Երբ համընկնում են խոսքի ազատության պաշտպանների եւ ոստիկանների կարծիքները | Region

Երբ համընկնում են խոսքի ազատության պաշտպանների եւ ոստիկանների կարծիքները

Հուլիս 11,2015 11:43

Հունիսի 23-ի վաղ առավոտյան ցուցարարների հետ միասին բռնության ենթարկվեցին մի քանի լրագրողներ: Բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ եւ  ծեծի ենթարկվեցին:

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողները բերման ենթարկողներին բնականաբար տեղեկացրեցին, որ իրենք լրագրող են, դեպքի վայրում իրենց աշխատանքն են կատարում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին հարուցված լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ գործի քննության ընթացքը սակայն դանդաղում է:

Կան տուժած լրագրողներ, սակայն մինչ օրս այդ լրագրողները չեն ճանաչվել գործով տուժողներ, եւ ամենակարեւորը չկան ձերբակալվածներ կամ կասկածյալներ: Գործի դանդաղման այս ընթացքն ունի իր բացատրությունը: Այսպես, հունիսի 23-ից հետո ոստիկանության առաջին բացատրությունը լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հետեւյալն էր, որ լրագրողներն իրենց պահել են ցուցարարի պես: Ոստիկանության ներկայացրած այս կանխավարկածը մեկ նպատակ ուներ՝ ոստիկանական գործողությունների ապօրինությունը լրագրողների նկատմամբ տեղափոխել այլ հարթություն եւ դիմել իրավական մանիպուլյացիայի: Քանի որ այլ բան է, որ անձը տվյալ վայրում լրագրող է հանդես գալիս, այլ բան է՝ որպես ցուցարար: Սա պայմանավորված էր նաեւ միջազգային արձագանքով: Տարբեր կազմակերպություններ  անմիջապես հանդես եկան դատապարտող հայտարարությամբ, որոնցում շեշտը դրված էր հենց այն բանի վրա, որ լրագրողներ են բռնության ենթարկվել:

Ոստիկանությունն իր գործողություններն արդարացնելու ելք գտավ եւ հայտարարեց, որ լրագրողները ցուցարարների պես են իրենց պահել: Իսկ ո՞րն է լրագրողի եւ ցուցարարի տարբերությունը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանում է. «Տարբերությունը կայանում է  օրենքի պահանջի մեջ: Օրենքն ասում է՝ եթե անձը լուսաբանում է  տվյալ հավաքը, մասնակցում է  այդ հավաքին, սակայն ունի լրագրողի կարգավիճակ, ինքը չի համարվում հավաքի մասնակից»:

Հարց է առաջանում՝ ինչու՞ էին ոստիկանները շահագրգիռ մինչեւ վերջ պաշտպանել առաջ քաշված վարկածը:

Խնդիրն այն է, որ  ՀՔԾ-ն կարող էր ընդհանրապես քրեական գործ չհարուցել, եթե ոստիկանությունը կարողանար մինչեւ վերջ պնդել, որ լրագրողները իրենց ցուցարարի պես են պահել եւ ոստիկանությունը իրականցրել է իր մասնագիտական պարտականությունները՝ ցրել է հանրահավաքը: Իսկ երբ լրագրողի մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվում, հարցի թե հնչեղությունը, թե ելքը բոլորովին այլ դրսեւորում է ստանում:

ՀՔԾ-ում  հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով հարուցվեց քրեական գործ`լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաեւ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ:

Ստեղծված իրավիճակում կասկածելի է լրագրողական տեղի կազմակերպությունների պահվածքը: Այսպես, օրինակ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը հայտարարել է, որ կոնկրետ ԳԱԼԱ-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը իրեն պահել է ցուցարարի պես, այդ իսկ պատճառով բռնության է ենթարկվել: Սա, հիշեցնենք, ոստիկանների կողմից առաջ քաշված վարկածն էր ի սկզբանե:

Ինչու՞ է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը կոչված է պաշտպանել լրագրողին, ազատ խոսքը, դատապարտելու լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձ արած ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները, հանկարծ հակառակ տրամաբանությամբ հայտարարություն անում՝ հաստատելով ոստիկանության կանխավարկածը, թե իրականում ինչու՞ են ոստիկանները «շփոթել» ու ծեծել են լրագրողի: Ոստիկանություն-հասարակական կազմակերպություն տեսակետների համընկնումն առնվազն կասկածելի է, եւ կարելի է որոշակի հետեւություններ անել…

Որպես ելք, Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում է տեղեկացնել միջազգային կազմակերպություններին այս ամենի մասին, որպեսզի նաեւ  մոնիտորինգ իրականացվի պարզելու համար՝ հունիսի 23-ին ոստիկաններն արդյո՞ք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը եւ թե ինչպե՞ս են իրենց պահել լրագրողները:

Նորություններ