«Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, իրենք ուզում են այս «չպատերազմ» վիճակից դուրս գալ և գնալ դեպի խաղաղություն»․ Քոչինյանը փոխանցեց Հաջիևի ուղերձը հայերին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքու մեկնած Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին խնդրել է հայ հասարակությանը ուղերձ փոխանցել։
Բաքվից վերադարձած քաղհասարակության պատվիրակության ներկայացուցիչներից «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Հաջիևի ուղերձը․«Առաջինն այն է, որ պատերազմն ավարտվել է և Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, իրենց համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ավարտված է։ Իրենք ուզում են այս «չպատերազմ» վիճակից դուրս գան և գնան դեպի խաղաղություն։ Իրենց համար կարևոր է, որ այս նամակը մեր միջոցով փոխանցվեր Հայաստանի հասարակությանը, որ Ադրբեջանը ցանկանում է համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել Հայաստանի հետ և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Եվ որ ամենակարևորն է՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք բառացի մեջբերումներ են»։

Արեգ Քոչինյան
Ըստ նրա, մենք ունենք հնարավորություն կարմիր գիծ քաշելու և այդ կարմիր գծից այն կողմ աշխատելու։ Եթե հայ ազգը հավերժ գնա հետ, գնա անցյալ, հիշենք, թե ով, երբ, ինչ է արել, այդ ճանապարհը, մեր գնահատմամբ, տանում է դեպի ոչ մի տեղ։
Անդրադառնալով Հայաստանում տարածված բացասական արձագանքներին իրենց՝ Բաքու մեկնելու կապակցությամբ, Քոչինյանն ասաց՝ այդ բարկությունը, անվստահությունը, նեղսրտվածությունը բնական է, քանի 35 տարվա նման թշնամանքից, ատելությունից, ապամարդկայնացումից հետո մեծ աշխատանք է սպասվում այդ զգացողություններն ու խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։ Նա ասաց, որ սա երկկողմանի ֆենոմեն է, և երբ ադրբեջանցի փորձագետներն էին մեկ ամիս առաջ այցելել Երևան, նույն քննադատությունը հայ քաղհասարակության ներկայացուցիչների մասին էին ասում Ադրբեջանում, հիշեցնում նրանց նախկինում արած հայտարարությունները, ու կասկածի տակ դնում, թե՝ «է՞ս մարդիկ են եկել մեզ հետ խաղաղություն կառուցելու» և այլն։
«Ես ցանկանում եմ արձանագրել, որ իմ կարծիքով՝ հայաստանկան քաղաքական դաշտում, ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ կամ օտարեկրյա գործակալ է, սրիկա է, կամ ապաքաղաքական ապուշ է, որը չի հասկանում, թե ինչ է խոսում։ Նրանց դեմ լինելը բացատրելու այլ տարբերակ պարզապես չեմ տեսնում»,- ասաց Քոչինյանը։
Նրա խոսքով՝ հայ և ադրբեջանցի փորձագետների այս երկու հանդիպում-քննարկումները, բնականաբար, բավարար չեն 35 տարվա երկաթյա վարագույրը փլուզելու կամ հաղթահարելու համար, սակայն վերջին հանդիպումներն այդ ուղղությամբ տարվող քայլեր են, որոնք շարունակվելու են։

Նաիրա Աուլթանյան
«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Նաիրա Աուլթանյանը, որը Բաքու մեկնած խմբի անդամներից է, անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին։ Նա նշեց, որ բոլոր միջազգային ատյաններում բարձրացրել են հայ գերիների պահման վերաբերյալ հարցը, Ադրբեջանում ևս բարձրացրել են, ոչ մի սահմանափակում չի եղել ադրբեջանական կողմից, որ այդ հարցը չբարձրաձայնվի։
Նա վստահեցրեց, որ այդ հարցը բարձրացրել են մշտապես, և՛ ադրբեջանցի փորձագետների Երևանում հանդիպման ժամանակ, և միջազգային ատյաններում, նաև Բաքվում՝ Հաջիևի մոտ․«Ադրբեջանական կողմի հետ այս թեմայով ուղիղ խոսելը մեզ համար նոր էր, հատկապես Հաջիևի առջև։ Մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն, և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի կողմի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի արդյունքում, հույս ունենք, որ այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն։ Ցավով պետք է նշեմ, որ հստակ ու կոնկերտ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների մասին, բայց Հայաստանի իշխանությունները մեզ հավաստիացնում են, որ պարբերաբար ջանքեր են գործադրում, պարոն Հաջիևն էլ մեզ հավաստիացրեց, որ շատ ակտիվ բանակցության գործընթացներ են ընթանում»։
Նշենք, որ Բաքու մեկնած պատվիրակության կազմում էին նաև քաղաքագետներ Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանն ու Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Սամվել Մելիքսեթյանն էլ նկատեց՝ Ադրբեջանի հասարակությունն էլ իրեն այս հակամարտության զոհ է պատկերացնում և երկար ու բարդ աշխատանք է սպասվում՝ հասկանալու այս հակամարտության հետևանքներն երկու երկրների համար։
Նա պատմական մի ուշագրավ դրվագ ներկայացրեց, նշեց՝ 1918-1920 թվականին Բաքվի կոտորածների ժամանակ մոտ 20 հազար հայ է զոհվել, բայց միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանում 2 տասնյակ հայ պատգամավորներ եղել, հիմնականում՝ ՀՅԴ-ից, այդ մարսիկ շարունակել են աշխատել մինչև Ադրբեջանի անկախությունը։ Հայաստանում էլ, ինչպես նկատեց Մելիքսեթյանը, ադղրբեջանցի պատգամավորներ են եղել․ «Այն ժամանակ ծանր, արյունալի կոնֆլիկտ է եղել, բայց միաժամանակ եղել է քաղաքական երկխոսություն։ Ու հիմա մենք ստեղծել ենք մի այնպիսի տոտալ հակամարտություն, որ շփումներն ու այցերն ընկալվում են որպես դիվերսիա, թշնամական ակտ, դավաճանություն»։

Սամվել Մելիքսեթյան
Նրա կարծիքով՝ եթե մենք չենք ուզում, որ կոնֆլիկտը շարունակի այն տրամաբանությունը, որը ենթադրում է, որ մենք հետագայում ավելի շատ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի դրա հետևանքները հաղթահարենք, մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք նման երկկողմ շփումները․ «Այսպիսի տոտալ հակամարտության մոդել չկա հետխորհրդային որևէ կոնֆլիկտի դեպքում՝ ո՛չ օս-վրացական, ո՛չ աբխազա-վրացական, ո՛չ առավելևս մերձդնեստրյան, այնտեղ մարդիկ ազատ հատում են սահմանը»։
Նա պատմեց, որ Բաքվում հայ պատվիրակությունն այցելել է միակ հայկական եկեղեցին՝ Գրիգոր Լուսավորիչ, այն հիմա գրքերի պահեստ է, որտեղ կան բավականին արժեքավոր հայալեզու նմուշներ․«Այնտեղի աշխատողը Երևանում ծնված ադրբեջանցի կին էր, լավ խոսում էր հայերեն, նրա հետ շփվելիս ես հասկացա, որ նա ունի կարոտ այն բնակավայրի նկատմամբ, որտեղ ծնվել, մեծացել է, հետաքրքիր էր իր համար, թե այդ թաղամասն ինչպես է փոխվել և այլն։ Այս կոնֆլիկտի հետևանքը երկու կողմից հարյուր հազարավոր մարդիկ են, որոնք նման կորուստներ ունեն։ Այս դեհումանիզացիայի արդյունքում այս մարդկանց ճակատագիրը մեզ չի հուզել, որովհետև մենք միշտ հիշել ենք մեր նույն մարդկանց, իրենք՝ իերնցը, ու հարցը փակվել է»։

Նարեկ Մինասյան
Նարեկ Մինասյանն էլ վստահեցրեց, որ Ադրբեջանում քննարկումների արդյունքում ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, որ պետք է ձեռնարկել ակտիվ քայլեր, որպեսզի երկու երկրների ժողովուրդները իրենց մաշկի վրա զգան խաղաղության արդյունքները․«Հայկական կողմը պարոն Հաջիևի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանությամբ բառակազմի կիրառությունը՝ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական մեդիայում պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդիրը, վերջին նման օրինակը Ազերթաջիի հրապարակումն էր, որտեղ «Երևանը» գրվել էր «Իրեվան»։ Այս հարցը կոնկրետ օրինակով ներկայացվեց և ադրբեջանական կողմը համաձայն էր այն գաղափարի հետ, որ այո, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել այս խնդրին, որոնք բացասական կարող են ազդել կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

Բորիս Նավասարդյան
Բորիս Նավասարդյանն էլ ներակայացրեց, թե ինչ ուղղղություններով են աշխատել․« Մեր գործունեությունը հիմնականում եղել է մոտավորապես երկու կետով՝ առաջինը լինել կոմունիկատորներ՝ խաղաղության և հակամարտության հաղթահարման գործընթացի գաղափարները հնարավորինս փոխանցել ադրբեջանցի մեր գործընկերներին և պետական կառույցներին, նույնը կարծում եմ իրենք էին ակնկալում։ Մեզ համար կարևոր էր, որ այն ինչ քննարկել ենք «Ադրբեջանում 1-2 օրվա ընթացքում, լսելի կլիներ նաև Ադրբեջանի իշխանություններին»։
Նա նշեց այն կետերը, որոնց շուրջ փոխըմբռման են հասել՝ լինելու են տարբեր ձևաչափեր և միջոցառումներ, այդ թվում՝ նաև անկախ և տարբեր կարծիք ունեցող փորձագետները ներգարվվելու են և հնարավորություն են ունենալու ներկայացնելու իրենց առաջարկները։ Երկրորդը՝ մեդիաոլորտն է՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները նպաստեն կարգավորման գործընթացին։
Նշենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը, որը հանդիպել է Ադրբեջանի գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։ Մինչ այս այցը, մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան՝ նույն նախաձեռնության շրջանակներում։
Տիրուն Մարգարյան
