Վ. Պուտինի խոսնակը խառնեց հայկական դիվանագիտության խաղաքարտերը | Region

Վ. Պուտինի խոսնակը խառնեց հայկական դիվանագիտության խաղաքարտերը

Մայիս 06,2016 12:27

Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց և Ազգային Ժողով ուղարկեց ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված նախագիծն Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ:

Այն փաստը, որ նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով, խոսում է այն մասին, որ ՀՀ կառավարությունն առնվազն դեմ չէ Արցախի ճանաչմանը և դա գոնե այս փուլում մտնում է ղեկավարության պլանների մեջ: Թե իշխանական, թե ոչ իշխանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը: Սակայն մի քանի ժամ անց, երբ ՌԴ նախագաի մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնեց Մոսկվայի դիրքորոշումը նախագծի վեաբերյալ, ՀՀ ԱԳՆ-ն, կառավարությունը, Ազգային Ժողովը ստիպված եղան հապճեպորեն վերանայել իրենց սկզբունքային մոտեցումները:

«Մոսկվան հույս ունի, որ կողմերը չեն գնա այնպիսի քայլերի, որոնք կարող են խախտել առանց այն էլ շատ փխրուն հրադադարը և հանգեցնել հակամարտության էսկալյացիային», — հայտարարեց Դ.Պեսկովը: Նա նաև նշեց, որ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Արցախի ճանաչման նախագիծը: Այս խոսքերը բավական էին, որ խորհրդարանը նախ մերժեր իշխանության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի առաջարկը և չընդգրկեր նախագծի քննարկումը Ազգային Ժողովի մայիսի 10-ի արտահերթ նիստի օրակարգում: Այնուհետև կառավարությունը հայտարարեց, որ հավանության չի արժանացրել այդ նախագիծը, իսկ ԱԳՆ-ն էլ վերջնականապես ի չիք դարձրեց բավականին հաջող ընթացող դիվանագիտական ճնշման քաղաքականությունը ՝ հայտարարելով, որ կառավարության կողմից հավանության արժանանալու հաղորդագրությունները ընդամենը ասեկոսեներ են:

«Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին», — իր հատուկ հայտարարության մեջ ընդգծեց ԱԳՆ-ն:

Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ Հայաստանը չի ճանաչի Արցախի անկախությունը, իսկ նախագծի քննարկումը կառավարությունում, ապա և խորհրդարանում Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու և «կարգի հրավիրելուն» էր միտված:

Բացի այդ, երկրի ղեկավարությունը այս քայլով լուծում էր ևս մեկ խնդիր. վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանը մեծ ուժեր էր կենտրոնացնել Արցախի հետ սահմանին, և Երևանը փորձում էր Բաքվին հետ պահել ղարաբաղյան պատերազմի համատեքստում խորհրդանշական մայիսի 9-ին, դրանից հետո կամ առաջ ծրագրվող ագրեսիայից՝ սպառնալով նման պարագայում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Մայիսի 9-ը դեռ չի անցել, հետևաբար և ագրեսիայի վտանգը նույնպես, իսկ ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձինք արդեն բացահայտ կերպով հրաժարվում են իրենց որդեգրած մարտավարությունից: Ակնհայտ է, որ Մոսկվայի նման արձագանքն առավել քան կանխատեսելի էր, իսկ թե ինչու ԱԳՆ-ն այն հաշվի չէր առել, անհասկանալի է:

Հիմա Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում երբ Ադրբեջանում հասկացան, որ Ռուսաստանն ակնհայտորեն դեմ է նույնիսկ Արցախի ճանաչման վերաբերյալ քննարկումներին, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը դժվար թե ի կատար ածի իր իսկ տված խոստումը՝ ճանաչել Արցախի անկախությունն ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում: Սա արդեն հարևան երկրին ազատ գործելու հնարավորություն է տալիս, քանի որ Երևանը դիրքորոշման ու հայտարարությունների այս շուտափույթ փոփոխությամբ ցույց տվեց, որ իր համար Արցախի ճանաչման հարցում գլխավորը ոչ թե Բաքվի ագրեսիան է, այլ Մոսկվայի արձագանքը:

Ի դեպ այս համատեքստում հատկանշական էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և Մոսկվայում Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրեյանի ակտիվությունը: Նրանք երկուսն էլ մեկ օրվա ընթացքում հանդես եկան տարբեր հայտարություններով, ինչը բավականին հազվադեպ երևույթ է ՌԴ-ում գտնվող մեր դիվանագետների դեպքում, ովքեր առանց «նախագահականի» համաձայնության որևէ ակտիվություն չեն ցուցաբերում: Հայկական դիվանագիտության միքանիօրյա ակտիվությունը հանդիպեց Մոսկվայի դիմադրությանը ու արագորեն նահանջեց ի վնաս ՀՀ շահերի:

Գոռ Ալեքսանյան

ԳԱԼԱ, ք. Մոսկվա

Նորություններ