BRICS․ընդլայնում. նոր հնարավորություններ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար | Region

BRICS․ընդլայնում. նոր հնարավորություններ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար

Սեպտեմբեր 13,2024 14:06

Հոկտեմբերի 22-24-ին Կազանում տեղի կունենա BRICS 16-րդ գագաթնաժողովը։ 2006-ին ստեղծված պետությունների ոչ պաշտոնական այս խմբում  որտեղ ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։  Յոհաննեսբուրգում  (քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետությունում) տեղի ունեցած նախորդ գագնաժողովում BRICS-ի ընդլայման մասին որոշում է կայացվել։ Այս միավորմանն անդամակցելու հայտ էին ներկայացրել 23 պետություններ։ Այս տարվա հունվարին «Յոհաննեսբուրգ 2» հռչակագրով  միավորման մեջ ընդգրկվեցին Սաուդյան Արաբիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Եթովպիան: Սակայն Հնդկաստանը եւ Բրազիլիան դեմ են ԲՐԻԿՍ-ի ընդլայնմանը։

Չնայած անդամ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, սակայն նրանց միավորում է երկու կարեւոր բան՝ նախ՝ Արևմուտքի նկատմամբ դիրքորոշումը։ Նկատենք, որ ՆBRICS-ի անդամ երկրները կողմնակից են բազմաբևեռ համաշխարհային համակարգին։ Հատկանշական է, որ BRICS-ի անդամ երկրներն իրենց տարածաշրջանում առաջնորդներ են։  Զարգացող միջազգային հեղինակություն ունեցող երկրները, օգտվելով BRICS-ի հնարավորություններից, փորձում են հասնել գլոբալ ռեսուրսների առավել արդար բաժանման, դառնալ ամբողջ աշխարհի ապագայի վերաբերյալ որոշումների կայացման մասնակիցներից մեկը:

Օգոստոսին և սեպտեմբերին BRICS-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ադրբեջանը, ապա նաև Թուրքիան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Բաքվից մեկնելու հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է , որ Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար։

Գլխավոր պատճառը, թե ինչու է Ադրբեջանը հետաքրքրություն ցուցաբերում BRICS-ի նկատմամբ, վերջին շրջանում Արևմուտքի  հետ հարաբերություններում աճող լարվածությունն է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչերը, Ադրբեջանի պատվիրակության  ԵԽԽՎ-ն անդամակցության սառեցումը, Եվրախորհրդարանում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը պարբերական բնույթ են ստանում:  Մյուս կողմից իշխանությունների ստեղծած Արևմուտքում կաշառքների ցանցի փլուզումը  ադրբեջանական ռեժիմին զրկում է մանևրելու հնարավորությունից։ Զուգահեռ սրան էլ ավելի են զարգանում ադրբեջանա-ռուսական հարաբերությունները։  Ադրբեջանի արտաքին քաղաքականության մասին հայտարարություններ հնչում են անգամ Ռուսաստանի ԱԳՆ-ից։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը տեսնում է ժողովրդավարական եւ ավտորիտար ճամբարների միջեւ անդունդի խորացումը եւ այժմ փորձում է երաշխավորել իր քաղաքական իշխանությունը, փորձում է դառնալ BRICS-ի անդամ, որի համար մարդու իրավունքներն ու ազատությունները ոչինչ չեն նշանակում:

Քաղաքական մեկնաբան Հեյդար Օղուզ նշել է․« BRICS-ի հետ Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը կփոխի արևմտյան երկրների վերաբերմունքը մեր հանդեպ։ Թուրքիան ավելի քան 60 տարի ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, իսկ Եվրոպան մերժում է տարբեր պատրվակներով։ Նմանատիպ մոտեցում մենք տեսնում ենք նաև մեր նկատմամբ։ Եվրոպայի և Արևմուտքի երկրները հայկական լոբբիի ճնշման ներքո ծայրահեղ անարդար դիրքորոշում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Նրանց պետք է հասկացնել, «դուք անփոխարինելի չեք», և այդ ուղերձը իրականում տրվել է BRICS-ին անդամակցության համար դիմելու միջոցով: Թող արևմտյան երկրները մտածեն, թե ինչ կլինի հետո»։

 Bloomberg-ը հայտնել Է, որ Թուրքիան արդեն հայտ է ներկայացրել BRICS-ին մասնակցելու համար։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Էրդողանը ցանկանում է BRICS-ին մասնակցել ոչ թե որպես գագաթնաժողովի հրավիրված հյուր, այլ որպես լիիրավ անդամ․«Թուրքիայում դա բացատրում են այսպես՝ «Աշխարհաքաղաքական կենտրոնի ծանրությունը տեղափոխվում է զարգացած տնտեսություններից», ուստի Թուրքիայի նախագահը ցանկանում է այս բազմաբևեռ աշխարհում կապեր հաստատել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ շարունակելով կատարել իր պարտավորությունները՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային անդամ»:

Թուրքիան փորձում է հավակնել տարածաշրջանի առաջնորդի դերին, ինչպես նաև տարբեր հնարավորություններ է փնտրում տնտեսությունը պահպանելու համար։ Թուրք քաղաքական վերլուծաբան Սերհաթ Լատիֆօղլուն վստահ է ՝ շուտով Թուրքիան կդառնա BRICS միջազգային հանրության մի մասը և կհեռանա Հյուսիսատլանտյան դաշինքից։ Վերլուծաբանի կարծիքով՝ Անկարայի եւ նրա դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքական հայացքները խիստ տարբերվում են շատ առանցքային միջազգային հարցերում, իսկ ինչ վերաբերում Է BRICS-ին, ապա այստեղ Թուրքիայի տեսակետը  գրեթե լիարժեք համընկնում է արտաքին քաղաքականության եւ տնտեսության հիմնարար սկզբունքներում:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիան BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել հիասթափության ֆոնին, քանի որ, չնայած բազմամյա ջանքերին, երկիրն այդպես էլ չի դարձել Եվրամիության անդամ:

ԵՄ-ն բազմիցս դժգոհություններ է հայտնել Թուրքիային ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և դատական համակարգի անկախության խնդիրների վերաբերյալ։ Երկիրը տարաձայնություններ է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ այն պատճառով, որ պաշտոնական Անկարան սերտ կապեր է պահպանել Մոսկվայի հետ 2022 թվականին Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ լարված են, քանի որ ժամանակին երկիրը որոշել էր Ռուսաստանից գնել Ս-400 ՀՕՊ համակարգեր, ինչի համար ենթարկվել էր ամերիկյան պատժամիջոցների և զրկվել արդեն գնված F-35 ինքնաթիռներից: Թուրքիայի հարաբերությունները լարված են Շվեդիայի հետ, որն ապաստան էր տվել քրդերին, Ստոկհոլմում Ջեյդ Սանդբերգ անունով կինն այրել էր   Ղուրանը։ Թուրքիան լարված հարաբերություններ ունի Հունաստանի հետ Կիպրոսի և տարածքային ջրերի պատկանելության խնդրի պատճառով։ Ի տարբերություն արևմտյան երկրների մեծամասնության՝ Թուրքիան արաբա-իսրայելական հակամարտությունում աջակցում է Պաղեստինին, այլ ոչ թե Իսրայելին:

BRICS-ի ընդլայնումը արևմտյան ժողովրդավարություններում բավականին բացասական է ընկալվում։ ՆԱՏՕ-ի համար առանցքային հարցը անվտանգությունն է։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, միևնույն է, փորձել է տարածաշրջանում գործել ինքնուրույն, առանձին, և իր շահերից ելնելով։ Թուրքերը պատրանքներ չունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի վերաբերյալ, բայց նրանք շահագրգռված են շարունակել լինել ՆԱՏՕ-ի մաս։ Իսկ ահա Թուրքիային ՆԱՏՕ-ից բացառել չեն կարող, նման նախադեպեր չեն եղել։  Բացի այդ, դժվար թե նման որոշում կայացվի  ուժեղ բանակ և նավատորմ ունեցող հզոր պետության վերաբերյալ։

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է․   «Թուրքիան, ինչպես և ցանկացած այլ երկիր, կարող է որոշել, թե որն է իր համար լավագույնը, ձևավորել դաշինքներ և հաստատել համագործակցություն: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ապա Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, ինչը որոշակի սահմանափակումներ է նախատեսում։ Մենք Թուրքիայի հետ ունենք ընդհանուր մաքսային միություն, ինչպես նաեւ Թուրքիայի համար շատ շահավետ առևտրային հարաբերություններ»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա որոշում է կայացվել մասնակցել հոկտեմբերին նախատեսված  BRICS գագաթնաժողովին։ Կազանում Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը պետք է ավելին անի, քան պարզապես ներկա լինի գագաթնաժողովին։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը  հայտարարել է․«Երևանին այսօր հատկապես կարևոր է ճկուն տնտեսական դիվանագիտությունը»։ Այս պարագայում, ըստ տնտեսագետի, Հայաստանը կարող է արդյունավետ տնտեսական հարաբերություններ զարգացնել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ և դառնալ լուրջ տնտեսական միավոր, գոնե տարածաշրջանում:

BRICS -ին անդամակցելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրությունների համատեքստում տնտեսագետը գտնում է, որ ստեղծված պայմաններում Հայաստանն այլընտրանք չունի, քան ամրապնդել կապերը կազմակերպության անդամ երկրների հետ և մոտ ապագայում անդամակցության հայտ ներկայացնել:

Մանասերյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան ժամանակակից աշխարհում BRICS-ի կարևորությունը, Հայաստանի կապերը կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ և այս փուլում գոնե բանավոր հայտարարեն BRICS-ին միանալու Հայաստանի պատրաստակամության մասին։

Զաբելա Ավագյան

Նորություններ