2600 տնակ Գյումրիում, որից 800-ը՝ փակ. 1988-ի երկրաշարժից 35 տարի անց | Region

2600 տնակ Գյումրիում, որից 800-ը՝ փակ. 1988-ի երկրաշարժից 35 տարի անց

Դեկտեմբեր 07,2023 19:11

1988 թվականի երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում հաշվառված է 2600 տնակ, որից 800-ը փակ են, չբնակեցված և ենթակա են ապամոնտաժման: Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Դավթյանը:

Կառավարության անցած տարվա որոշմամբ՝ առաջնահերթ ապամոնտաժման ենթակա են փակ տնակները: Բայց Գյումրիում 1 տարվա ընթացքում ընդամենը 47 տնակ է քանդվել: Քաղաքապետարանում շարունակ խոսում են չբնակեցված տնակները հարկադիր քանդելու մասին, բայց նման գործընթաց չի սկսվել: Նշվածը միայն ինքնակամ քանդված տնակների թիվն է:

Ըստ պատասխանատուի, ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նաև այնպիսի տնակներ, որոնց քանդման ակտերը կան, այսինքն, ըստ փաստաթղթի, դրանք քանդված պետք է լինեին, սակայն իրականում այդ տնակներն առկա են ու այնտեղ բնակվողներ կան: 35 տարի շարունակ տնակների շուրջ  ստվերային շատ գործարքներ են եղել ու շարունակվում են մինչ օրս: Օրինակ, Գյումրիում  հիմա էլ կան տնակներ, որոնք բավականին թանկ գնով վարձակալությամբ տրամադրվել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին: Քաղաքապետարանի պատասխանատուն նշեց, որ ինքն այս մասին տեղյակ չէ, ուսումնասիրություններ էլ չկան:

Տնակների բնակիչների համար բնակապահովման փուլային լուծումը, Մկրտիչ Դավթյանի խոսքով, մեկնարկելու է 2024 թվականից: Իսկ թե ինչպես, հայտնի չէ: Բայց կառավարության որոշմամբ հստակ նշվում է, որ մինչև 2027 թվականը աղետի գոտին, այդ թվում նաև Գյումրին, պետք է ձերբազատվի տնակներից:

Այս որոշումը վերաբերում է նաև գյուղական համայնքներին: Ախուրյանի համայնքապետարանի ճարտարապետության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Լիպարիտ Տիգրանյանի տվյալներով՝ Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում երկրաշարժից տուժած 290 ընտանիք է ապրում տնակներում: Նրանցից միայն 19-նն են շահառու ճանաչվել կառավարության վերջին որոշմամբ, քանի որ մյուսների տնակները համայնքապատկան հողատարածքների վրա չեն գտնվում:

Այսպես, Շիրակի մարզի մյուս բնակավայրերի տնակներում  ու վթարային տներում ապրող տասնյակ ընտանիքներ նույնպես դուրս են մնացել  կառավարության բնակապահովման վերջին ծրագրից:

Փաստաբան Աննա Դավթյանի հավաստմամբ՝ անընդհատ փոփոխվող օրենքների պայմաններում շատ էին այն ընտանիքները, ովքեր դուրս էին մնում անօթևանության հերթացուցակներից ու շարունակաբար դատարաններում էին վիճարկում բնակարան ստանալու իրենց իրավունքը: Հիմա էլ նման գործերը քիչ չեն: Անօթևանության կարգավիճակ ունեցող տասնյակ ընտանիքներ աղետի գոտում դեռ բնակարանի են սպասում, իսկ պետական բնակարանաշինական ծրագրեր չկան:

Կարինե Կազարովա

Նորություններ