ԱՄՆ-ում դիտարկում են աշխարհում Միացիալ Նահանգների մի շարք հյուպատոսություններ փակելու հարցը. NBC News

Պետքարտուղարությունը հյուպատոսություններից խնդրել է տեղեկատվություններ տրամադրել նրանց գործունեության մասին. գերատեսչությունը վերանայում է դրանք, այդ թվում՝ գնահատելով դրանց «դիվանագիտական անհրաժեշտությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ամբողջ աշխարհում մի շարք հյուպատոսություններ փակելու հարցը՝ ծախսերի կրճատման շրջանակներում: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը Եվրոպայում, Կանադայում, Մեքսիկայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում հյուպատոսությունների մասին է։
Եվրոպայում հյուպատոսությունների հիմնական մասը, որոնք կարող են կրճատվել, գտնվում են Գերմանիայում և Ֆրանսիայում:
Ըստ NBC News-ի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահը թեև վերանայել է հյուպատոսությունների ցուցակը, սակայն վերջնական որոշում չի կայացվել։ Նույն աղբուրի փոխանցմամբ՝ պետքարտուղարությունը հյուպատոսություններից խնդրել է տեղեկատվություններ տրամադրել նրանց գործունեության մասին. գերատեսչությունը վերանայում է դրանք, այդ թվում՝ գնահատելով դրանց «դիվանագիտական անհրաժեշտությունը»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար․«Դրա համար ոչ մի պատճառ չկա։ Առանց այս հսկայական սուբսիդիաների, Կանադան կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր: Դաժան է, բայց փաստ է։ Ուստի, Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը: Շատ ավելի ցածր հարկեր և չափազանց լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար»։
Այս ամսվա սկզբին Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է՝քանի դեռ սահմանային ճգնաժամը չի թուլացել, նախագահը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանում Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար, իսկ 10% լրացուցիչ մաքսատուրք՝ Չինաստանից ներմուծման համար։ Կանադայից ստացվող էներգիան կունենա 10 տոկոս ավելի ցածր սակագին․«Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում՝ ստիպելու Մեքսիկային, Կանադային և Չինաստանին կատարել իրենց խոստումները՝ դադարեցնելու անօրինական ներգաղթը և թունավոր ֆենտանիլի և այլ դեղամիջոցների հոսքը Միացյալ Նահանգներ»։
Հիշեցնենք նաև, որ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը՝ Գրենլանդիան գնելու, Պանամայի ջրանցքը վերցնելու և Կանադան ԱՄՆ-ի նահանգ դարձնեու մասին, քննադատել են ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ։
ԵՄ-ում մեծ դժգոհություն է առաջացրել նաև ԱՄՆ ներմուծվող պողատի և ալյումինի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին Թրամփի հրամանագիրը։
«ԵՄ-ի նկատմամբ չարդարացված մաքսատուրքերն անպատասխան չեն մնա։ Դրանք կառաջացնեն վճռական և համաչափ հակաքայլեր։ ԵՄ-ն կգործի՝ պաշտպանելու իր շահերը»,-Թրամփի հրանագրին ի պատասխան հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Բացի այս, ԱՄՆ և ԵՄ-ի միջև հակասություններ կային ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման ուղիների շուրջ։
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նոր նախագահը կոշտ քաղաքականություն է վարում ապօրինի միգրացիայի ոլորտում, նա հայտարարել է, որ արտաքսելու է բոլոր ապօրինի միգրանտներին՝ ուշադրություն հրավիրելով Մեքսիկայից ժամանող ապօրինի միգրանտների վրա։ Թարմփի պաշտոնավարումից ի վեր՝ հունվարի 20–ից, Մեքսիկան ընդունել է ԱՄՆ-ից արտաքսված 10 հազարից ավելի միգրանտի: