անցել է գրեթե մեկ ամիս, բայց ես հաստատ ոչ մի տեղ չեմ պատրաստվում տեղափոխվել: Իսկ Անետան ասաց նաև, որ ուզում է, որ ես իրենց կարոտեմ, երբ գնամ Գյումրիից։ Նա արդեն հասել է այդ նպատակին, ես անպայման կարոտելու եմ նրանց, երբ հեռանամ:

Լիանան ու երեխաները ազատ չեն տիրապետում ոչ ռուսերենին, ոչ էլ անգլերենին, բայց մենք կարողանում ենք շփվել։ Մենք շատ ենք ժեստերով հաղորդակցվում միմյանց հետ, և եթե ինչ-որ անհասկանալի միտք է լինում, ապա օգտվում ենք Google Translate-ից: Թեև սա սահմանափակում է մեր հաղորդակցությունը, այն ինձ իրականում լավ հնարավորություն է տալիս սովորել հայերեն, ինչպես նախատեսված էր: Հայաստան իմ ճանապարհորդության ամենակարևոր նպատակներից մեկը լեզուն սովորելն է։ Շաբաթը երկու անգամ հայոց լեզվի պարապմունքներ եմ ունենում, սովորածս անմիջապես փորձում եմ կիրառել տանը։ Ընտանիքս էլ ինձ հորդորում է հնարավորինս հայերեն խոսել։

Չնայած իմ և ընտանիքի երեխաների այս փոքրիկ լեզվական խոչընդոտին, մենք հաճախ ունենում ենք հետաքրքիր զրույցներ, և ավելի շատ բան ենք իմանում միմյանց մասին: Ես խոսում եմ Մեծ Բրիտանիայի կյանքի մասին, նրանք՝ Հայաստանի, և ընդհանրապես մենք ընդլայնում ենք մեր մտահորիզոնը։

Այս զրույցների շնորհիվ, որոնք մենք հաճախ ունենում ենք երեկոյան սեղանի շուրջ, ինձ մոտ տպավորություն է, որ ընդամենը երեք շաբաթ անց ես այս հրաշալի երկրում կյանքը շատ ավելի լավ եմ հասկանում, քան նախկինում։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն, անկասկած, օգնում են ինձ վերամիավորվել իմ արմատների հետ, և ես շատ շնորհակալ եմ նրանց դրա համար:

Այս զրույցների միջոցով իմ հյուրընկալ ընտանիքը նոր աշխարհ բացեց ինձ համար: Ծնողները պատմում են 1988թ.-ի սարսափելի երկրաշարժի մասին, թե ինչպես է այս ողբերգությունը ազդել իրենց վրա, և ինչպես են նրանք վերապրել դժվարին 90-ականները, երբ իրենց բնակարաններում լույս ու գազ չկար։

Մինչ նրանք [հիմնականում ռուսերեն խոսող Ռոստոմը պատմում էին ինձ այս տխուր պատմությունները, ես չէի կարող չմտածել, թե ինչպես են ծնողները կարողացել վերապրել այս բոլոր դժվարությունները: Նրանք մնացել են հայրենի քաղաքում և ավելի լավ կյանք են կառուցում իրենց և իրենց երեխաների համար, ովքեր այժմ իրենց ներդրումն ունեն Հայաստանի զարգացման գործում։

Ինչպես արդեն նշեցի, ես հայտնվել եմ օրինակելի հայ ընտանիքում։ Այս ընտանիքը ոգեշնչում է ոչ միայն գյումրեցի ընտանիքներին, այլև օրինակ է ծառայում աշխարհի բոլոր հայ ընտանիքների համար։ Այս հոդվածը նվիրված է նրանց:

Քրիստոֆեր Քրոուսըն

Նորություններ