«Խժռել միմյանց»՝ մինչեւ կամ տնտեսության վերջնական փլուզում, կամ ապստամբություն | Region

«Խժռել միմյանց»՝ մինչեւ կամ տնտեսության վերջնական փլուզում, կամ ապստամբություն

Օգոստոս 24,2015 15:10

Վերջին շրջանում հաճախ ենք լսում այս կամ այն օլիգարխի սնանկացման կամ ֆինանսական խնդիրների առաջ կանգնելու մասին:

Հասարակության աչքի առաջ էր ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանի շուրջ կատարվող իրադարձությունները՝ հարկային ստուգումներ, տուգանք, դատական պրոցես և սնանկացում: Ի՞նչ է կատարվում համակարգի ներսում, ռեսուրսնե՞րն են սպառվել, թե՞ փորձ է արվում իշխանություն կիսել: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, Հայաստանում օլիգարխիան ի՞նչ վտանգների առաջ է կանգնել: Ի՞նչ է տեղի ունենում կուլիսներից այն կողմ:

-Իմ կարծիքով երևույթը երկու կողմ ունի: Մի կողմից այս ամենը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, որը գնալով ավելի է խորանում: Մյուս կողմից մի համակարգ է ձևավորվել, որը եղած ռեսուրսները խժռելու վրա է հիմնված, արդեն փոքր ու միջին բիզնեսից հասել են մեծ բիզնեսին: Դրանց հետևանքով, բնականաբար, սնանկացումները շատ կլինեն, և դա պայմանավորված է և՛ տնտեսական ճգնաժամով, և՛ համակարգի բնույթով: Եթե գործարարների հետ զրուցեք, և եթե նրանք անկեղծանան, ապա բազմաթիվ հետաքրքիր դեպքեր և փաստեր կպատմեն, թե դա ինչպես է տեղի ունենում: Եթե այս պրոցեսն այսպես շարունակվի, վերջում կմնան միայն Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ որպես Հայաստանում խոշոր օլիգարխներ, իսկ եթե այս գործընթացը նորից շարունակվի, ապա ընտանիքի անդամները կսկսեն միմյանց «խժռել»: Եվ այս պրոցեսն անվերջ է, մինչև ինչ-որ մի հանգուցալուծում լինի. կամ տնտեսության վերջնական փլուզում, կամ ապստամբություն: Եվ այդ վտանգը, այն մարդիկ, ովքեր այսօր ունեն իշխանություն, շատ լավ հասկանում են, սակայն մեքենան կանգնեցնել այլևս հնարավոր չէ: Եթե այդ ինքնաոչնչացման թափանիվը կանգնեցնեն, միանգամից իշխանության փլուզում տեղի կունենա: Այս իսկ պատճառով նրանք դատապարտված են շարունակել այնքան, որքան հնարավոր է:

-«Խժռում» են օլիգարխներին ինչո՞ւ, որովհետև պաշարնե՞ր չկան այլևս, թե՞ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ փորձում են իշխանություն կիսել: Ի՞նչ է տեղի ունենում:

-Իշխանություն չեն կիսում, պարզապես ռեսուրսներն են սպառվում, և արդեն միմյանցից են խլում: Մի մասով փորձում են բյուջեի ճեղքերը լրացնել, որովհետև Բաղրամյան փողոցի դեպքերը ցույց տվեցին, որ կա մի սահման, որից այն կողմ չեն կարող անցնել. խժռածի մյուս մասը գնում է այնտեղ, որտեղ միշտ գնացել է… Մի օրինակ դիտարկենք՝ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը: Այնտեղ նույնպես տնտեսական ճգնաժամ է սկսվել: Ղազախստանի ազգային արժույթը` տենգեն 20 տոկոսից ավելի արժեզրկվել է, նավթի գինը ևս գահավիժում է: Ղազախստանի նախագահի հայտարարություններին եթե հետևենք, կտեսնենք, որ խոշոր հիմնարկները, որոնք կարևոր, ազգային նշանակություն ունեն, նաև փոքր ու միջին բիզնեսը պահպանելու համար երկրում հարկային քաղաքականություն է փոխվում, որոշ հիմնարկներ նույնիսկ հարկերից են ազատվում, որոշ հատվածներում դրույթներն են իջեցնում: Այսինքն, պետությունը գործողություններ է կատարում, որպեսզի բիզնես համակարգը փրկվի: Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունենում: Որքան խորանում է ճգնաժամը, այնքան հարկային ճնշումը մեծանում է: Այսինքն, մենք տեսնում ենք երկու հակառակ քաղաքականություններ:

-Այս պահին Ձեր կարծիքով ի՞նչ կերպ են կատարվում ընտրություն՝ թիմակիցներից ո՞ւմ «խժռել» առաջինը, ի՞նչ սկզբունքով:

-Թիմակից հասկացողություն գոյություն չունի: Այսօր թիմակից են, վաղը թիմակից չեն: Առավել ևս դրան նպաստում է այն, որ քաղաքական կուսակցություններն, ըստ էության, խաղից դուրս են մնացել, կուսակցությունները, չունենալով հանրային վստահություն, իշխող խմբավորման կողմից չեն դիտարկվում որպես քաղաքական ախոյաններ, այսինքն իշխող խմբավորումն իրեն քաղաքական այլընտրանք չի տեսնում: Իսկ մյուս կուսակցությունները, ինչպես օրինակ Դաշնակցությունը, փորձում են իշխանության տանիքի տակ տեղավորվելով լուծել իրենց անձնական հարցերը, սակայն կարող է գալ մի պահ, որ անգամ իրենց փոքր և միջին ձեռնարկությունները նույնպես հարվածի տակ կհայտնվեն:

—Իսկ այս դեպքում հաշվի առնո՞ւմ են իշխանություններին մատուցած ծառայությունները:

-Այդ համակարգում այլ օրենքներ են գործում: Այդ համակարգում թիմակից, երախտապարտություն և այլ զգացմունքներ գոյություն չունեն: Ով ինչ ծառայություն մատուցել է, դիմացը փոխհատուցում է ստացել, և ոչ ոք ոչ մեկին ոչնչի համար պարտական չէ: Այնտեղ միայն չոր հաշվարկն է գործում:

-Այսինքն, Ձեր կարծիքով, վիճակն այնքան օրհասական է, որ իշխանությունները չե՞ն կարող կասեցնել այս պրոցեսը, գոնե մինչև սահմանադրական փոփոխություններն անցկացնելը:

-Ինձ թվում է տրամաբանությունը հետևյալն է: Իշխանությունը կամ իշխող խավը փորձում է սահմանադրական փոփոխություններն անցկացնել մինչև հնարավոր դեֆոլտը կամ տնտեսության ծայրահեղ վատացումը: Հակառակ դեպքում անգամ ընտրակեղծիքներ չեն կարողանա իրականացնել: Այսինքն, սահմանադրական փոփոխությունները պետք է փորձեն անցկացնել մինչև այդ տնտեսական կոլապսը, որպեսզի կարողանան հետագայում ևս պահել իշխանությունը: Եվ այստեղ խնդիրը միայն իշխանությունը պահելը չէ: Իշխանությունը կորցնելուց հետո բազմաթիվ հանցագործություններ են բացահայտվելու, և դա իրենք շատ լավ գիտեն:

-Անձնապես կփրկե՞ն իրենց, եթե երկիրը կանգնի տնտեսական կոլապսի առաջ:

-Եթե մինչև այդ իրենք անցկացնեն սահմանադրական փոփոխությունները, ապա ըստ երևույթին մտածում են, որ կկարողանան իշխանությունն այսպես թե այնպես պահել և խաղալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա և ինչ-որ օգնություններ ստանալ կամ Ռուսաստանից, կամ Արևմուտքից, կամ անգամ Իրանից: Իրենց հույսն իմ կարծիքով դա է: Այսինքն, նաև արտաքին շանտաժներ իրագործել, կամ արտաքին իրավիճակից օգտվել՝ դեֆոլտը երկարացնելու, ինչ-որ գումարներ բերելու և այլն: Իրենք այդպես են կարծում: Կկարողանա՞ն, թե՞ ոչ, դա այլ հարց է, սակայն իրենք այլ ելք չունեն: Տնտեսական վատթարացումն իմ կարծիքով անխուսափելի է: Իսկ բանը կհասնի դեֆոլտին, թե ոչ, դա արդեն կախված է արտաքին խոշոր կենտրոնների հաշվարկներից:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ