Բիբինին փոխանցեցի՞ն, որ «ինչքան պետք է՝ էդքան խփեն» | Region

Բիբինին փոխանցեցի՞ն, որ «ինչքան պետք է՝ էդքան խփեն»

Հունիս 03,2015 15:46

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեկ դռնփակ հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեւեց շուրջ երեք ժամ, որի ավարտից հետո Բիբինն արագ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցադրումներ են ներկայացրել ԱԺ պատգամավորները Բիբինին, թե վերջինս ինչ կերպ է հիմնավորել ՀԷՑ-ի ներկայացրած հայցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Սակայն հանդիպումը կարեւոր է համարում:

«Երեկվա հանդիպումը պետք էր, որպեսզի մենք ավելի մանրամասն հասկանայինք խնդիրները, որոնք հանդիսանում են հայտ ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ, ցանկացած թանկացում ենթադրում է շղթայական թանկացում, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, թե ինչքանով է իրատեսական թանկացումը եւ արդյոք ռեալ է, եւ ինչ կբերի թանկացումը՝ համակարգ կփրկի, թե, ասենք, ավելի բարդ հետեւանքների կհանգեցնի: Սրանք պետք է վերլուծել»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Հանրապետական պատգամավորն, անդրադառնալով մամուլի անդրադարձին՝ Բիբինի հետ պատգամավորների հանդիպմանը, նշեց, որ ռուսաստանցի պաշտոնյան, այսպես ասած, «ուլտիմատումի» լեզվով չի խոսել իրենց հետ եւ ոչ էլ ժամանակ է տվել հարցը լուծելու համար:

«Նման բան չկա… Բիբինը չէ, որ պետք է որոշի այդ ամենը: Բիբինն ընդամենը հիմնարկի ղեկավար է, որն իր հիմնարկության շահերը պաշտպանելու խնդիր է լուծում: Մնացածն իր գործը չէ, եւ ինքը նման ձեւով չի էլ կարող արտահայտվել, առավել եւս Ազգային ժողովում: Այնպես որ, ընդամենը քննարկել ենք, խոսել ենք, փորձել ենք հասկանալ՝ համակարգում ինչ խնդիրներ կան եւ արդյոք թանկացումն է, որ այդ խնդիրների լուծումը պետք է տա»:

Սուքիաս Ավետիսյանն ընդգծում է, որ միանշանակ որեւէ բան այսօր հնարավոր չէ ասել, որ էլեկտրաէներգիան կթանկանա. «Հարցը քննարկման առարկա է, եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ միանշանակ թանկացում կլինի, ինչքան կլինի… քննարկումների փուլում է գտնվում»:

Հարցին, թե կարողացե՞լ է Բիբինը հիմնավորել, թե ինչու է թանկացման հայտ ներկայացվել, պատգամավորն ասում է. «Հիմնավորվածության տոկոսը ներկայացված հայտի մեջ էդ չափի չէ, ինչքանով որ իրենք ներկայացրել են»:

ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը հորդորում է իրենցից կարծիք հարցնել միայն այն ժամանակ, երբ մասնագիտացված հանձնաժողովը որոշում կկայացնի: Նա չի մասնակցել Բիբինի հետ հանդիպմանը, գործընկերներից էլ չի հետաքրքրվել, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման շրջանակներում: Ասում է՝ ժամավաճառություն է խոսել «եթե»-ներով: Անդրադառնալով հասարակության ընդվզմանը, բողոքի գործողություններին՝ ՀՀԿ անդամը նշեց. «Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը զարգանում է իր օրենքներով, սակայն դա միշտ պետք է իր ուղղությունների վրա հենված լինի: Մասնագիտացված հանձնաժողովը չի կարող ուղղորդվել հասարակական կարծիքով: Ինքը պետք է ուղղորդվի իրողություններով՝ կան չարաշահումներ, չկան չարաշահումներ, օբյեկտիվ է հայտը, օբյեկտիվ չէ: Այդ հարցերը կարգավորվում են մասնագիտացված հանձնաժողովի կողմից: Իշխանությունները ի՞նչ կարող են անել… ո՞նց եք պատկերացնում: Հանձնաժողովը պետք է իր որոշումը կայացնի անկախ որեւէ ճնշումից, անաչառ, խիստ ընդգծված մասնագիտական»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների տեսակետին, մասնավորապես այն «հանգստացնող» պնդումներին, թե էլեկտրաէներգիան չի թանկանա այն մասով, որքան ներկայացրել է ՀԷՑ-ը, հիշեցրեց, որ նման մոտեցում տարբեր ժամանակներում ցուցաբերել են իշխանությունները:

«Ես կարծում եմ, որ դա լավ հռետորաբանություն չէ: Թանկացումը, ինչի շուրջ սովորաբար սկսվում են երկար-բարակ խոսակցություններ եւ դրանցով ընդհանուր մթնոլորտը շիկացնում են, հետո զիջումների մասին են խոսում, թանկացնում, իջեցնում, հետո նորից թանկացնում եւ այդ ընթացքում ինչ-որ բացատրություններ են տալիս: Այդ բացատրությունները նախ իրավիճակ չեն փոխում, այսինքն մարդկանց ոչ եկամուտներն են դրանից ավելանում, ոչ աշխատավարձերը, ոչ թոշակները… Ուղեղներին զոռ տալու խնդիր չկա, ֆրազ է, ասում են, իսկ թե ինչ կլինի բնակչության հետ, դա արդեն բոլորովին երկրորդ խնդիրն է, որին պատասխան չի տրվում սովորաբար»:

Հրանուշ Խառատյանը հիշում է գազի թանկացմանը նախորդած պրոցեսները, երբ շուրջ մեկ տարի շարունակ քննարկվում էր՝ պա՞րտք ենք, թե՞ պարտք չենք, ինչո՞ւ ենք պարտք կուտակել եւ այլն:

«Նույն տրամաբանությունը հիմա է: Որտե՞ղ է հաշվարկը արվել, ինչո՞ւ ՀԷՑ-ը հանկարծ սկսեց վնասով աշխատել: Բոլոր տեսակի փորձագիտական վերլուծությունները հակառակն են ապացուցում, որ ՀԷՑ-ն ահռելի եկամուտներ պիտի ունենա, եթե ինքը ստվերային չի աշխատում… Ընդհանուր առմամբ, սպառողական ապրանքների գներն անընդհատ են բարձրանում, եւ դրա վերաբերյալ չկա որեւէ լուրջ բացատրություն: Ինչքան ուզում, այնքան բարձրացնում են: Մեր նախագահն էր ասում՝ ինչքան ուզեմ, էնքան խփեմ: Հիմա ինչքան պետք է, էդքան խփում են…»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ