«Սա ի՞նչ վիճակ է, մարդիկ «ռաժոկով» են ավտոբուս նստում»․մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ցույցներն ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման

Երևանցիներից շատերը բոյկոտում են, ավտբուս են նստում ու 150 դրամի փոխարեն 100 դրամ են վճարում
Արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի գործողություններ են ընթանում։ Քաղաքացիները կամ վճարում են 100 դրամ, կամ ընդհանրապես չեն վճարում, կան ուղևորներ, որոնք վճարում են 150 դրամ։ Չնայած փետրվարի 3-ին Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ընդդիմության գործողությունները որակել է որպես «շոու», և նշել, որ վերադարձը 100 դրամների համակարգին անհնար է, Հայկ Մարությանը վտահեցնում է, որ ցույցերը շարունակվում են առանց կոլապսի՝ օրեցոր ընդլայնելով իրենց շրջանակները։
«Ի վերջո մենք հասել ենք հանգիստ բոյկոտի մի ձևի, որտեղ մարդիկ առանց վեճերի, հանգիստ իրականացնում են իրենց ակցիան»,-նշել է Մարությանը։
Կան երևանցիներ, որոնք 150 դրամ ուղեվարձը բարեխիղճ գին են համարում՝ հիմնավորելով, որ տրանսպորտի որակը բարելավվել է, և այդ գինը նորմալ է․«Շատ գոհ եմ, նորմալ է, էսպիսի կոմֆորտնի տրանսպորտից օգտվելու համար պետք է մի քիչ ավել վճարել»։ Նրան հակադարձում է մեկ այլ քաղաքացի․«Թող մի հատ տեսնեն տրանսպորտի վիճակը, որ գլուխ չհարդուկեն, թե հարմարավետ են ավտոբուսները, սա ի՞նչ վիճակ ա, մարդիկ «ռաժոկով» են ավտոբուսներ մտնում»:
Երևանցիներից շատերը դժգոհում են, որ ստիպված են լինում երկար սպասել ավտոբուսի ժամանելուն, ուստի չարժե այդքան սպասելով հանդերձ 150 դրամ վճարել։
Մարությանի բոյկոտի նախաձեռնությանը միացել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, նրանցից Սամվել Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոյկոտը շարունակվում է՝ ամեն առավոտ և երեկոյան պիկ ժամերին․ «Մենք աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, պետք է իրականացնենք այս բոյկոտը մինչև վերջ։ Նույնիսկ մարդիկ, ովքեր այս պահին մեզանից դժգոհ են, արդեն իսկ 300 դրամի փոխարեն վճարում են 150 դրամ»։
Նրա խոսքով՝ ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ժողովրդի մեծամասնությունը հասկանա, որ չպետք է վճարի։
«Չենք վճարելու» ուսանողական երիտասարդական նախաձեռնության անդամները Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում շրջելով՝ ուսանողներին կոչ են անում չվճարել 150 դրամ։
Օրերս «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը լրագրողներին հայտնել էր, որ ցույցներն այնքան են շարունակելու, մինչև քաղաքային իշխանությունը ստիպված լինի վերանայել որոշումը և տրանսպորտի համար 100 դրամ սակագին սահմանի․«Ի վերջո, ստիպված են լինելու վերանայել որոշումը, քանի որ բոյկոտի արդյունքում ֆինանսական խնդիրներ են առաջանալու։ Մեր՝ որոշմանը դեմ լինելու մասին 17 հազար ստորագրություններով նախագիծը մտնելու է օրակարգ։ Ինչ իմաստ ունի թանկացումը, եթե 17 հազար քաղաքացիների ստորագրությունների նախագծի վերաբերյալ դեռ որոշում չկա։ Եթե նախագիծը մերժեն՝ կգնանք հանրաքվեի»»
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ներդրվել է միասնական տոմսային համակարգ, որը սկսել էր գործել այս տարվա հունվարի 1-ից, որը ենթադրորմ էր ուղևորատոմսի թանկացում։ Ապա այն հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և երևանցիներին կոչ էր արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաք նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ 300-ի փոխարեն։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել և շարունակել բոյկոտը։
Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու սակագաներն են՝ ամսական փաթեթի համար 9000 դրամ, եռամսյակային փաթեթի համար՝ 24 հազար դրամ, տարեկան փաթեթի համար՝ 90 հազար դրամ:
Նիկոլ Մարգարյան