ԶՊՄԿ-ի աշխատակիցները գործադուլ են անում․արհմիությունն էլ զգուշացնում է՝ եթե այդ գործողությունները շարունակվեն՝ մեծ մասին հարկադիր պարապուրդի կուղարկեն

Արհմիության պնդմամբ՝ աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի 50% անիրական բարձրացում
ԶՊՄԿ ՓԲԸ-ն և ԶՊՄԿ ՓԲԸ արհմիությունը համատեղ հաղորդագրություն են տարածել աշխատակիցների գործադուլի մասին։
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի փետրվարի 1-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:
ԶՊՄԿ ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով ԶՊՄԿ ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն երեկ գործադուլ էին անում, նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում։
Hetq.am-ը գրել է, որ կոմբինատի՝ գործադուլ անող աշխատակիցները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի 50% բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում:
«Աշխատավարձերը ցածր են հիմնականում աշխատավոր մարդկանց համար, միջին եւ բարձր օղակները բավականին մեծ տարբերությամբ մեծ գումարներ են ստանում: Երկրորդը՝ կարելի է ասել, որ իսպառ բացակայում է երկխոսությունն աշխատավորների եւ վերադասի միջեւ, ինչն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հետադարձ կապ, աշխատանքի կազմակերպման, աշխատանքի որակի հարցեր եւ այլն»,- ասել է «Հետքի» զրուցակիցը: