44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ավարտված է, կարևոր բացահայտումներ կան․Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցին՝ չբացառելով, որ զեկույցի հրապարակումցի հետո քրեական գործ կհարուցվեն։ Նա նաև անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին, հիշեցնելով՝ Կաթողիկիոսին առաջարկել է, որ եկեղեցու միջոցով կարող է այդ հարցում արդյունք լինի
«Վերջին օրերին տեսնում եմ շահարկումներ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, թե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ գաղտնի թղթեր ունի: Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է Ազգային ժողովի կողմից, դա սահմանադրական հանձնաժողով է»,-այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն է, ներկայացնելուց հետո զեկույցը կծառայի մեր երկրի անվտանգությանը․ «Դեկտեմբեր ամսին այն կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է՝ իր հատորներով, էջերով, շատ-շատ էջեր են։ Միան վերծանումները, տեսագրությունները մի հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»։
Նա վստահեցրեց, որ զեկույցում կարևոր բացահայտումներ կան։ Թե ինչ բացահայտումներ կան և արդյոք այն ամբողջությամբ ներկայացվելու է հանրությանը, Քոչարյանն ասաց՝ ամեն ինչ հրապարակվելու է․«Դեռ հստակ չէ, թե զեկույցի որ մասը կլինի գաղտնի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»։
Հարցին՝ արդյոք զեկույցի ներկայացման ժամկետի խախտում չ եղել է, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ, եթե խախտում լիներ, հիմա գիտե՞ք՝ ինչ տեղի կունենար մեր ընդդիմադիր դաշտում․« Չկա խախտում, որովհետև վերջապես առաջին անգամ բոլորն ընկալեցին, թե կանոնակարգ օրենքի պահանջը և Սահմանադրության պահանջը իրենից ի՞նչ են ներկայացնում՝ առաջին հերթին՝ որակական ցուցանիշ, նոր հետո՝ թվային ցուցանիշ: Այսինքն, զեկույցն ավարտվում է ԱԺ լիագումար նիստերից մեկի ժամանակ ներկայացնելու ժամանակ»։
Նա չբացառեց, որ զեկույցի հրապարակումից հետո քրեական գործեր հարուցվեն: Քոչարյանի խոսքով՝ արդեն կան հարուցված քրեական վարույթներ, որոնց թիվը կհնչեցնի լիագումար նիստերի դահլիճում։
Լրագրողի դիտարկմանը՝ այդպիսի մոտ 1500 գործեր կան, Քոչարյանն ասաց՝ շատ մեղմ թիվ եք ասում:
Անդրադառնալով քառօրյա պատերազմի հանգամանքները պարզող հանձնաժողովի զեկույցին, Քոչարյանն ասաց՝ զեկույցն ավարտված է, հանձնել են պետությանը․«Այն ԱԺ առաջին բաժնում է։ Ովքեր կունենան թույլտվություն, կմոտենան, կծանոթանան, բայց ի զարմանս ինձ, երբ շատ էր թմբկահարվում ,թե ինչու է զեկույցը գաղտնի, թույլտվություն ունեցողներից շատերը չեն գնացել ԱԺ առաջին բաժին, որ կարդան, լսեն, ուսումնասիրեն։ Ընդդիմությունից մի քանիսն են գնացել»։
Անդրադառնալով Ադրբեջանի բանտում պահվող հայ ռազմագերիներին, գերավարված անձնանց ու ռազամաքաղաքական ղեկավարության բանտարկությանն ու COP-29-ին ՀՀ-ի մասնակցելուն կամ չմասնակցելուն, Քոչարյանն ասաց՝ ես կարծում եմ՝ գերիների հարցը պետք է լուծվի․«Տվյալ միջազգային հավաքը նաեւ մարդասիրական բնույթ ունի, նա պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է: Ես կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի»:
Քոչարյանը նաև վստահեցրեց, որ գերիների հարցով ինքն անձնամբ է զբաղվել․«Ես նշել եմ հնարավորությունը, որը ես տեսել եմ, որ եկեղեցու միջոցով կարող էինք արդյունք արձանագրել: Ես ինքս գնացել եմ վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել: Հիմա չեմ կարող գնահատել արդյունքը»:
Արդյոք կաթողիկոսն իրեն մերժել է, այս հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Ոչ, չմերժեց, գործողություններ եղան, արդյունքի մասին, բնականաբար, պետք է ապագայում նայվի, թե այդ գործողությունն արդյունք տվեց, թե՝ այլ գործողություններ»:
Նրա խոսքով՝ գերիների հարցում առանց հանրայնացնելու պետք է զբաղվել՝ մինչեւ վերջին գերու վերադարձը․« Հիմա տեսնում եք, որ առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում եւ այդ շրջանակներում էլ կարող է ստեղծվեն հնարավորություններ գերիների, անհետ կորածների հանձնախմբերը աշխատեն միասին եւ փորձենք հասնել ամբողջական լուծման»: