«Նոր Սահմանադրությունը ոչ թե մաֆիայի պարագլխի, այլ մաֆիայի վերարտադրությունն է ապահովում» | Region

«Նոր Սահմանադրությունը ոչ թե մաֆիայի պարագլխի, այլ մաֆիայի վերարտադրությունն է ապահովում»

Հուլիս 20,2015 15:38

«Հայաստանյան ավտորիտարիզմն անձակենտրոն չէ, այն խմբակենտրոն է: Սահմանադրության փոփոխությամբ փորձ է արվում լուծել ոչ թե կոնկրետ անձի՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը, այլ իրականացվում է վերջերս թարմացված իշխող խմբի եւ այսօր հաստատվող դե ֆակտո նոր տեսակի ավտորիտար ռեժիմի «օրինականացման» գործընթացը»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ խնդիր են լուծում սահմանադրական փոփոխությունները, երբ Ս. Սարգսյանը հայտարարում է, որ ինքը բարձր պաշտոնի հավակնություններ չունի:

Է. Վարդանյանը բացատրում է. «Բազմաթիվ ավտորիտար երկրներ կան, որոնք հիմնված են կոնկրետ անձի վրա: Այսինքն իրենք ձեւավորված են կոնկրետ անձի շուրջ, եւ կոնկրետ անձի խաղից դուրս գալը բնական պայմանով կամ արհեստական եղանակներով առաջացնում է խորը քաղաքական ճգնաժամ:

Այդպիսի երկրներում սովորաբար առկա է լինում անձի տոտալ պաշտամունք, եւ այդ երկրներում որպես կանոն որեւէ կերպ ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունք, այդ թվում իշխանական որեւէ սուբյեկտ չունի»:

Ըստ Էդգար Վարդանյանի՝ Հայաստանում այս մոդելը չի գործում, Հայաստանում գործում է ճիշտ մաֆիայի մոդելը, երբ երկիրը կառավարվում է մի փոքր խմբի կողմից:

«Հայաստանում հանրության զգալի հատվածը, բացարձակ մեծամասնությունն անվստահություն ունի երկրի նախագահի նկատմամբ, մյուս կողմից էլ Հայաստանում տարբեր իշխանություն ունեցող խմբավորումներ, անհատներ ունեն իրենց «փայ» իշխանությունը: Եվ հիմնականում կա որոշակի պայմանավորվածություն՝ ոլորտների բաշխման վերաբերյալ, եւ երկիրը կառավարվում է, կարելի է ասել, մի խումբ մարդկանց միջոցով, ոչ թե մեկ անհատի. այն բավականաչափ լայն խումբ է, ու այդ խմբի ներսում կա ոլորտների բաժանման դրույթը, եւ ամեն մեկը պատասխանատու է ինչ-որ մի բանի համար, ամեն մեկն ունի հսկայական ռեսուրսներ: Ֆորմալ առումով երկրի ղեկավարն ուղղակի կարգավորում է այդ հարաբերությունները: Նա օժտված չէ ստվերային հարաբերությունների ժամանակ բացարձակ իշխանություններով, նա ունի սահմանափակ լիազորություններ: Այս վիճակն ամբողջովին կարելի է համեմատել մաֆիայի հետ: Մաֆիայի պարագլուխն իրավունք ունի կարգավորել որոշակի հարաբերություններ, բայց մաֆիայի խորհուրդը կարող է անվստահություն հայտնել եւ փոխել մաֆիայի ղեկավարին: Ու դրանից մաֆիան չի վերանում, չի թուլանում, պարագլխին անընդհատ կարող են փոխել, եւ խնդիր մաֆիայի համար կարող է չառաջանալ: Կարող են ճգնաժամային պայմաններ լինել, երբ խնդիր է դրվում, թե ով է մաֆիայի կարգավորողը, բայց դա շատ արագ լուծվում է, որովհետեւ այստեղ կան շահեր, եւ շահերը մաֆիոզներին համախմբում է: Եվ նրանք արագ գտնում են լուծումներ սեփական իշխանությունը, շահերը պաշտպանելու համար»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե հիմա սահմանադրական փոփոխություններն ի՞նչ խնդիր են լուծում, Էդգար Վարդանյանը պատասխանեց, որ նախ պետք է որոշակի վերապահումներով մոտենալ Ս. Սարգսյանի հայտարարություններին, թե ինքը բարձր պաշտոնի չի ձգտում, եւ ապա խնդիրն այն է, որ իշխող քաղաքական խումբը կպահպանի իշխանությունը:

«Վերջին շրջանում իշխող քաղաքական խումբը թարմացվել է, շրջանակներն են նեղացվել, հիմա այդ փոքր խմբի պահանջների համար անհրաժեշտ է, որպեսզի ֆորմալ փոփոխություններ լինեն՝ օրենքների տեսքով:

Այն կետը, որն ասում է, որ ընտրությունների երկրորդ փուլ պետք է լինի, եւ երկրորդ փուլում առաջին տեղը գրաված քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է ստանում, եւ ինքն է վարչապետ նշանակում, դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ, ըստ էության, պառլամենտական միջկուսակցական մրցակցությունը չեզոքացվում է, որովհետեւ փաստացի շատ փոքր տոկոս գրավող քաղաքական ուժը, ասենք, 25 տոկոս կարող է վերցնել, ինքը դուրս գա երկրորդ փուլ եւ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ հաղթել եւ մեծամասնություն ստանալ: Սա ավելի հարմար է փոքր խմբի համար, որը չունի լայն հանրային աջակցություն, եւ այդ փոքր խումբը կարող է շատ ավելի հեշտությամբ վերարտադրվել: Չափազանց քիչ ձայն ստանալով, որը կարող են ապահովել վարչական ռեսուրսների կիրառման շնորհիվ, եւ մեծամասնության աջակցության խնդիր չի լինի, նա մեծամասնություն է դառնում: Այս դեպքում ընտրությունները կեղծելու, չեզոքացնելու խնդիրը հեշտանում է: Արդյունքում՝ բավականին հեշտ կլինի փոխել վարչապետին, եթե նա «մաֆիայի» պայմաններին սկսում է չհամապատասխանել»:

Վերլուծաբանի խոսքերով՝ հիմա եթե նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հակադրվի իշխող խմբի ներսում գերիշխող տրամադրություններին, խումբը չունի փաստացի գործող լծակներ, որպեսզի անվստահություն հայտնի:

Ըստ նրա` հաշվի է առնվում նաեւ այն հանգամանքը, որ վերջին շրջանում էլիտայի, իշխող խմբի ներսում կոնֆլիկտները շատ են, եւ դրանք բերում էին որոշակի լարումների. «Միգուցե հենց սա հաշվի առնելով՝ իշխող խումբը գնում է այս ճանապարհով՝ ավելի վերահսկելի պահելու ճանապարհով, եւ ուրեմն թույլ չտա, որ հանկարծ այդ լուրջ լծակներ ունեցող որեւէ առանձին անհատ կարողանա ինքն իր կամքը թելադրել, ձեւավորել իր խումբը: Քանի որ հիմա իշխող խմբի մեջ ձեւավորվում են ավելի փոքր խմբեր: Ասենք, ձեւավորված այդ փոքր խումբը երբեմն ինքն է դառնում թելադրող, շատ առումներով գնում է խմբի մեծամասնության շահերի դեմ»:

Քաղաքական վերլուծաբանը հավելում է, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, դա չի նշանակում, որ «մաֆիան» չի կարող վերարտադրվել: Եվ իշխանությունները չեն էլ թաքցնում եւ բաց տեքստով հայտարարում են այդ մասին, պարզապես սահմանադրական փոփոխություններն անցնելու դեպքում պրոցեսն ավելի հեշտանում է, եւ իշխող խումբն է ավելի փոքրանում:

«Սա է խնդիրը, եւ հաստատված ռեժիմը կարողանում է տարբեր միջոցներով պարտադրել իր կամքը: Այստեղ այլ հարց է, թե ինչո՞ւ է հաջողվում: Հաջողվում է այն պատճառով, որ հանրությունը վերջին հաշվով հանդուրժում է դա: Այսինքն ինչքան էլ դժգոհ է հանրությունը, անվստահություն է հայտնում, բայց արդյունքում հանդուրժում է: Ռեժիմն ունի բնականաբար ճնշման ռեսուրսներ եւ կարողանում է դրանք գործի դնելով վերարտադրվել:

Խնդիրն այն է, թե ինչպես հանրությունը պետք է դիմադրի: Եթե կարողանում է դիմադրել, յուրաքանչյուր դեպքում էլ կարող է խափանել իշխանությունների վերարտադրությունը: Հակառակ դեպքում ռեժիմը վերարտադրվում է՝ մի քիչ հեշտ կամ մի քիչ դժվար ճանապարհով»,- ասաց Վարդանյանը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Նորություններ