«Ես չեմ վախենում պարտությունից, ու մեծ հույս ունեմ հաղթելու»․ Եղիշե Մելիքյան
«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին: Այո, ունենք կորուստներ, բայց մյուս կողմից սա հնարավորություն է մյուս ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնելու համար: Հիմնական կազմից 4-5 ֆուտբոլիստ չեն խաղալու, և սա ինձ համար լավ փորձություն է: Մի կողմից շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն կա, ֆուտբոլիստներին վերլուծելու, և ճիշտ ուղղով շարժվելու համար»,-Հունգարիայի հավաքականի հետ վաղվա խաղից առաջ այսօրվա մամուլի ասուլիսում նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Նրա խոսքով՝ վաղվա խաղում թիմը հոգեբանորեն պատրաստ է ցանկացած արդյունքի. «Շատ կուզենամ որ հաղթենք, սակայն ամենակարևորը այն է, որ մենք վաղը պատրաստ ենք պայքարելու»:
Հարցին, ի՞նչ վիճակում է թիմը հոկտեմբերյան հանդիպումներից հետո, մարզիչը նշեց․ «Թիմի ներսում լավ մթնոլորտը ինձ համար շատ կարևոր է, և մեծ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Համոզված եմ, այս կարճ ժամանակահատվածում շատ հարցեր լուծվել են, և այն խոսակցությունները, որոնք կային կոլեկտիվում մինչև ինձ, համոզված եմ, լուծել եմ 90 տոկոսով: Հոկտեմբերյան պարտությունները մեզ համար սխալները ուղղելու առիթ են»:
Եղիշե Մելիքյանը խոսեց նաև ընտրական խմբից դուրս գալու հնարավորությունից, և իր հետագա նպատակներից.«Շատ քիչ շանսեր կան, բայց քանի որ դրանք ունենք, պետք է պայքարենք: Ես չեմ եկել հավաքական, որ աշնանը արդյունքների հետ կապված հարցեր լուծեմ: Իմ առաջ դրված առաջադրանքը կատարում եմ, և գոհ եմ թիմից ու ընթացքից: Այո շանսեր ունենք, ու արդյունքի համար կպայքարենք»:
Խոսելով վաղվա հանդիպման հնարավոր մեկնարկային կազմից, ասաց, որ տեսնելու ենք կազմ, որտեղ գերակշռելու են ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները․«Ինձ համար այդ փաստը ուրախալի է, քանի որ սա էլ լրացուցիչ մոտիվացիա է տեղացի ֆուտբոլիստների հաամար: Այո ռիսկային է, բայց ես գիտեմ ուր եմ գնում, և ինչ է պետք ինձ դրա համար: Ես չեմ վախենում պարտությունից, ու մեծ հույս ունեմ հաղթելու»:
Նիկոլ Մարգարյան
