Գյումրին աղքատ, բայց արժանապատիվ քաղաք է
Գյումրիում բողոքի գործողություններն ավելի հաճախակիացել են: Սա ուղիղ ազդակն է այն բանի, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով ավելի է սրվում քաղաքում եւ մարզում:
Երեկ հրապարակում էին անհատ տաքսու վարորդները: Նրանց հիմնական ասելիքն՝ ուղղված իշխանություններին, հետեւյալն է. «Գյումրեցին չի կարող վճարել, որովհետեւ անհնար է առանց այն էլ սուղ միջոցներից հաշվիչ գնել, տարեկան շուրջ 80.000 դրամ վճարել»:
Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են՝ Գյումրին չի կարող լինել արտոնյալ, որովհետեւ օրենքը բոլորի համար է:
Ամիսներ առաջ իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաեւ փոքր ու միջին ձեռներեցները: Ասելիքը բացարձակապես նույնն է՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարզի բնակչից ունեցած գրոշները խլելու իշխանական ջանքերն ապարդյուն են լինելու: Գումար չկա՝ իշխանություններին տալու: Այն իշխանություններին, որոնք տարիներ շարունակ որեւէ քայլ չեն արել՝ իրավիճակ փոխելու ուղղությամբ: Մարդիկ իրենց արդարացի դժգոհությունն են այս կերպ արտահայտում. «Մենք իշխանություններից այլեւս ոչինչ չենք ուզում, իրենք էլ մեզանից չպետք է ուզեն եւ բյուջե լցնելու պատճառաբանությամբ պահանջեն վերջին գրոշները»:
Իշխանության ներկայացուցիչները, գալով Գյումրի, հայտնվում են, մեղմ ասած, աննախանձելի իրավիճակում: Թերեւս զգում են Գյումրիի եւ Երեւանի տարբերությունը: Գուցե այստեղ ապրողներն ավելի կոպիտ են որակումներում, ավելի ըմբոստ են, ավելի հախուռն, բայց սա ունի իր բացատրությունը: Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Շիրակի մարզը համարվում է հանրապետության ամենաաղքատ մարզը՝ շարունակաբար արտագաղթի բարձր ցուցանիշով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն այստեղ ամենաբարձրն է ծայրահեղ աղքատության ցուցանիշը:
Իսկ սա ապացուցում է՝ տարիներ շարունակ ոչինչ չի արվում այս ցուցանիշը մեղմելու ուղղությամբ: Գյումրիում ապրող բնակիչը որեւէ կերպ կախում էլ չունի գործող ռեժիմից: Այստեղ ապրողն իր վաստակով, քրտնաջան աշխատանքով է ապահովում օրվա հացը: Հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած տրանսֆերտներով ապրող բնակչությունը պատահական չէ, որ հայտարարում է՝ Գյումրին պետք է առանձին պետություն հռչակել: Այստեղ ապրողն իրեն այդպես է զգում: Այդ կատակի տակ լրջագույն հիմքեր կան, այստեղ իսկապես անիշխանություն է:
Գյումրեցին վերջին տարիներին, ի պատասխան իշխանությունների անգործության, շարունակաբար ստիպում է հակառակ ռեժիմի ներկայացուցիչների ջանքերի՝ ջախջախիչ պարտվել Գյումրիում՝ հասկացնելով՝ իրերը գնահատելու է իրենց անունով, իշխանություններին էլ՝ ըստ կատարված աշխատանքի:
Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ աշխատող չինովնիկները փողոցաշինության «ատկատներն» են վայելում՝ մշտապես փողոց քանդելով եւ նորոգելով, Գյումրիում փողոց դուրս եկած տաքսու վարորդները եւ շարքային բնակիչները երթեւեկում են սարսափելի փողոցներով:
Այս պարագայում իրավիճակը Գյումրիում իսկապես անկառավարելի է դառնում, երբ քաղաքացուն ոչինչ չտված եւ իր անգործությամբ այսպիսի իրավիճակ ստեղծած իշխանավորը օսլայած օձիքով եւ դեմքի խիստ արտահայտությամբ գալիս է Գյումրի՝ նրանից ինչ-որ բան է պահանջելու, իսկ հետո դեմքի արդեն ջղաձիգ արտահայտությամբ եւ բոլորովին այլ տեսքով շտապում Երեւան՝ տաքուկ աշխատասենյակ:
Տեղական ու մարզային իշխանությունները դրական է, որ հասկացել են՝ որտեղ են իրենք աշխատում, իրենք ներսից գիտեն եւ շատ լավ պատկերացնում են իրավիճակը եւ թերեւս կփորձեն բացատրել վերեւներին, որ այստեղ իրենց իմացած կամ սովորած խաղի կանոնները չեն աշխատում, որ այստեղ պետք է մշակել բոլորովին այլ կանոններ, եւ ոչ թե խաղի, այլ իրական գործողությունների ռազմավարություն:
Բազմաթիվ անգամներ գյումրեցին իր գործողություններով այս ուղերձն է հղել երկրի ղեկավարությանը՝ մինչեւ գործնական քայլեր չարվեն իրենք իրենց վերաբերմունքը չեն փոխի:
Վերջում հավելենք՝ Գյումրին թեեւ աղքատ, բայց արժանապատիվ բնակավայր է, արժանապատիվ քաղաք՝ իր ավանդույթներով եւ ըմբոստ քաղաքացիներով: