Մեղրի համայնքին կվերադարձվեն 0.5 և 0.2 հա մակերեսով հողամասերը. Դատախազություն
Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 17-Ա և 18-Ա որոշումները, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվեն Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.2 հա և 0.5 հա մակերեսով հողամասերը:
