Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրեական վարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը. Հետք

Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանին վերաբերող քրեական վարույթով նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն նախաձեռնվել է «Հետքի» հրապարակման հիման վրա 2023-ի հուլիսին:
Ընդ որում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը 1980-ականներից աշխատել է մաքսային ու հարկային մարմիններում, իսկ 2014-2016 թթ. եղել է ֆինանսների փոխնախարար, 2016-ի մարտ-հոկտեմբերին էլ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ, ներգրավված է միանգամից 3 քրեական վարույթներում, որոնցից մեկը, ինչպես ասվեց, «Հետքի» հրապարակման հիման վրա է նախաձեռնվել:
2018-ի նոյեմբերին գրել էինք Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների ու գործարարների, այդ թվում՝ Արթուր Աֆրիկյանի մասին: Նշել էինք, որ վերջինս 7 միավոր անշարժ գույք է գնել Դուբայում, որոնցից 2-ը հետո վաճառել է:
Հետագայում պարզել էինք, որ նախկին պաշտոնյայի արաբական գույքի չափն ավելի մեծ է. պաշտոնյան ունեցել է ոչ թե 5 (վաճառածները չհաշված), այլ 9 բնակարան: Ավելին՝ մեր առաջին հրապարակումից հետո պարզել էինք, որ Աֆրիկյանի բոլոր 9 տները գրանցվել են նրա կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով, որն էլ օտարել է դրանք:
2023-ի հուլիսին գրել էինք, որ օտարված 9 բնակարանների շուկայական ընդհանուր արժեքն այդ պահին շուրջ 4 մլն դոլար էր:
Օտարվածներից 2-ը, սակայն, գրանցվել էին Հովհաննես Կոբալյանի անունով, որն աշխատում է Դուբայի անշարժ գույքի ոլորտում, ինչպես նաեւ սերտ առնչություն ունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: Բավական է ասել, որ մեր ձեռքի տակ եղած հին ու նոր տվյալներում հենց նրա էլեկտրոնային փոստն է նշված թե՛ Աֆրիկյանի, թե՛ Մովսեսյանի կոնտակտների մեջ: Կարելի է ենթադրել, որ Հ. Կոբալյանը առնչություն է ունեցել Արթուր Աֆրիկյանի անշարժ գույքի գործարքներին եւ գույքի կառավարմանը:
2023-ի ամռանը գրել էինք, որ օտարված 9 բնակարաններից զատ Ալվարդ Մովսեսյանի անունով գրանցված է 2 բնակարան Palm Jumeirah արհեստական կղզում, ինչպես նաեւ 2 խանութ Դուբայ Մարինա շրջանում:
«Հետքի» այս երկրորդ հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ նույն ամսում քրեական վարույթ էր նախաձեռնվել փողերի լվացման հոդվածով, ավելի կոնկրետ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով: Այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (2-րդ կետ) կամ առանձնապես խոշոր չափերով (3-րդ կետ), պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: ՔՕ 296-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող գումարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: