Ղազախսատանը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին․ Տոկաև
Աստանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստան-Ղազախստան հարաբերությունները շարունակաբար զարգանում են և այսօր ունեն ռազմավարական նշանակություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին իր հրավերը ընդունելու համար։
«Այսօրվա այցն ունի առանձնահատուկ՝ պատմական կարևորություն։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հուսալի և վստահելի գործընկեր, և մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության և հարգանքի վրա»,- նշել է նա։
Տոկաևի խոսքով՝ Ղազախստանը մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ բարձր գնահատելով հայկական մշակույթն ու պատմական ժառանգությունը։
«Այդ արժեքները հիմք են, որոնց վրա կառուցում ենք մեր բազմակողմանի համագործակցությունը»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։
Նա շեշտել է, որ իր պաշտոնական այցը Հայաստան 2023 թվականին, ինչպես նաև՝ ընթացիկ բանակցությունների արդյունքները, վկայում են հարաբերությունների դինամիկ զարգացման մասին։
«Հայաստան–Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն։ Մենք ստորագրել ենք համատեղ հայտարարություն, և այս այցը նոր հնարավորություններ ու ճանապարհներ է բացել համագործակցության համար»,- ասել է Ղազախստանի նախագահը՝ ընդգծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
Աստանայում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների համար արված ելույթում Տոկաևը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին, բարձր գնահատելով հանդիպման արդյունքները՝ նա նշել է, որ քննարկումներն ընդգրկել են տնտեսական, ներդրումային և ոլորտային համագործակցության լայն շրջանակ։
«Մենք առանձնահատուկ կարևորություն տվեցինք փոխադարձ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հարցերին։ Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունն ու ապրանքացանկը։ Անցած տարի միայն ղազախական արտահանումը Հայաստան գերազանցել է 350 միլիոն դոլարը»,-ասել էՂազախստանի նախագահը։
Նրա խոսքով՝ կողմերը նպատակ ունեն իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր և զարգացնել կապերը բիզնես համայնքների միջև։
Տոկաևն ընդգծել է նաև տրանսպորտային ու տրանզիտային հնարավորությունների կարևորությունը․«Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին։
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկիրը հետաքրքրված է նաև մասնակցելու TRIPP միջազգային նախագծին․«Մենք ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ Խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախաձեռնությունները, ինչպես Հյուսիս-հարավը և Միջին միջանցքը, համապատասխանում են երկու երկրների շահերին»։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով․«Մեծարգո պարոն վարչապետ, Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ և քաղաքական գործիչ։ Հաշվի առնելով Ձեր դերը՝ այսօր մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել։ Այս քայլը հանդիսանում է նշան մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ձգտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը»:
