Վարչապետի «դրայվը» եւ «դիլխոր» Գյումրին | Region

Վարչապետի «դրայվը» եւ «դիլխոր» Գյումրին

Փետրվար 04,2017 15:11

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Գյումրիում էր: Ինչո՞վ էր այդ այցը տարբերվում նախորդ վարչապետների՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի այցերից: Դրանք լուսաբանող լրագրողների եւ շարքային գյումրեցների համար գրեթե ոչ մի բանով, ուղղակի Գյումրին զարգացնելու խոստում տվող անուն-ազգանունն է փոխվել, ու համեմատած մյուս խոստում տվողների՝ ավելի բարետես է:

Կարեն Կարապետյանի ու իր նախորդների այցերից Գյումրիի փողոցներն ավելի լավը չեն դարձել, Գյումրին ավելի բարեկարգ չի դարձել, Գյումրիում իշխանությունների համառ եւ հետեւողական ջանքերով թանձրացած գաղջը չի նոսրացել: Գյումրին չի դարձել ժպտացող քաղաք, Գյումրին «դիլխոր է», այո՛, եւ Գյումրիում ապրող լրագրողներն այդ միջավայրի ծնունդն են, որովհետեւ եթե վարչապետը շրջում է քաղաքի կենտրոնում ու բացականչում՝ «ֆանտաստի՜կ քաղաք է», գյումրեցի լրագրողը նրա հետ հանդիպման է գնում «Ֆանտան» թաղամասից, որից հետո վարչապետի ասածների ու իրենց տեսածների միջեւ հակադրությունն ավելի ցայտուն է զգացվում:

Գյումրիի ֆանտաններ կոչվող տնակային թաղամաս
Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամաս
Այստեղ եւ Գյումրիում գտնվող նմանատիպ այլ թաղամասերում են կենտրոնացած մեծ թիվ կազմող ծայրահեղ աղքատ ընտանիքները, տնակներում մեծացած, բանակ գնացած, ամուսնացած ու խոնավ, փլված, ցուրտ տնակում երեխա մեծացնող սերունդը: Երրորդ սերունդն է Գյումրիում տնակում մեծանում, եւ վարչապետի «դրայվոտ» տրամադրությունն այս սերնդի կյանքում ոչինչ չի փոխում:

Գյումրին այն բնակավայրն է, որտեղ պաշտոնական վիճակագրությամբ անգամ արձանագրված է աղքատության, ծայրահեղ աղքատության ամենաբարձր ցուցանիշները (աղքատությունը 45% է՝ ըստ ԱՎԾ-ի):

Բոլոր դեպքերում եւ բոլոր ժամանակներում Գյումրի ժամանող պետական պաշտոնյաները գյումրեցուն ուղղված ինչ-որ ասելիք ունեցել են, ավելի ակտիվացրել են այցերը, երբ առջեւում ընտրություններ են եղել:

Մեկի այցը նշանավորվել է Գյումրին տեխնոքաղաք դարձնելու խոստմամբ: Տիգրան Սարգսյանն էր, որ պլանավորել էր Գյումրիում «Բոինգ» ինքնաթիռներ նախագծել կամ առնվազն ինքնաթիռի դետալներ, բարձր տեխնոլոգիաներով հիմնարկների, ոսկերչական ձեռնարկությունների համար Գյումրին դարձնել ինկուբացիոն կենտրոն: Տիգրան Սարգսյանի տեխնոարկածախնդրությունը Գյումրիում նշանավորվեց ավելի շուտ վարկով ստացված գումարների վատնումով, քան իրական գործով:

Հովիկ Աբրահամյանը շատ կոնկրետ ժամկետներում կոնկրետ աշխատատեղերի խոստում էր տալիս Գյումրիում: 2015 թվականին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մենք այս պահին զբաղվում ենք Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու ծրագրեր իրականացնելով, որպեսզի մարդիկ աշխատեն ու չլքեն Գյումրին: 2016-ին՝ երկրորդ եռամսյակի մեջ, 600 աշխատատեղ կստեղծենք թեթև արդյունաբերության ոլորտում»:

2016 թվականի երկրորդ եռամսյակն անցյալում է, երրորդն էլ… Գյումրիում 600 աշխատատեղ չի ստեղծվել: Հովիկ Աբրահամյանը շատ կոնկրետ սուտ է ասել մեզ՝ լրագրողներիս եւ մեր միջոցով իրազեկվող հանրությանը՝ մասնավորապես տնակում մեծացող սերունդներին:

2016 թվականին ԱՎԾ տվյալների համաձայն՝ Շիրակի մարզում գործազուրկների թիվն աճել է, այն ամենաբարձրն է բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի հետ համեմատած:

Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների շարքում էին՝ Գյումրին դարձնել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք, զբոսաշրջային կենտրոն, Սարգսյանը խոստացել էր կրճատել աղքատությունը, ստեղծել աշխատատեղեր եւ այլն… Խոստումներից 5 տարի հետո (2012 թ.) նա Գյումրու Թատերական հրապարակում հայտարարեց, որ խոստանում է «ապագա հինգ տարիների ընթացքում արածը կրկնապատկել»:

Եվ կրկնապատկեց՝ խորացնելով աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը: Իսկ Սահմանադրական փոփոխությունների նախաշեմին էլ՝ 2015 թվականի դեկտեմբերին, Սարգսյանը խոստացավ Գյումրին ասֆալտապատել եւ բարեկարգել, առաջիկա երկուշաբթի օրը սկսել այդ ուղղությամբ աշխատանքը: Գյումրիում 2015 թվականին հնչեցրած այս խոստումից հետո դեռեւս որեւէ փողոց չի ասֆալտապատվել:

Հիմա խոստումների «փաթեթով» Գյումրի է մտնում հերթական վարչապետը, այն էլ ընտրություններից առաջ: Նա ցանկանում է, որ լրագրողները ժպտան, որ ինքը Գյումրիում ծրագրերը կյանքի կոչի: Ի՞նչ է, գյումրեցի «դիլխոր» լրագրողնե՞րն են Կարեն Կարապետյանին խանգարում իր ծրագրերը կյանքի կոչել: Միգուցե հաջորդ անգամ լայն ժպիտով, փափուկ շեշտադրմամբ եւ գեղեցիկ շարահյուսությամբ հարցադրումներով դիմավորենք Կարեն Կարապետյանին, որպեսզի մոտիվացվի ու խոստումները փորձի կյանքի կոչել:

Սակայն մեր խնդիրը Կարեն Կարապետյանին ուրախացնելն ու մոտիվացնելը չէ, մեր խնդիրը հերթական անգամ հերթական խոստումը եթեր հեռարձակելուց առաջ, տնակում սառնամանիքին երեխա մեծացնող գործազուրկ քաղաքացուն հերթական խոստումն «ավետելուց» առաջ հարցադրելն է՝ ինչո՞ւ ենք հավատալու հերթական խոստմանը, այո, ի՞նչ երաշխիք, որ սա հերթական նախընտրական շոուն չէ՝ տուրիստական Գյումրի կառուցելու հեռանկարով:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ