Լրջագույն խնդիրներն առջևում են. Գյումրու միասնական սոցծառայությունն ընդամենը 8 արցախցու է աշխատանքի տեղավորել
Շիրակի մարզում Արցախից բռնի տեղահանված 4100 անձ է բնակություն հաստատել, մեծ մասը Գյումրիում՝ 2851 անձ: Ինչքանո՞վ են նրանք ինտեգրվել բնակության նոր պայմաններին, հարմարվել նոր ապրելակերպին: Առաջնային ամենալուրջ խնդիրը, որին բախվել են Գյումրիում, աշխատատեղերի բացակայությունն է:
Միասնական սոցծառայության Գյումրու տարածքային կենտրոնում հարյուրավոր թափուր աշխատատեղեր կան, բայց արցախցիները չեն շտապում հաշվառվել որպես աշխատանք փնտրող: Կենտրոնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանի խոսքով, որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 77 անձ: Նրանցից միայն 8-ն է աշխատանքի տեղավորվել:
Ըստ նրա, Արցախում բավականին բարձր աշխատավարձ են ստացել, իսկ Գյումրիում մի քանի անգամ ցածր վարձատրություն են առաջարկում: Դա է պատճառը, որ մարդիկ չեն ուզում աշխատել: Իսկ պետական զբաղվածության ծրագրեր Արցախից տեղահանվածների համար առայժմ չկա:
20-25 մարդ էլ աշխատանքի է տեղավորվել Գյումրիի Հայորդաց տան ջանքերի շնորհիվ: Տնօրեն Աստղիկ Եդիգարյանի խոսքով, մոտ 680 ընտանիքի հետ են աշխատել, սննդի պաշարով ապահովել, մոտ 10-15 ընտանիքի համար բնակարանի վարձավճարի հարց լուծել 3-4 ամսով:
«Բայց շատ բարդ է, բնակարանի վարձակալության վճարները շատ բարձր են, եթե կառավարության աջակցության ծրագրի ժամկետը լրանա, ի՞նչ է լինելու այդ ընտանիքների հետ, որովհետև կան միայնակ ծերեր, որոնց խնդիրը մնում է առաջնային: Ես կարծում եմ, թող որ վատ հնչի, լրջագույն խնդիրներն առջևում են: Քանի որ, ինչ հնարավոր էր, արվել է մինչ այս պահը, բայց իրական խնդիրներին մենք բախվելու ենք առաջիկայում: Որովհետև չկա աշխատանք, վերջապես էդ ռեսուրսները սպառվելու են և մենք ի վիճակի չենք լինելու անընդհատ հոգալ մարդկանց խնդիրները»,-ասում է Աստղիկ Եդիգարյանն ու ավելացնում. «Եվ պետությունն էլ կանգնելու է լուրջ խնդիրների առջև: Համեմայնդեպս, այդպես է երևում»:
Գյումրիում 32 արցախցի դեռ բնակվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին մասնաշենքում: Նրանք հիմնականում 1 կամ 2 անձից բաղկացած ընտանիքներն են, որոնք չեն կարողանում բնակարան վարձակալել, քանի որ պետության տրամադրած վարձակալական գումարները բավարար չեն: Շուկայում բնակարանների գների բարձրացում է տեղի ունեցել: Իսկ եթե ընտանիքները չեն տեղափոխվում վարձակալած բնակարաններ, ապա զրկվում են կեցության համար պետության կողմից տրամադրվելիք գումարից:
Թե Գյումրիում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներն ինչ խնդիրներ ունեն, լավատեղյակ է Նարինե Բեգլարյանը, ով Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքից է տեղահանվել, հիմա Գյումրիի քաղաքապետարանում սոցիալական աշխատող է:
Նրա խոսքով, Արցախում իսկապես բարձր էին աշխատավարձերը, բայց ապրուստի միջոց հայթայթելն էր դժվար, սննդամթերքն էր թանկ: Հագուստի և այլ պարագաների գները եռապատիկ, քառապատիկ թանկ էին: Նարինե Բեգլարյանն ասում է, որ Գյումրիում ընտանիքի բոլոր անդամները պիտի աշխատեն, որ կարողանան ապրել: Արցախի համեմատ, աշխատավարձերի տարբերությունը շատ մեծ է: Ըստ նրա, բռնի տեղահանված ընտանիքների մի մասի կարիքներն ապահովվել են, մի մասը դեռ սպասում է:
«Արցախցիներն հիմա կարիք ունեն անկողնային պարագաների, մահճակալների, վերմակների, ու հիմնականում մեծ ընտանիքները՝ 6-10 անձից բաղկացած»,-ասում է նա:
«Առաջնայինը ոչ թե կեցությունն է, այլ աշխատանքն է: Եթե մարդը չունի աշխատանք, ապա ցանկացած կեցությունը կարող է ժամանակավոր լինել»,-ասում է Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը:
Իսկ արցախցիները վերջին շրջանում նոր խնդիրների են բախվում: «Բազմաթիվ արցախցիներից ստանում ենք ահազանգեր այն մասին, որ վարձակալած բնակարանների տերերը հրաժարվում են նրանց տրամադրել իրենց բնակարանի հասցեն, որ հաշվառվեն, ու դա գնալով ավելի գլոբալ խնդիր է դառնում»,-ասում է Նարինե Բեգլարյանը և ավելացնում. «Աշխատանքի ընդունվելիս, պետական համակարգում, հատկապես Զինված ուժերում, մարդկանցից պահանջում են փոխել քաղաքացիությունը, դառնալ ՀՀ քաղաքացի, այլապես պիտի հրաժարվեն աշխատանքից: Իսկ սա ավելի է դժվարացնում արցախցիների Հայաստանում մնալու հարցը: Ինձ համար այս խնդիրը նույնպես առկա է»:
Ըստ նրա, սա կարող է Հայաստանը լքելու պատճառ դառնալ, որովհետև եթե իր հայրենիքում արցախցին տեղ չի գտնում, բնական է, արդեն այլ տարբերակ է փորձում փնտրել:
«Ստեղծվել է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային հարթակը, որում արցախցիները կարող են մուտքագրել իրենց տվյալները՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները ստանալու համար, ու պարտադիր պիտի հաշվառված լինեն իրենց կեցավայրում»,-ասում է Մկրտիչ Շահվալադյանը և ավելացնում. «Միայն կենսաթոշակներն են վճարվելու, պետական մյուս աջակցությունների վճարման մասին դեռ չկա հստակ որոշում»:
Ըստ կառույցի պատասխանատուի, Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները եթե Գյումրիում են ծնվել, ապա նրանց մայրերի համար էլ մայրության նպաստի տրամադրման հարցը դեռ լուծված չէ: Քննարկման փուլում է:
Ըստ Նարինե Բեգլարյանի, արցախցիները մտավախություն ունեն, որ Հայաստանի քաղաքացի դառնալով կզրկվեն իրենց աջակցություններից և Արցախի նկատմամբ պահանջատեր լինելու իրավունքից: Իսկ իրենք դեռ հույս ունեն, որ վերադառնալու են Արցախ:
Կարինե Կազարովա