Ներդրումային բլեֆ Սերժ Սարգսյանից
2008 թվականի հուլիսին Սերժ Սարգսյանը, ով իշխանության էր եկել հետընտրական ցնցումներով, և երկիրը փաստացի քաղաքական ճգնաժամի մեջ էր գտնվում, «վաղվա ժողովրդավարական և խաղաղ Հայաստան» կառուցելու համար կոչով դիմեց մեծահարուստ հայերին՝ նրանց խնդրելով ներդրումներ կատարել հայրենիքում:
«Ավելի ակտիվ ու նախաձեռնող եղեք հայրենիքի շենացման ձեր նախաձեռնություններում, սա՛ է իմ խնդրանքը բոլորից: Եվ ես կոչ եմ անում բոլորին. ընտրե՛ք հայրենիքի ձեր մասնիկը, ընտրե՛ք ձեր գրադարանը, դպրոցը, թանգարանը կամ ցանկացած այլ գաղափար, ընտրե՛ք և կառուցե՛ք, ավելացրե՛ք, ստեղծե՛ք, բազմապատկե՛ք, իրականացրե՛ք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանն՝ իր վստահությունը հայտնելով, որ իր կոչին արձագանքողներ կլինեն:
«Ներդրումներ»՝ հանուն Սերժ Սարգսյանի
Պլանավորվածի պես Սարգսյանին աջակցող պատասխան հայտարարությունները չուշացան: Ընդամենը մի քանի օր անց գործարարները նամակներով հանդես եկան:
Այդ նամակները հիշեցնում էին մեկ կենտրոնից գրված նույնաբովանդակ ուղերձներ, որոնցում շեշտը դրված էր ոչ թե ներդրումների վրա, այլ մարտի 1-ի գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանին աջակցելու:
Այդ շրջանում սա հերթական քարոզչական հնարքներից մեկն էր, որով փորձում էին հասարակությանը ցույց տալ, որ եթե Սերժ Սարգսյանը չլիներ, նրա «աշխարհացունց» կոչը չլիներ ուղղված գործարարներին, նրանք չէին ոգևորվի և չէին էլ ենթադրի, որ կարելի է Հայաստանում ներդրումներ անել:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ հղեց Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված էր. «Մենք գնահատում ենք ձեր ջանքերն Հայաստանի առջև ծառացած խնդիրներն օր առաջ լուծված տեսնելու գործում»:
Արա Աբրահամյանը խոստացավ 150 միլիոն դոլար ներդնել Հայաստանում տնտեսական նոր նախաձեռնությունների իրականացման գործում:
«ՌԵՍՕ–ԳԱՐԱՆՏԻԱ» ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը, արձագանքելով Սարգսյանի կոչին, իր նամակում գրեց.
«Վերջին օրերի այս խանդավառությունը վկայությունն է այն վստահության, որ Հայաստանի Հանրապետությունն ու Դուք վայելում եք։ Որպես այդ վստահության դրսևորում՝ պատրաստ եմ 10-ից 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար հատկացնել ապահովագրական ու առողջապահական ոլորտի ծրագրերի իրականացմանը, ներդրումներ կատարել լիզինգի բնագավառում»։
Ռուսական հայտնի «Բամո» հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը գրեց.
«Ես պատրաստ եմ Հայաստանում կատարել 120 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ քաղաքաշինության ոլորտում նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար»:
«Մոն Ար» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը ևս «ոգևորությամբ» արձագանքեց կոչին՝ պատրաստակամություն հայտնելով 10 մլն դոլարի ներդրում կատարել:
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը բացի ոգևորությունից նաև «հուզվել էր» Սերժ Սարգսյանի ելույթից և 2008-ին խոստացավ 200 միլիոն դոլար ներդնել գործարար ու սոցիալական նախագծերում ու ևս 50 միլիոն դոլար էլ հատկացնել Հայաստանում որևէ խորհրդանշական նախագծի իրականացման համար:
«Վստահ եմ, որ այդ արձագանքները շարունակվելու են տարիներով: Կապրենք՝ կտեսնենք»,- գործարարների արձագանքների մասին խոսելով՝ օրեր անց բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը:
Թե իրականում տարիներով շարունակական ներդրումներ և ներդրումների համար բարենպաստ միջավայր խոստացող Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ինչ տեղի ունեցավ, կփաստեն ԱՎԾ տվյալները: Իսկ դրանցում ակնհայտ երևում է քարոզչական բլեֆը:
Քարոզչական բլեֆը՝ թվերով
2008-ի հուլիսին ավելի քան 600 մլն դոլարի ներդրումների խոստումից հետո թվում էր՝ գալիք 2009-ին ուղղակի ներդրումների ծավալի նկատելի աճ է արձանագրվելու: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը…
Տարիների «դրական» դինամիկան այսպիսին է.
2009թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 935.5 մլն դոլար, որը 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 25.6%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 732.1 մլն դոլար և նվազել 26.9%-ով:
2010թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 702.7 մլն դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 24.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 483.0 մլն դոլար և նվազել 34.0%-ով:
2011թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 816.3 մլն դոլար, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 631.4 մլն դոլար:
2012թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 751.8 մլն դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 567.4 մլն դոլար և նվազել 10.1%-ով:
2013թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 597.4 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 20.5%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 271.2 մլն դոլար և նվազել 52.2%-ով:
2014թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 839.758.3 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 349.986.3 մլն դրամ:
2015-ին ԱՎԾ-ն միլիոնները սկսեց հաշվել դրամով և արձանագրեց հետևյալը.
2015թ. հունվար—դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 123.660.0 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 70.418.7 մլն դրամ:
ԱՎԾ կողմից հրապարակվող դոլարի միջին փոխարժեքը հաշվի առնելով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը դոլարային արտահայտությամբ 2015թ. կրճատվեցին 47,7%-ով:
2016-ին այս ցուցանիշն էլ կրճատվեց:
2016թ. հունվար—սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 26.987.6 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 44.432.1 մլն դրամ:
Հատկապես զգալի կերպով նվազեցին Ռուսաստանից կատարվող ներդրումները:
Եթե 2014 թվականին Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալը կազմեց շուրջ 36 մլրդ, 2015թ. տասն անգամ նվազեց՝ կազմելով 3 մլրդ դրամ կամ ընդհանուր ներդրումների 11.2%-ը: Անկումը շարունակվեց նաև 2016թ.-ին: Ներդրումների զուտ հոսքերը կազմել են -5.7 մլրդ դրամ, (ռուսական ներդրումների գծով մարումները (արտահոսքը) գերազանցել են ստացումները (ներհոսքը):
«Ներդրումները փիսիկներ չեն»
ԳԱԼԱ-ի հետ զրույցում տնտեսական մեկնաբան, տնտեսագետ Հայկ Գևորգյանը նշեց.
«Ներդրումները փիսիկներ չեն, որ ուղղակի կանչես ու իրենք գան: Ներդրում անողը պետք է համոզված լինի, որ իր ներդրումները ոչ միայն արագ վերադառնալու են, այլ նաև իրեն շահույթ են ապահովելու: Իսկ ներդրումներ գրավելու համար, իհարկե, պայմաններ են պետք:
2008 թվականին խոստացված ներդրումները չեղան, ընդամենը մի հատ «Դալմա մոլ» կառուցվեց: Եթե վերցնենք բովանդակային իմաստով, եթե Հայաստանում լինի ոչ թե 4 հատ, այլ 40 հատ «մոլ», դրանից ոչ մի բան չի փոխվի, մեր տնտեսությունը դրանից որակական իմաստով չի զարգանա: Մի խոսքով, խոստացվածը չեղավ, ինչո՞ւ, որովհետև պայմաններ չստեղծվեցին: Այդ պայմանները թեորեմի պես են: Պետք է լինի մրցակցություն, պետք է լինեն ներդրումների պաշտպանության հստակ մեխանիզմներ՝ դատարաններ, նույն դաշտում գործող բիզնեսը չպետք է ունենա մրցակից, որն ունի պետական հովանավորություն: Բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հնարավորինս տարանջատված լինեն: Միայն այս պայմաններում են ներդրումներ գալիս»:
Այժմ քարոզչական նույն հնարքն է փորձում կիրառել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, և եթե տարիներ առաջ Սերժ Սարգսյանը փորձում էր հանրությանը ցույց տալ, թե միայն իրեն վստահելով, իր անձը հաշվի առնելով են գործարարները ներդրումներ խոստանում, հիմա հերթը Կարեն Կարապետյանինն է:
Միևնույն է, խոստացված քանակի ներդրումների սպասելը միամտություն կլինի, ուստի զուտ խոստումների առումով չի բացառվում, որ հիմա ռուսաստանցի գործարարները և սփյուռքի մեծահարուստ մեր հայրենակիցները կարող են ավելի շռայլ գտնվել:
Այս տարվա հունվարին էր, որ ռուսաստանցի գործարարները հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ լիակատար աջակցություն են հայտնում Ս.Սարգսյանի և Կ.Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, «որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա»:
Խոստացան նաև «ուժերի ներածին չափով» մասնակցել ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին:
«Կառավարությունը հիմա ընդամենը կոչերով է դիմում, որևէ ռեալ, շոշափելի քայլ ներդրումների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ չի արվում: Շատ խիստ կասկածում եմ, որ առանց ցնցումային փոփոխությունների Հայաստանում հնարավոր են շոշափելի ներդրումներ: Որովհետև այնքան բորբոսնած ու մամռակալած է ոլորտը, օլիգարխների, դրանց կողմից ամբողջ դաշտը վերցրած, կենտրոնացրած մի քանի ընտանիքների ձեռքում…»,- նշեց տնտեսագետ Հայկ Գևորգյանը:
Նա բերում է «Քարֆուրի» օրինակը:
«Հենց այն նույն տնտեսվարողը, ով խոստացավ 250 մլն դոլարի ներդրում, «Քարֆուր»-ին դուրս շպրտեց «մոլ»-ից: Այս ամենի մեջ շատ մեծ է նախընտրական բաղադրիչը: Էստեղ համաժողովներ կանցկացնեն այս շաբաթվա ընթացքում, մարդիկ կգնան-կգան, խոստումներ կտան, բայց ռեալ ներդրումներ ես կարծում եմ, որ դեռ չի լինի: Դրանք ուղղակի համեմատական են այն քայլերին, որոնք կանի կառավարությունը՝ մթնոլորտը փոխելու համար: Եթե մթնոլորտ փոխվի, մենք միանգամից կզգանք: Մենք կտեսնենք դա շատ ճանաչված, մոնոպոլիստ օլիգարխների, «գործարարների» ազդեցության կտրուկ սահմանափակման դեպքում: Եթե մենք դա չտեսնենք, չեմ կարծում, որ շոշափելի ներդրումներ կլինեն Հայաստանում»:
Արմենուհի Վարդանյան