Կառավարության՝ հարկային ոլորտին առնչվող նախագիծը գնաճի նոր ալիքի կհանգեցնի | Region

Կառավարության՝ հարկային ոլորտին առնչվող նախագիծը գնաճի նոր ալիքի կհանգեցնի

Դեկտեմբեր 03,2024 21:35

Շրջանառության հարկից դեպի ընդհանուր հարկման համակարգ անցման նախագիծը դժգոհությունների տեղիք է տվել.տնտեսագետներն ասում են՝ եթե նախագիծն ընդունվի՝մի շարք ծառայությունների ոլորտում գնաճն անխուսափելի կլինի կամ էլ ստվերը կաճի   

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը, որով առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ, ոլորտի շահառուների դժգոհությունն է հարուցել, քանի որ, ըստ փոփոխության նախատեսվում է  իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն իրականացնող, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ մատուցող տնտեսվարողների և մի շարք այլ ոլորտների հարկերի բարձրացում  5%-ից մինչև 31%։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նպատակը շրջանառության հարկի համակարգի և հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատումն է, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացնելը,  նաև ՓՄՁ համար նախա­տես­ված երկու հարկ­ման համակարգերն ավելի հասցեական դարձ­նելը։

Խորհրդարանում լսումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարել է՝  փոփոխության նպատակը հարկման հավասարության սկզբունքների ամրապնդումն է։
Կառավարութունն առաջարկում է վերանայել գործունեության հիմնական տեսակների (առևտրական (առք ու վաճառքի) գոր­ծունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գոր­ծունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույ­քա­չա­փերը՝ փաստաթղթերով հիմնա­վորված ծախսերի միջոցով վճար­ման ենթակա հարկի նվազեցման հնարավորությամբ։ Եթե պատշաճ փաստաթղթավորում լինի, ապա  հար­­­կային բեռը կարող է զգալի նվազել՝  մինչև 4%:

Նախագծի ընդունման դեպքում փաստաբանական ծառայությունները անհասանելի կլինեն շատերի համար․սա նախագծի շահառուների հիմնական մտահոգություններից է։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը REGIONSTV-ի հետ զրույցում  այս օրենսդրական փոփոխության մասին ասաց՝ եթե կառավարությունը որոշել  է անցնել ընդհանուր հարկման դաշտին, աստիճանաբար հրաժարվելով շրջանառութան հարկի ռեժիմից, ապա  ինչու՞ է կենտրոնանում մի քանի ոլորտի վրա: Ըստ պարոն Թադևոսյանի՝ նախագիծը մշակողները պետք է հարկային բեռը գնահատեն դետալացված գործունեությամբ՝ միկրոյում թողնելով շատ սահմանափակ հարկ վճարողների, շրջանառության հարկում էլ թողնելով որոշակի ոլորտներ՝ դրանց ցուցաբերելով ընդհանրացված մոտեցում․«Կարկատաններով բաներ անելը շատ վատ է»։

Թադևոսյանի կարծիքով՝ երբ բարձրացվում է հայտարարագրված կազմակերպությունների հարկային բեռը, համեմատաբար առավել շահեկան վիճակում են հայտնվում ստվերում գործողները․«Այս ամենից խուսափելու համար պետք է բարելավել վերահսկողությունը, վարչարարությունը իրականացնել բոլորի նկատմամբ, հնարավորին չափով ստվերից բերելով դեպի հարկման դաշտ,  այնուհետև նոր կիրառել գործիքներ հարկային բեռի հավասար բաշխման մասով»:

Նախագիծն, ինչպես նշեց Թադևոսյանը, չի ապահովի նախատեսված արդյունքը, քանի որ մարդիկ այլ միջոցներ կգտնեն տվյալ դաշտում չհայտնվելու համար։ Նա օրինակ բերեց խոշոր ընկերություններին, որոնք տրոհված են մի քանի մասերի, և հարկվում են շրջանառության հարկով:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց՝ փոփոխությունների արդյունքում կլինի ծառայությունների գնաճ փաստաբանական, հաշվապահական, գովազդային և իրավական ծառայությունների ոլորտներում, որոնք ներկայումս վճարվող 5% շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 31%:

«Այս ոլորտների դեպքում հիմնական ծախսը աշխատուժն է. այստեղ չկան ապրանքներ, հումք, նյութեր, որոնք կարելի է ձեռք բերել, զուգահեռաբար նվազեցնելով շահութահարկը։ Գոյացող 31% շահութահարկը բիզնեսը կդնի գնի վրա, և կվճարի սպառողը։ Որոշ դեպքերում ստիպված կլինեն իրենց շահույթի հաշվին վճարել հարկերը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կհանդիսանա վերջիններիս համար»,-ասաց Պարսյանը:

Իրադարձությունների նման ընթացքի դեպքում տնտեսագետը կանխատեսում է հնարավոր երկու հետևանք՝ կա՛մ գնաճ, կա՛մ ստվերի աճ: Այսպիսի հարկային բեռի պայմաններում, ըստ տնտեսագետի, կլինեն ընկերություններ, որոնք կփորձեն աշխատել ստվերային դաշտում՝ խուսափելով հարկերից կամ իրենց հաճախորդների հետ կաշխատեն «այլ» պայմաններով, ավելի էժան գներով, որպեսզի խուսափեն   հարկային պարտավորություններից։

Պարսյանի ներկաացմամբ՝ կառավարությունը «թիրախավորել» է փոքր և միջին բիզնեսը, և փորձում է հարկային-վարչարարության խնդիրը լուծել վերջիններիս նկատմամբ լրացուցիչ հարկ կիրառելով․«Սա արդար չէ։ Փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի համար միջին խավ ձևավորող գործոն է, և, երբ պետությունը հարվածում է նրանց, հարվածում է միջին խավին: Սա ոչ միայն տնտեսական, սոցիալական, այլ նաև քաղաքական նշանակություն ունեցող հարց է»։

Նա նաև նկատում է՝ իշխանությունը որևե կերպ չի փորձում խոշոր բիզնեսի նկատմամբ խիստ հարկային քաղաքականություն կամ լրացուցիչ հարկային տոկոսադրույքներ կիրառել, թիրախավորել է, իր խոսքերով ասած՝ «անտեր», փոքր և միջին բիզնեսին․« Խոշոր բիզնեսները իշխանությունների հետ սերտաճել են, տարբեր ծրագրերի են մասնակցում, նվիրատվություններ են անում, իսկ փոքր բիզնեսները այս դեպքում «խաղից դուրս»  են մնում»։

Ինչ վերաբերում է նախագծով ներկայացված հանրային սննդի ոլորտում պատշաճ փաստաթղթավորման պահանջին, շատ մասնագետներ նշել են, որ այս դեպքում խոցելի են գուղմթերքի վաճառքով զբաղվողները, որոնք չեն փաստաթղթավորում առևտուրը։ Իսկ նրանց ապրանքը հաճախ գնում են  հանրային սննդի օբյեկտները՝ ռեստորանները, սրճարանները, նրանք սովորաբար շուկայից են ձեռք բերում գուղմթերքը։

Փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող կազմակերպություններն ու ՀԿ-ներն  առաջարկությունով դիմել են վարչապետին, նրանք պահանջում են հետաձգել օրենքի ընդունումը մինչև 2026 թվականի հունվար և վերանայել նախագիծը։ Եթե առաջարկությունները չընդունվեն, ապա հուլիսի 1-ից օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտնելու։

 Նիկոլ Մարգարյան

Նորություններ