Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրու քաղաքապետին կալանքից ազատելու փաստաբանի բողոքը
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ներկայացրած մեր բողոքը, որը վերաբերում էր Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելուն, այսօր մեժվել է»,-RegionsTV-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Նա ասաց, որ մերժման մասին տեղեկացել են զանգով, ու դեռևս դատական ակտը չեն ստացել, թե ինչ հիմնավորմամբ է դատարանը մերժել բողոքը:
Փաստաբանը փոխանցեց, որ բացի Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը, իրենց կողմից ևս երկու բողոք է ներկայացվել.«Մեկ բողոք ունենք ուղղված գլխավոր դատախազին: Այս պահի դրությամբ այդ բողոքի պատասխանը դեռևս չունենք: Եվս մեկ միջնորդություն ներկայացրել ենք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր վարույթ հարուցելու մասով, բայց դատարանը գտել էր, որ նոր վարույթ հարուցելու հիմքեր չկան, ըստ էության հղում անելով, որ պետք է բողոքարկել դատախազություն»:
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանները նաև բողոքներ ու հիմնավորումներ էին ներկայացրել, վերջինիս ՔԿՀ-ում պահելու և փաստաբանների մուտքի սահմանափակման հետ կապված: Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց 21 էջից բաղկացած հիմնավորրումների ցանկի կարևոր կետերը.«Ամենակարևոր հանգամանքը այն է, որ Վարդան Ղուկասյանը ունի այնպիսի հիվանդություն, որը դինամիկ հսկողություն է պահանջում, բայց «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ի բժշկական ծառայությունը չունի այն մասնագետը, որը կարող է մշտապես պատշաճ բժշկական վերահսկողություն իրականացնել: Ամեն պահի պարոն Ղուկասյանը կարող է խնդիրներ ունենալ: Այդ դեպքում պետք է սպասել շտապ օգնությանը:
Փաստացի չկա ուղղակի արձագանքման հնարավորություն, ինչը վտանգավոր է: Լրջագույն խնդիրներ կան նաև խցի հետ կապված: Պայմանները անթույլատրելի են առողջական խնդիրներ ունեցող անձի համար: Այդ ամենը լուրջ ռիսկեր է պարունակում: Պետք է բարելավվել պայմանները, իրականացնել պատշաճ բժշկական հսկողություն, հակառակ դեպքում վտանգ կա, որ այդ ամենը կհանգեցնի խոշտանգման և վատ վերաբերմունքի»:
Թե ի՞նչ ժամկետներում կստանան իրենց ներկայացրած մյուս բողոքների պատասխանները, փաստանն ակնկալում է, որ մյուս շաբաթ Վերաքննիչ դատարանը պետք է, որ ուղարկի իր որոշումը․«Իսկ գլխավոր դատախազությանը հասցեագրված բողոքի պատասխանի ժամկետ չեմ կարող նշել, քանի որ նրանք այդ առումով ինքնավստահ վարքագիծ են դրսևորում, մշտապես խախտելով ժամկետները: Ըստ էության, գլխավոր դատախազությունը անգործությանը վերաբերող բողոքին պետք է պատասխանի 7-օրյա ժամկետում, բայց վստահ չեմ, որ կպահպանի ժամկետները»:
Նիկոլ Մարգարյան
