Արցախում անգամ մեկ ռուս, կամ որեւէ այլ ազգության խաղաղապահի հայտնվելը ծայրագույն սպառնալիք է | Region

Արցախում անգամ մեկ ռուս, կամ որեւէ այլ ազգության խաղաղապահի հայտնվելը ծայրագույն սպառնալիք է

Սեպտեմբեր 28,2015 15:03

Սահմանային իրավիճակի, միջազգային կառույցների եւ ՀՀ իշխանությունների՝ դիվանագիտական հարթությունում տարվող աշխատանքների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

-Պարոն Քանանյան, սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հակառակորդն ինտենսիվորեն շարունակում է խախտել հրադադարը, ինչի հետեւանքով, ցավոք սրտի, կան զոհեր եւ վիրավորներ: Այս իրավիճակում ի՞նչ համարժեք քայլեր պետք է ձեռնարկեին ՀՀ իշխանությունները:

-Ամբողջ խնդիրն այն է, որ քանի դեռ Հայաստանի ղեկավարման ղեկը գտնվում է Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական թիմի ձեռքում, որեւէ դրական զարգացման, փոփոխության, խնդիրների կարգավորման, կամ Հայաստանի շահերից բխող գործողության մասին խոսելը պարզապես ավելորդ է, քանի որ այդ մարդը եւ իր թիմը կատարելապես հակապետական են, կատարելապես անհամապատասխան են Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին, հետեւաբար նրանց հետ որեւէ հույս կապելը, կամ որեւէ բան համոզելը ժամանակի անիմաստ կորուստ է: Միակ բանը, որ հարկավոր եւ հնարավոր է անել իրավիճակը շտկելու համար, դա ներկա վարչախմբի՝ իշխանությունից անհապաղ հեռացումն է: Դրա փոխարեն գալու է մի իշխանություն, որը գոնե նվազագույն չափով կառաջնորդվի ազգային պետական շահերով:

-ԵԱՀԿ Մինսկի խմբին էլ ներկայացվել է սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը, սակայն այս կառույցը մշտապես հավասարության նշան է դրել եւ շարունակում է դնել կողմերի միջեւ: Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ կառույցը սպառել է իրեն:

-Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ տարիներ շարունակ ինչ-որ հույսեր են փայփայում: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր բանակցային ձեւաչափ է այնքանով, որքանով որ ստեղծում է բանակցությունների իմիտացիա եւ ապահովում է համաշխարհային ուժային կենտրոնների շահերի որոշակի համաձայնեցում, ինչը թույլ չի տալիս այդ կենտրոններից որեւէ մեկին ամբողջովին իրենով անել իրավիճակի վերահսկողությունը: Մինսկի խմբի արժեքն ընդամենը այս է: Բայց Մինսկի խումբը, բնականաբար, երբեք չի հրաժարվի կողմերի միջեւ հավասարության նշան դնելուց, որքան էլ կտրուկ եւ բացահայտ լինի հրադադարի խախտումը որեւէ կողմի նախաձեռնությամբ, երբեք ի շահ մյուս կողմի չի քննադատի: Եւ առավել եւս որեւէ քայլ չեն ձեռնարկի Մինսկի խմբի հետեւում կանգնած գերտերություններն այդ իրավիճակը կանխելու համար:

-Ադրբեջանական կողմի ակտիվությունից ի՞նչ եզրահանգման կարելի է գալ, գուցե Ձեր նշած ուժային կենտրոնների եւ Ադրբեջանի միջեւ որոշակի հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, գուցե քարտ բլա՞նշ են տվել Ադրբեջանին:

-Ես չեմ կարծում, որ կարելի է խոսել Ադրբեջանին որեւէ գերտերության կողմից քարտ-բլանշ տալու մասին: Առհասարակ, բոլոր վերլուծաբանները ներկայումս Ռուսաստանի մասնակցության տարբերակն են դիտարկում: Ռուսաստանն, ինչ խոսք, զգալի չափով սադրում է՝ ուղղակի եւ անուղղակի, ավելացնելով լարվածությունը շփման գծում, օգտագործելով դա որպես միջոց Հայաստանին զիջումներ պարտադրելու եւ այդ զիջումների միջոցով թերեւս Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու:

Սակայն Մոսկվան էլ հասկանում է, որ այդպես պարզունակ չի կարող Ադրբեջանին բերել ԵՏՄ կազմ, մյուս կողմից նա Ադրբեջանին բավականին շռայլ խոստումներ է բաշխում եւ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում, դրանով իսկ շատ մեծ վնաս հասցնելով Հայաստանի պաշտպանության համակարգին: Ես հատկապես ի նկատի ունեմ պատերազմի վերսկսման դեպքում ինչ մեծ թվով զոհեր են լինելու՝ ռուսական սպառազինության վաճառքի հետեւանքով:

Բայց մյուս կողմից ես համոզված եմ, որ բացահայտ պատերազմի հայտ, կամ քարտ բլանշ Ադրբեջանը չի ստացել: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է իր սադրանքների եւ սողացող պատերազմի նշաձողը, որպես նպատակ հետապնդելով Հայաստանի վերջնական բարոյալքումն ամեն իմաստով, վերջնական կապիտուլյացիան, որին իրենք հույս ունեն հասնելու առանց լիարժեք պատերազմի դիմելու:

Ավելացնեմ նաեւ, որ Ռուսաստանն Արցախում խաղաղապահների մտցնելու ցանկությամբ նախ եւ առաջ ցանկանում է տածաշրջանում իր գերիշխանությունը վերջնականապես վերականգնել, բայց ցանկացած պարագայում Արցախում անգամ մեկ ռուս, կամ որեւէ այլ ազգության խաղաղապահի հայտնվելը դա ծայրագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար, եւ մենք պարտավոր ենք դա ամենադաժան եւ ամենահետեւողական մեթոդներով կանխել: Ես չեմ զլանա ասել, որ Աստված չանի որեւէ խաղաղապահ հայտնվի, յուրաքանչյուր հայի, եւ նաեւ իմ անձնական, ազգային եւ պետական պարտավորությունը կլինի ցանկացած խաղաղապահի ֆիզիկապես ոչնչացնելը՝ իհարկե ուժերի ներածին չափով:

-Ինչու՞ եք այդքան վտանգավոր համարում խաղաղապահի հայտնվելն այդ տարածքում:

-Որովհետեւ խաղաղապահների հայտնվելը զրոյացնում է մեր ռազմաքաղաքական վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ, անգամ եթե մտնում են փոքր խմբով, միեւնույն է, նրանք հանդիսանալու են այս կամ այն գերտերության ներկայացուցիչներ, հետեւաբար, անգամ մեկ խաղաղապահի նկատմամբ ոտնձգությունը կարող է տեսականորեն նշանակել թշնամական ակտ տվյալ գերտերության նկատմամբ, եւ ոչ ոք գերտերություններից, եւ թերեւս Ռուսաստանն առաջին հերթին, չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունն Արցախի եւ Արցախին մաս կազմող ազատագրված տարածքների նկատմամբ: Այդպիսի իրավիճակում տարածքում որեւէ խաղաղապահի հայտնվելը պարզապես բոլոր վատթարագույն սցենարների եւ զարգացումների խթան կարող է հանդիսանալ: Ուստի դա պետք է կանխվի եւ համոզված եմ, որ դա կանխվելու է :

-Խոսենք նաեւ ՀԱՊԿ դերակատարության մասին: Հրետակոծման ենթարկվեցին անկախ Հայաստանի սահմանները, սակայն հերթական անգամ բախվեցինք այդ կառույցի լռությանը: Ինչո՞վ եք պայմանավորում ՀԱՊԿ դիրքորոշումը:

-ՀԱՊԿ-ն ի սկզբանե ձեւական կառույց էր, առավել, քան ԵԱՀԿ-ն կամ որեւէ այլ կառույց: Այդ կառույցից աջակցություն ակնկալելն, անգամ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի դեմ ոտնձգությունների պարագայում նույնպես ծայրագույն միամտություն է, եւ դրա համար ես ՀԱՊԿ-ին դիմելու գաղափարը, ՀԱՊԿ-ի շրջանակներում հարց արծարծելու գաղափարը համարում եմ ծիծաղելի, անարդյունավետ եւ միամտության ծայրագույն դրսեւորում: Օր առաջ մենք բնականաբար պետք է վերականգնենք մեր ինքնիշխանությունը, պետք է միանշանակ եւ առանց որեւէ բանակցության դուրս գանք ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի պես մեռելածին, անօգուտ խմբերից կամ կազմակերպությունից, որտեղ մենք հայտնվել ենք մեր քաղաքական իշխանության անողնաշար եւ ապապետական մտածելակերպի պատճառով: Իհարկե, մենք չպետք է բացառենք որեւէ՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային կենտրոնի հետ շահավետ փոխգործակցությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր շահերը բավական սահմանափակ են եւ համաշխարհային ուժային կենտրոնները շատ ավելի լայն են եւ ընդհանրական, բայց ես գտնում եմ, որ մենք չպետք է մեր ճակատագիրը եւ մեր անվտանգությունն անվերապահորեն կապենք որեւէ ուժային կենտրոնի հետ: Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը եւ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, մենք պետք է հնարավորություն ունենանք երկկողմ համագործակցելու յուրաքանչյուր ուժի հետ, որը չի վարում հակահայկական քաղաքականություն, որը պատրաստ է փոխշահավետ չափով համադրել իր շահերը մեր ազգային պետական շահերի հետ այս տարածաշրջանում:

Չեմ բացառում նաեւ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն անորոշ ապագայում, բայց որպեսզի մենք կարողանանք եւ կամենանք առաջիկայում ունենալ իսկապես նորմալ հարաբերություններ, ապա մեկ վայրկյան առաջ պետք է վերջ դնենք այդ վասալիտետին, այդ գաղութային կառավարմանը: Բնականաբար պարտավոր ենք կամ մեղմ, կամ կտրուկ ձեւով ազգայնացնել այն գույքը, որոնք ապօրինաբար սեփականաշնորհվել կամ հանձնվել են այլ պետությունների, հատկապես Ռուսաստանին ի նկատի ունեմ, որից հետո հնարավորություն կունենանք խոսել դաշնակցային հարաբերությունների եւ առհասարակ փոխհարաբերությունների ապագայի մասին:

Հարցազրույցը՝ Ա.Վարդանյանի

Նորություններ