ԱՄՆ հետ հարաբերությունների վերականգնումը հնարավոր է՝ ստորագրելով հանածոների մասին համաձայնագիրը․ Զելենսկի | Region

ԱՄՆ հետ հարաբերությունների վերականգնումը հնարավոր է՝ ստորագրելով հանածոների մասին համաձայնագիրը․ Զելենսկի

Մարտ 04,2025 23:07

Եվրոպական երկրների առաջնորդները կիրակի Լոնդոնում քննարկել են ուկրաինական պատերազմը։ Օրեր առաջ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած աղմկահարույց հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը ջերմ ընդունելության է արժանացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ հետ ստորագրել ուկրաինական հազվագյուտ հանքավայրերի մասին համաձայնագիրը, ինչն, իր կարծիքով, կարող է շտկել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած եվրոպացի առաջնորդների հավաքից հետո հանդիպելով լրագրողներին՝ Զելենսկին կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն նույնպես պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, բայց հնարավոր է «որոշ բաներ վերլուծելու համար ժամանակ պահանջվի»:

Ինչպես ասացինք, Եվրոպայի առաջնորդները կիրակի Լոնդոնում էին՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:

Լոնդոնյան հավաքի առանցքային կետերից էր այն, որ եվրոպական երկրների ղեկավարները վստահեցրին Զելենսկուն, թե կշարունակեն աջակցել Կիևին, և Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ուկրաինայի նախագահին ղուցաբերված ջերմ ընդունելությունը հաջորդեց Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ Զելենսկու լարված հանդիպմանը: Ուկրաինայի նախագահը մեկնել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ հետ տորագրելու ուկրաինական հազվագյուտ հանքանյութերի մասին համաձայնագիրը։

«Կա՛մ գործարք եք կնքում, կա՛մ մենք դուրս ենք գալիս: Եթե մենք դուրս ենք գալիս, դուք կսկսեք պայքարել: Չեմ կարծում, որ լավ կլինի, բայց դուք կպայքարեք միայնակ: Ձեր ձեռքին չկան խաղաքարտեր: Բայց երբ մենք ստորագրենք այդ գործարքը, դուք շատ ավելի լավ վիճակում կլինեք: Բայց դուք ամենևին էլ շնորհակալ չեք, և դա լավ բան չէ»,- Զելենսկուն ասել էր Թրամփը։

ԱՄՆ պետքարտուղարը կիրակի կրկնեց նախագահ Թրամփի խոսքերը, թե շարունակելով պատերազմը՝ Զելենսկին ստեղծում է Երրորդ աշխարհամարտի բռնկման վտանգ, և որ ուկրաինական պատերազմին վերջ տալը հնարավոր է բանակցությունների միջոցով, ոչ թե մարտի դաշտում:

«Զրո տոկոս հավանականություն կա, որ պատերազմը կավարտվի, եթե մենք նրանց չնստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ: Եվ որքան շուտ բոլորը հասկանան, որ սա վատ պատերազմ է՝ իր բոլոր վտանգներով, որոնք կարող են վերածվել ավելի լայն հակամարտության, այնքան ավելի մեծ առաջընթաց կունենանք»,- ABC-ի եթերում ասել է Մարկո Ռուբիոն:

Այս ամենի ֆոնին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են, և բազմաթիվ են այն ուկրաինացի զինծառաողները, որոնք բազմիցս վիրավորված լնելով՝ միևնույն է, վերադառնում են մարտի դաշտ։

Ըստ նախագահ Զելենսկու՝ անցած երեք տարիներին ուկրաինական կողմի վիրավորների թիվը հազել է մոտ 380 հազարի:

Վերադառնանք Միացյալ Նահանգներ, ուր Կոնգրեսի դեմոկրատները սուր քննադատության են ենթարկում Թրամփի վարչակազմին, թե նման քայլերը տանում են դաշնակցի կորստին։

Դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուչարը ABC-ի եթերում հայտարարել է. «Ուկրաինացի զինվորները մեկ ձեռքով ու մեկ ոտքով փորձում են կանգնած մնալ, երբ հնչում է Ուկրաինայի օրհներգը: Այդ խիզախ ուկրաինացիներին կոտրելու ժամանակը չէ»:

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան, լորդ Փիթեր Մանդելսոնն ասել է. «Պետք է խաղաղության հնարավորություն տանք։ Պետք է ստեղծենք այնպիսի հանգամանքներ, որոնց պայմաններում բավականաչափ ճնշում է գործադրվում Պուտինի, Ռուսաստանի նկատմամբ՝ նրանց ստիպելու նստել բանակցային սեղանի շուրջ: Բայց եթե գործերը վատ գնան, պետք է այնտեղ լինենք՝ Ուկրաինայի կողմից»:

Աղբյուր

Նորություններ